կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-01 04:00
Քաղաքական

«Ժառանգությունը» կմտածի` 2012-ին ՀՀԿ-ին խորհրդարան անցկացնի, թե ոչ

«Ժառանգությունը» կմտածի` 2012-ին ՀՀԿ-ին խորհրդարան անցկացնի, թե ոչ

 

ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռաֆիկ Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Ժառանգության»-ը մեղադրել է խորհրդարանական ընտրությունների ժամանակ լցոնումներ կատարելու մեջ:

 

«Ես էլ եմ մասնակցել ընտրություններին և գիտեմ, որ այդ նույն լցոնումների կողմնակիցներ էին բոլո՛ր կուսակցությունները։ Եվ հատկապես ընդդիմությո՛ւնը, որը ժխտում է և մեղադրում է ՀՀԿ-ին կամ մյուս կուսակցություններին։ Ես Նոր Նորքում 3 անգամ մասնակցել եմ ընտրություններին և անընդհատ ականատես եմ եղել, թե ընդդիմությունը՝ այսօրվա «Ժառանգությունը», որ այդպես մեծ-մեծ խոսում է, ինչպես էր ձգտում լցոնումներ կամ խախատումներ, կեղծիքներ անելու, փող բաժանելու հարցրերում։ ՀՀԿ-ն չէ, որ այդ լցոնումները կատարել է. նա դրա կարիքը չուներ, այսօր էլ չունի»,- ասել է նա։

 

ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Ռաֆիկ Պետրոսյանի ասածը «հերթական զավեշտ» համարեց:

 

«Փաստորեն, ասում են, որ մենք կեղծել ենք, որ համ մենք անցնենք խորհրդարան, համ իրենք: Եթե այս երկրում կեղծողը մենք ենք, ուրեմն 2012-ին կմտածենք, իրենց անցկացնե՞նք, թե՞ չանցկացնենք»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

 

Նա խորհուրդ տվեց Սերժ Սարգսյանին ավելի ուշադիր լինել հաջորդ ընտրացուցակները կազմելուց: «Այսօր իր կուսակցականներն ուղղակի զավեշտից բացի ոչինչ չեն արտաբերում, դրա ամենավերջին վառ վկայությունն այսօրվա այդ հայտարարությունն է: Երևի մի քիչ էլ որ թույլ տանք զավեշտի սահմաններն անցնեն, կհայտարարեն, թե «Մարտի 1»-ն էլ «Ժառանգությունն» է կազմակերպել, 10 մարդկանց էլ «Ժառանգությունն» է գնդակահարել, Սերժ Սարգսյանի համար նախագահական ընտրություններն էլ «Ժառանգությունն» է կեղծել: Չգիտեմ, սա պատասխանատվությունից փախո՞ւստ է, թե՞ ուղղակի հերթական զավեշտը»,- ԵՐԿԻՐ-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը: