Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում հաստատեց «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը»:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ այս որոշումը նպատակ ունի բարելավել ժողովրդագրական իրավիճակը:
Նոր ներկայացվող նախագծով առաջարկվում է ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ նոր ծնված երեխային նշանակել և վճարել դրամական աջակցություն՝ ամսական 50 000 դրամի չափով, մինչև երեխայի 6 տարեկանը լրանալու ամիսը ներառյալ: Որոշման դրույթները տարածվելու են այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ներառյալ։
Որոշման հավելվածով սահմանվում է դրամական աջակցություն նշանակելու և վճարելու կարգը, որի համաձայն աջակցությունը նշանակվելու է, եթե ծնողը, ով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, և երեխաները, այդ թվում՝ շահառու երեխան, Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով և դիմելու օրվա դրությամբ այդ ծնողը և շահառու երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում:
Նախարարի խոսքով երկվորյակ կամ ավելի թվով երեխաներ ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստը եւ կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար:
Նախատեսվել է, որ դրամական աջակցությունը վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի միջոցով։
Մասնավորապես, ակնկալվում է, որ ծրագրի իրականացմամբ կավելանա վերջին տարիներին գրանցված՝ 3 և ավելի երեխաների թվի տարեկան աճի տեմպը։
Հաշվի առնելով 3 և ավելի երեխաների թվի՝ վերջին 5 տարիների տարեկան միջին աճի տեմպը՝ մոտ 5% և ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվող հավելյալ տարեկան 3% աճը, կանխատեսվում է, որ 3 և ավելի երեխաների թիվը 2020թ. 10131-ի դիմաց կավելանա տարեկան 8.14%-ով (105%x103%) կազմելով՝ 2022թ․՝ 10956, 2023թ․՝ 11844, 2024թ․՝ 12804, 2025թ․՝ 13848 և 2025թ․՝ 14976:
Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելեց, որ այս վճարումը չի ազդում երեխայի ծննդյան միանվագ վճարման վրա: Նա հիշեցրեց, որ երրորդ երեխայի ծնվելու դեպքում նախատեսված է 1 մլն դրամի միանվագ աջակցություն: Սա նաեւ չի ազդում մինչեւ 2 տարեկան դառնալը երեխայի խնամքի նպաստի վրա: «Բայց այս նպաստն ազդում է աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա»,-ասաց վարչապետը: