կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-18 10:30
Տարածաշրջան

Թուրք ոստիկանությունը թալանել է Տիգրանակերտի հայ կաթոլիկ եկեղեցին

Թուրք ոստիկանությունը թալանել է Տիգրանակերտի հայ կաթոլիկ եկեղեցին

Թուրք ոստիկանությունը թալանել է Արևմտյան Հայաստանի Տիգրանակերտի Սուր շրջանում գտնվող հայ կաթոլիկ եկեղեցին:

Վկայակոչելով «Դիջլե» լրատվական գործակալությունը՝ «Ակունքը» տեղեկացնում է, որ եկեղեցին սույն տարածքում հայտարարված պարետային ժամի ընթացքում դարձել է թուրք ոստիկանների հարձակման թիրախ:

Աղբյուրի համաձայն` Հասըրլը թաղամասում գտնվող հազարամյա եկեղեցին մեծապես տուժել է: Ոստիկանները, սակայն, չեն բավարարվել միայն եկեղեցու վրա հարձակմամբ, նրանք գողացել են այդտեղ գտնվող որոշ պատմական իրեր:

Միջագետքի հայերի միության նախագահ Արաթ Քարագյոզյանը գործակալությանը հայտնել է, որ հայերը պատրաստվում են դատական գործ հարուցել այս փաստի կապակցությամբ: Նա նշել է, թե եկեղեցին կրել է մոտ 300 հազար թուրքական լիրա գումարի չափով վնաս:

Քարագյոզյանը նաև ասել է. «Ոստիկանությունը եկեղեցի է մտել` կոտրելով այստեղի պատմական դռները: Ակնհայտ է, որ մեծ հարձակում է գործվել եկեղեցու վրա: Գողացվել են հախճապակու վրա արված մեր 6 պատմական նկարները, ինչպես նաև մեր պահեստում գտնվող` փորագրված պատմական քարերը»:

Հիշեցնենք, որ մինչ այդ էլ Սուրի շրջանում ոստիկանների և ՔԲԿ-ի անդամների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել էր նաև Սուրբ Կիրակոս եկեղեցին: