կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-28 12:32
Իրավական

Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցը կեղծ պարտավորագիր է կազմել

Ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցը կեղծ պարտավորագիր է կազմել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակից Գրիգոր Անտոնյանը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, կատարել է պաշտոնեական կեղծիք:

Մասնավորապես՝ զինակոչիկ Ստյոպա Սարգսյանին ՀՀ ՊՆ Էրեբունու զինվորական կոմիսարիատ ներկայանալուն պարտավորեցնելու վերաբերյալ գրության կատարումը հանձնարարվել է ոստիկանության աշխատակից Գրիգոր Անտոնյանին: Վերջինս հայտնաբերման նպատակով Ստյոպա Սարգսյանի հաշվառման հասցե չի այցելել, նրա գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ միջոցներ չի ձեռնարկել:

Ոստիկանության աշխատակիցն իր ծառայողական պարտականությունները չկատարելու փաստը թաքցնելու և վերադասների կողմից դիտողության չարժանանալու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, միասնական դիտավորությամբ ուղղորդված Ս. Սարգսյանի անունից կազմել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ պարտավորագիր այն մասին, թե, իբր, նա պարտավորվել է ներկայանալ զինվորական կոմիսարիատ:

Այնուհետև Գրիգոր Անտոնյանը, շարունակելով իրականացնել իր միասնական դիտավորությունը, թաքցնելով պարտավորագրի կեղծ լինելու հանգամանքը, միջնորդավորված կարգով, օգտագործելով հանցանքին անզգուշաբար մասնակցող անձանց, պարտավորագիրը կեղծ գրությամբ հանձնել է զինվորական կոմիսարիատ:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության աշխատակից Գրիգոր Անտոնյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: