կարևոր
1378 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-12 13:25
Քաղաքական

Առաջարկվում է չծառայել, հետո հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնել․ Թադևոս Ավետիսյան

Առաջարկվում է չծառայել, հետո հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնել․ այս մասին ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝  անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթին։

Նրա խոսքով՝ խնդիրը կա և պետք է լուծել, բայց առաջարկվող լուծումը հակասում է մեր երկրի սահմանադրական կարգին։ 

«Չի կարելի ասել, եթե դու փող չունես կամ պետք է դատվես, կամ հայրենիքի առաջ պարտականությունդ կատարես։ Եթե ունես փող, խնդրեմ՝ վճարիր փողն ու անցիր առաջ»,-ասաց պատգամավորը։

Հիշեցնենք, որ նախագիծը նախատեսում է  27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից: 

Մասնավորապես.

Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինվորական ծառայություն անցնել  24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել  12 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել  6  ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ,

5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ  միլիոն ՀՀ դրամ»։