Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմաբան Մուրադ Ուչաները թուրքական Bianet լրատվակայքին տված հարցազրույցում անդրադարձել է Այնթափի հայ կաթոլիկ եկեղեցու պատմությանը։ Akunq.net-ի փոխանցմամբ, ըստ Մուրադ Ուչաների, սույն եկեղեցու հիմքերը դրվել են 1882 թ․, 5 ֆրանցիսկյան միսիոներների կողմից, որոնցից 3-ը տղամարդ են եղել, իսկ 2-ը՝ կին։
Եկեղեցին ներկայում օգտագործվում է որպես Հնագիտության և մշակութային ժառանգության ինստիտուտ։ Մուրադ Ուչաները թեմայի վերաբերյալ մասնավորապես նշել է․
«1884 թ․ Այնթափ այցելած Հալեպի նահանգապետ Ջեմալ փաշայից թույլտվություն էին խնդրել, որպեսզի դպրոց կառուցեն հենց այն տարածքում, որտեղ այժմ գտնվում է հիշյալ եկեղեցին։ Թեև Ջեմալ փաշան թույլտվություն տվել էր, այնուամենայնիվ դպրոց կամ եկեղեցի կառուցելու համար հարկ էր թույլտվություն ստանալ նաև Ստամբուլից, այսինքն՝ սուլթանական պալատից։ Այդ թույլտվությունը ստանալու համար նրանք ստիպված են եղել բավականին շատ ջանքեր գործադրել։ Երբ վերջապես 1886 թ․ թույլտվությունը ստացվել է, նախ կառուցվել է որպես դպրոց և վանք օգտագործվելիք շինությունը, ապա՝ եկեղեցու շենքը։ Վերջինիս կառուցումն ավարտին է հասցվել 1903 թ․, եւ եկեղեցին բացվել է հավատացյալների առաջ»։
Անդրադառնալով Ցեղասպանության շրջանին՝ Մուրադ Ուչաները հայտնել է․ «Առաջին աշխարհամարտի մեկնարկից մեկ տարի անց, երբ հայկական համայնքն աքսորվել է, սույն շինություններն անտեր են մնացել, սակայն պատերազմի ավարտից հետո, երբ համայնքի ողջ մնացած անդամները վերադարձել են Այնթափ, եկեղեցին վերսկսել է իր գործունեությունը և գործել մինչև 1920 թ․ ապրիլի 1-ը, երբ սկսվել է այսպես կոչված Այնթափի պատերազմը, իսկ դրանից հետո այն այլևս դադարել է իր հիմնական գործառույթը կատարել, քանի որ գտնվել է անընդմեջ բախումների գոտում»։
Ինչ վերաբերում է հանրապետական շրջանին, պատմաբանը ասել է, որ պատերազմի ավարտից հետո վանքի և եկեղեցու կառույցներն սկսել են օգտագործվել որպես Ժողովրդահանրապետական (քեմալիստական) կուսակցության նահանգային կազմակերպության շենքեր։
Մուրադ Ուչաները հայտնել է նաև, որ 1950-ական թվականներից սկսած՝ եկեղեցին օգտագործվել է որպես տպարան, ապա՝ դպրոց, իսկ 1971 թվականից այն մանկատուն է ծառայել տղա երեխաներին։ Ի վերջո, 1980 թ․ հետո այն որոշ ժամանակ օգտագործվել է որպես Զբոսաշրջության մասնագիտացված վարժարանի մշակութային կենտրոն, իսկ այնուհետև վերանորոգվելով՝ վերածվել Հնագիտության և մշակութային ժառանգության ինստիտուտի։
Մուրադ Ուչաները հավելել է, որ Թուրքիայի Հանրապետության առաջին տարիներին իրականացված վերանորոգման ժամանակ սույն հայ կաթոլիկ եկեղեցու զանգակատունը քանդվել է, և այդպիսով, շինությունը կորցրել է պաշտամունքի կառույցի իր տեսքը։ Սակայն, քանի որ այն հետագայում վերականգնվել է՝ ըստ ԵՄ չափանիշների, փորձել են հնարավորինս պահպանել եկեղեցու ինտերիերը։ Եկեղեցին բարեբախտաբար չի տուժել այս տարվա փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից։
https://bianet.org/haber/140-yillik-tarihi-yapi-kendirli-kilisesi-289336
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net