կարևոր
4558 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-15 09:38
Քաղաքական

Ի՞նչ հիմքով են ազատ արձակվել ադրբեջանցի ահաբեկիչները․ «Հրապարակ»

Ի՞նչ հիմքով են ազատ արձակվել ադրբեջանցի ահաբեկիչները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. 

Հայաստան վերադարձած 32 ռազմագերիների դիմաց հայկական կողմն Ադրբեջանին հանձնեց 2 ահաբեկչի՝ Հուսեյն Ախունդովին եւ Ակշին Բաբիրովին, որոնք դատապարտվել էին ԶՊՄԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու համար: Սա ներկայացվեց որպես երկու երկրների կառավարությունների բարի կամքի դրսեւորում, սակայն մինչ այժմ չեն հայտնել, թե կոնկրետ ինչ իրավական ակտով են ՀՀ դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Ախունդովին ու 11 տարի ազատազրկման դատապարտված Բաբիրովին բանտից հանել ու հանձնել Ադրբեջանին։

Այս առումով իրավական 3 ճանապարհ կա, մեկը միջազգային կոնվենցիայով է կարգավորվում, ըստ որի՝ ցմահ դատապարտվածին, ով այլ երկրի քաղաքացի է, հանձնում են տվյալ երկրին, որտեղ նա պետք է շարունակի իր պատիժը կրել։ Բնականաբար, դժվար է հավատալ, որ ՀՀ կառավարությունը նման պայմանով է հանձնել այդ ադրբեջանցիներին։ Մյուս ճանապարհն այն է, որ դատարանի որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում։

Երրորդը՝ վարչապետի առաջարկությամբ նախագահը ներում է շնորհում: Սա, թերեւս, ամենահավանական տարբերակն է, քանի որ նման կարճ ժամկետում դժվար դատական նիստ լիներ, եւ դրա մասին ոչ ոք չիմանար։ Արդարադատության նախարարությունից փորձեցինք ճշտել, թե իրենց ենթակա քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող ադրբեջանցիներն ինչ իրավական ակտով ազատվեցին եւ ուղարկվեցին Ադրբեջան` նրանց ներո՞ւմ է շնորհվել: Մեր հարցին չորով պատասխանեցին․ «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությանն ավելացնելու բան չունենք»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում