կարևոր
1621 դիտում, 4 ամիս առաջ - 2023-12-12 13:10
Քաղաքական

18 տարեկանը կմտածի՝ դե օրենք կա, ծառայությունից մինչև 27 տ․ խուսափեմ, հետո գումարի դիմաց կազատվեմ․ Գեղամ Մանուկյան

Այս օրենքը բանակից փողով ազատվելու օրենքի նախագիծ չէ, այլ քրեական հետապնդման տակ գտնվող մեր հայրենակիցների հարցն է․ այս մասին ԱԺ ամբիոնից ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթին։

Նրա խոսքով՝ սա երբ դարձնոմ ենք օրենք, արձանագրում ենք, որ կարող են լինել նման հանցանքներ, մեր հայրենակիցները մինչև 27 տարեկանը դուրս կգան երկրից, հետո գումար կտան և կազատվեն ծառայությունից։ 18 տարեկանը կմտածի՝ դե օրենք կա, ծառայությունից մինչև 27 տարեկանը խուսափեմ, հետո գումարի դիմաց կազատվեմ։

Հիշեցնենք, որ նախագիծը նախատեսում է  27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից: 

Մասնավորապես.

Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինվորական ծառայություն անցնել  24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել  12 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել  6  ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ,

5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ  միլիոն ՀՀ դրամ»։