Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց քաղաքացու կողմից կաշառք տալու, փաստաբանի կողմից կաշառքի միջնորդության և քննիչի կողմից կաշառք ստանալու գործով հերթական դատական նիստը:
Այս գործով մեղադրական եզրակացության համաձայն՝ Բաբկեն Գասպարյանը ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործով որդու՝ Սոս Գասպարյանի օգտին իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու դիմաց նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանին և բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանին, ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ և միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք: Բաբկեն Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Գայանե Գալոյանն ու Միքայել Զադոյանը կալանքի տակ են:
Այսօրվա նիստում փաստաբան Գայանե Գալոյանն ու քննիչ Միքայել Զադոյանը հայտարարեցին, որ առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում:
Ըստ Գայանե Գալոյանի` ինքը որևէ մեկին որևէ բանի չի դրդել, չի օժանդակել: Մինչ այդ նա դատարանին միջնորդեց անթույլատրելի ճանաչել իր աշխատասենյակում իրականացված օպերատիվ-հետախուզական գործողությամբ իր և իր վստահորդի հոր՝ Բաբկեն Գասպարյանի միջև կայացած խոսակցության տեսաձայնագրությունը: Գալոյանի խոսքով՝ ինքը և Բաբկեն Գասպարյանն այդ օրը զրուցել են Գասպարյանի կալանավորված որդու վերաբերյալ քննված քրեական գործի մասին, և տեսաձայնագրությունը տալուն կամ կաշառք տալուն օժանդակելու վերաբերյալ փաստեր չեն պարունակում: Ըստ Գալոյանի՝ նախաքննական մարմինն իր նկատմամբ կայացրած մեղադրանքը կառուցել է այդ ապացույցի հիման վրա: Անազատության մեջ գտնվող փաստաբանի խոսքով՝ այդ կերպ խախտվել են գործի արդար դատաքննության, անմեղության կանխավարկածը, ապացույցների գնահատման պահանջները: Նա նշեց, որ քրեական գործով մեղադրանքի հիմքում չէին կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել անօրինական գործողություններով: Գայանե Գալոյանի խոսքով՝ նախքննական մարմնի կողմից անտեսվել է այն կարևոր հանգամանքը, որ ինքը Գասպարյանի հետ ունեցել է փաստաբանական ծառայություններ մատուցելու պայմանագիր, Բաբկեն Գասպարյանն իրավունք է ունեցել հաղորդակցվելու իր հետ` իմանալու որդու վերաբերյալ քննվող գործի ընթացքի մասին: Փաստաբանի պնդմամբ՝ ինքը հնարավոր է Բաբկեն Գասպարյանին փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկություններ է տրամադրել, իսկ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված նյութերը չեն կարող համարվել ապացույց և դրվել իրեն առաջադրված մեղադրանքի հիմքում, քանի որ այդ կերպ խախտվել է փաստաբանական գաղտնիքի պաշտպանությունը:
Նախագահող դատավոր Մեսպորպ Մակյանը հայտնեց, որ միջնորդությանը կանդրադառնա խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս:
Այսօրվա դատական նիստում ցուցմունք տվեց Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի նախկին պետ Էդուարդ Սիրականյանը:
Նա այս գործով որպես վկա դատակոչվել էր մեղադրանքի կողմի միջնորդությամբ՝ իր նախկին ենթակաների՝ Էրեբունու քննչականի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանի և նշված քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի կատարած ենթադրյալ գործողությունների վերաբերյալ ցուցմունք տալու համար:
Քննչական կոմիտեի պաշտոնյան դատարանում մանրամասներ հայտնեց քննիչ Միքայել Զադոյանի վարույթում՝ Սոս Գասպարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով հարուցված և քննված քրեական գործի մասին: «Իմ կողմից քրեական գործի նախաքննությունը մակագրվել է իմ տեղակալին՝ Բունիաթ Եղիազարյանին, ով էլ գործը մակագրել էր քննիչ Զադեոյանին: Գործի քննության ընթացքում ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով կասկածվող անձը ձերբակալվել է, ներկայացվել է կալանքի, հետագայում դատարանի կողմից նրա նկատմամբ գրավ է կիրառվել»,- ասաց նա:
Վկան հայտնեց, որ Սոս Գասպարյանի վերաբերյալ քննվող քրեական գործն առանձնանում էր նրանով, որ գործն այլ հոդվածի՝ ՀՀ ՔՕ 116-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներ էին պարունակում (Անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ մեկ ուրիշի առողջությանը ծանր վնաս պատճառելը): Նա նշեց, որ հեռախոսակապի միջոցով այս գործով մշտապես քննարկումներ են ծավալվել վերադաս դատախազի՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազ Խաչատրյանի հետ: «Տեսնելով, որ քննարկումները ձգձգվում են, առաջարկել եմ գործը 112-րդ հոդվածի հատկանիշներով ուղարկել դատարան»,- ասաց Սիրականյանը:
Խոսելով այս գործով վերադաս դատախազին ուղղված բողոքների մասին` քննչականի նախկին պետն ասաց. «Իմ նշանակումից ի վեր, երբ ինչ-որ գործով կալանավորման որոշումը մերժվում է կամ գրավ է կիրառվում, մեր կողմից ներկայացված միջնորդությանը և դատարանի կայացրած որոշմանը կից գրություն է ուղարկվում վարչական շրջանների դատախազին՝ որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու համար»:
Դատավորի դիտարկմանը, թե Էրեբունու քննչական բաժնում այնպիսի գործ չի՞ եղել, որը չբողոքարկվի, քննչականի պետը պատասխանեց. «Իմ օրոք՝ ոչ»: Նա հայտնեց, որ Սոս Գասպարյանի վերաբերյալ քննված քրեական գործն իր աշխատասենյակում ներկայացրել է քննիչ Զադոյանը, քննարկմանը ներկա է եղել նաև Բունիաթ Եղիազարյանը: Սիրականյանի խոսքով՝ իրենց քննչական բաժնում վստահության մթնոլորտ է տիրում, և բացառված է, որ քննիչն ինքնագլուխ որոշում կայացնի:
Միքայել Զադոյանի պաշտպան Հրանտ Անանյանի հարցին` Սոս Գասպարյանին ձերբակալելու վերաբերյալ Միքայել Զադոյանն ի՞նչ դիրքորոշում ուներ, Էդուարդ Սիրականյանը պատասխանեց, որ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածը բացառապես ազատազրկում է նախատեսում, և, ելնելով հոդվածից,այդ հարցը չի էլ քննարկվում, որ 112-ով մարդը կարող է չձերբակալվել: «Եթե 112-ով կասկածյալ է լինում, պարտադիր ձերբակալվում է»,- վստահեցրեց քննչականի պետը:
Փաստաբան Հրանտ Անանյանի մյուս հարցին, թե` Ձեր կարծիքին որևէ հակակշիռ կարծիք եղե՞լ է, որ գործը վերաորակեն, նոր ուղարկեն դատարան, Սիրականյանը պատասխանեց. «Բացառված է»:
Փաստաբանի հարցին, թե քննիչը չի՞ կարող այլ կարծիք ունենալ, նա պատասխանեց. «Եթե քննիչն այլ կարծիք ունենա, կգա, կմտնի իմ աշխատասենյակ, կհայտնի, կխնդրի: Քննիչը կարող է գալ, ասել՝ ես չեմ ցանկանում այս գործը քննել, քանի որ ծանրաբեռնված եմ, ասել` խնդրում եմ այս գործի նախաքննությունը հանձնարարել այլ քննիչի»:
Էրեբունու քննչականի պետի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստի ընթացքում:
Թագուհի Մելքոնյան