կարևոր
15991 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-04 16:00
Քաղաքական Արցախ

Փաշինյանը ի՞նչ խեղկատակություն էր անում, եթե բոլոր իշխանություններն Արցախը ճանաչել էին Ադրբեջանի մաս․ Աննա Գրիգորյան

Տիկին Կարապետյանը մեզ բոլորիս համոզում է, որ 30 տարի շարունակ, բոլոր իշխանությունները հաստատակամ գնացել են ճանաչելու Արցախն Ադրբեջանի կազմում, մի շատ պարզունակ հարց է առաջանում՝ բա, այդ դեպքում ինչո՞ւ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել։ Այն դե-ֆակտո անկախություն ուներ կամ եթե դուք վստահորեն պնդում եք, որ Արցախն Ադրբեջանի կազմում է, այդ դեպքում դո՛ւք՝ անձնապես Նիկոլ Փաշինյանին հարց տալու հնարավորություն ունեցե՞լ եք, թե ինչու էր հայտարարում, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այս մասին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում, «Հայաքվե» հասարակական-քաղաքական նախաձեռնության մշակած օրինագծի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 4-ին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ 

Ընդդիմադիր պատգամավորն հավելեց՝ եթե բոլոր իշխանություններն Արցախը ճանաչել էին Ադրբեջանի մաս, ապա այդ ի՞նչ խեղկատակություն էր անում Փաշինյանը։ Գրիգորյանի խոսքով, բոլոր իշխանությունները բանակցել են, եղել են բանակցային տարբեր փաթեթներ։ «Տիկին Կարապետյա՛ն, ո՞րն է եղել ձեր բանակցային փաթեթը։ Չկա ձեր բանակցային փաստաթուղթը, որովհետեւ տապալել եք բանակցային գործընթացը»։ 

Պետք է նշենք, որ Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադմիր Վարդանյանը 2 ամսով հետաձգեց «ՀայաՔվե» նախագծի քննարկումը, որի առաջարկած օրենսդրական փոփոխությունները նախատեսում են Հայաստանի Հանրապետության անունից Լեռնային Ղարաբաղը մեկ այլ պետության մաս ճանաչելու եւ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող ցանկացած գործողության քրեականացում։