կարևոր
12781 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-12 16:50
Իրավական

ՀՀ ՆԳՆ Էրեբունու բաժնի նախկին պետը քաղաքացուց առերևույթ յուրացրել է առգրավված գումարը

ՀՀ ՆԳՆ Էրեբունու բաժնի նախկին պետը քաղաքացուց առերևույթ յուրացրել է առգրավված գումարը

Yerkir.am-ի տեղեկություններով` ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի նախկին պետ Սարգիս Մելքոնյանը խուզարկության ժամանակ քաղաքացուց առերևույթ յուրացրել է առգրավված մոտ 4 հազար դոլարը, ծախսել ու դրանք փոխարինել կեղծ թղթադրամներով։

Ոստիկանության մեր աղբյուրի փոխանցմամբ՝ երբ հայտնի է դարձել դեպքը, նոյեմբերի 10-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով Սարգիս Մելքոնյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի պետի պաշտոնից և ուղարկվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության կադրերի տրամադրության տակ:

ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության մեքենայում հայտնաբերվել է 3350 դոլար և 700 դոլարին համարժեք դրամ: Ոստիկանությունը գումարը վերցրել է, որից հետո օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ վերցված գումարն անհետացել է: 
Դեպքի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն, հետո կասեցվել և ուղարկվել է ՀՀ Դատախազություն: Այնուհետև Սարգիս Մելքոնյանը պաշտոնից ազատվել է իր զեկուցագրի հիման վրա։

Ենթադրյալ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 256 հոդվածի 2րդ մասի երկրորդ և երրորդ կետերով՝ յուրացման հատկանիշներով։ Կատարվում է նախաքննութուն։ Նյութերը Հակակոռուպցիոն կոմիտեին փոխանցել են Ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից․ այս մասին, ի պատասխան մեր հարցման հայտնեցին ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից, նշելով՝ գործի ընթացքի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։

Անի Նահապետյան