կարևոր
3178 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-21 14:23
Հասարակություն

ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է «Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը կասեցնելու որոշումը

ՌԴ դեսպանատունը մեկնաբանել է «Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը կասեցնելու որոշումը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումը կազդի հայ ունկնդրի՝ իր ընտրությամբ աղբյուրից տեղեկատվություն ստանալու անվերապահ իրավունքի վրա։ Այս հայտարարությունը տարածել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ մեկնաբանելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի` «Sputnik Արմենիա» ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով դադարեցնելու որոշումը։

«Այս քայլը չի կարող չթվալ որպես զիջում հօգուտ նրանց, ովքեր ավելի ու ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը ևս մի հանգամանքի վրա է ուշադրություն հրավիրել․ Հայաստանում ռուսական լրատվամիջոցի մասնաճյուղի հեռարձակումը կասեցնելու որոշումն ընդունվել է ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցությունների նախարարության և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գծով կառուցողական խորհրդակցություններից (կայացել են դեկտեմբերի 14-ին) ընդամենը մեկ շաբաթ անց։ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունից հայտնում են, որ անցկացված խորհրդակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել էին սերտ փոխգործակցել և լուծել ծագող բոլոր վիճելի հարցերը։

Հիշեցնենք` ՀՌՀ-ի երեկվա նիստում որոշվել է 30 օրով կասեցնել Sputnik Արմենիա ռադիոկայանի հեռարձակումը, վերահեռարձակող «Տոսպա» ռադիոընկերությունը մեկ ամսով զրկվել է լիցենզիայից։ Վարչական 2 վարույթ է հարուցվել ընկերության նկատմամբ և տուգանք նշանակել 500 հազար դրամի չափով։ Վարույթներից մեկը վերաբերում է «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման նոյեմբերի 17-ի եթերին, որի ընթացքում, ըստ հանձնաժողովի, հաղորդավարը բռնության կոչեր է հնչեցրել։ Մյուս վարույթը վերաբերում է «Աբովյան Time» հաղորդմանը։