Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապին Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ՝ նշելով, թե մեր քրիստոնյա քաղաքացիները նշանակալի դեր են խաղում մեր հայրենիքի հասարակական, քաղաքական, և մշակութային կյանքում, ինչպես նաև ասել, թե Ադրբեջանը, իբր, ակտիվ դեր է խաղում համաշխարհային մշակութային ժառանգության մարգարիտ համարվող քրիստոնեական հուշարձանների պահպանման գործում։
Ինչու՞ է Բաքուն ամեն առիթ օգտագործում, որպեսզի քողածածկի իրականությունը, կամ, միթե՞ Արևմուտքում չգիտեն, որ Բաքուն պետական մակարդակով զբաղվում է Արցախի հայկական կրոնական և մշակութային հուշարձանների ոչնչացմամբ ու վանդալիզմով, հայապատկան եկեղեցիների պատմության խեղաթյուրմամբ և այլն։
Ալիևի այս ծուռ հայելիների թագավորության մասին Yerkir.am-ի հետ զրույցում իր տեսակետն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները իրականության հետ որևէ աղերս չունեն, նրանք լավ գիտեն իրենց կատարած վանդալիզմը և մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, որը վարվում է Արցախում։ Բոլոր ավանդական եկեղեցիները շատ լավ գիտեն Բաքվի կատարած հանցագործությունները, և, ի վերջո, մի օր գալու է հատուցման և պատասխան տալու ժամանակը։ Շնորհավորելով Հռոմի Ֆրանցիսկոս պապին և իր նամակում այդպիսի բաներ գրելով՝ համաշխարհային քրիստոնեական ավանդական եկեղեցիներից մեկի առաջնորդին, դա չի նշանակում, որ այդ եկեղեցին, կամ մնացած այլ եկեղեցիները չգիտեն այն վայրագությունների մասին, որ այսօր կատարվում է Արցախում՝ հայակական մշակութային ժառանգության նկատմամբ, որը համաշխարհային քրիստոնեության մի անքակտելի մասնիկն է»,- փաստեց բանախոսը:
Ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի՝ չես կարող տարբեր տեղեր այլ քաղաքականություն վարել և քեզ ներկայացնել իբրև համաշխարհային քրիստոնեական ժառանգության «պահապան» երկրներից մեկը։
«Այսօր այն քրիստոնեական համայնքերը, որոնք գտնվում են Ադրբեջանի տարածքում, շատ լավ գիտենք, թե ինչ վիճակում են գտնվում և ինչպիսի սպառնալիքի տակ են, նույնիսկ գիտենք, թե ինչ վատ ձևով են վերաբերվում իրանամետ տրամադրություններ ունեցող շիա քարոզիչների և հոգևորականության նկատմամբ։ Ադրբեջանի նախագահը խոսում է կրոնական հանդուրժողականությունից, բայց Ադրբեջանում թե՛ քրիստոնյա, թե՛ այլախոհ մահմեդական բնակչության նկատմամբ ինչպես են վարվում. բազմաթիվ փաստեր կան: Այնպես որ, եթե մարդը խոսում է մշակութային ժառանգությունից կամ կրոնական հանդուրժողականությունից, գոնե դրա 10%-ը պետք է իրականությանը մոտ լինի»,- նշեց մեր զրուցակիցը։
Ըստ Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետի՝ կաթոլիկ եկեղեցին և մնացած այլ ավանդական եկեղեցիները բազմաթիվ փաստերի, ինչպես նաև այս կամ այն եկեղեցու պղծման և ոչնչացման մասին ամեն օր սփռվող տեղեկությունների հենքի վրա հետևություն պետք է անեն։
«Ադրբեջանի նախագահը ինչքան ուզում է այդպիսի շնորհակալական նամակներ գրի և դրանցում գովաբանի իր վարած քաղաքականությունը, իրականությունը լրիվ այլ է, և կարծում եմ, որ աշխարհը այդ իրականության մասին տեղյակ է, չնայած՝ այսօր մենք դժգոհ ենք, որ որևէ փորձեր չեն կատարվում այդ իրականության հետ առերեսվելու և Ադրբեջանի վայրագությունները կանխելու ուղղությամբ»,-եզրափակեց Լեռնիկ Հովհաննիսյանը։