կարևոր
4210 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-12 13:28
Քաղաքական

Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախը՝ Ադրբեջանի մաս․ դիտարկում

Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախը՝ Ադրբեջանի մաս․ դիտարկում

ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ճանաչել Արցախը՝ Ադրբեջանի մաս։ 

Որևէ պետության՝ այսպես կոչված «տարածքային ամբողջականության» ճանաչումն ընդամենը ՄԱԿ-ի կանոնադրության երկրորդ հոդվածի չորրորդ մասում ամրագրված սկզբունքի վերահաստատումն է՝

«Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»:

Այս սկզբունքի ճանաչվել է ՀՀ կողմից բոլոր պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ, բայց սա կապ չունի Արցախի Հանրապետության հետ։

Հակառակը.

  • Հայաստանի Հանրապետությունը օրենսդրական մակարդակով Արցախը ճանաչել է Ադրբեջանի տարածքից դուրս։ Դա արել է ՀՀ Սահմանադրությամբ և Անկախության հռչակագրով։ Ստորադաս օրենսդրական ակտերով ինչ֊որ կարգավորումներ չեն կարող հակասել բարձրագույն իրավաբանական ուժով օժտված փաստաթղթերին։
  • Հայաստանի Հանրապետությունը միջազգային մակարդակում Արցախի հարցը դուրս է բերել տարածքային ամբողջականության ադրբեջանական ընկալումներից 1992թ-ին, երբ վավերացնում էր Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին համաձայնագիրը իր կատարծ վերապահումով (ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992 թվականի փետրվարի 18-ի որոշում) ։
  • Հայաստանի Հանրապետության պաշտոնական հայտարարությունների մակարդակում (Հանրապետության նախագահներ) բազմիցս նշվել է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որ ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետությունը որևէ տիտղոս չի ունեցել Արցախի տարածքի նկատմամբ, իսկ խորհրդային շրջանում Արցախի նկատմամբ հաստատված ադրբեջանական իշխանությունը անօրինական էր և չէր կարող ծնել իրավունք Արցախի նկատմամբ (ex- injuria jus non oritur ֊ Անօրինական գործողությունները իրավունք չեն ստեղծում։)։

Իսկ թե բանակցությունների ընթացքում ով ինչ է ասել, ինչքան է ասել, ինչու է ասել և այլն, քանի դեռ չկա դրա արդյունքը՝ միջազգային իրավունքի ուժ ունեցող փաստաթուղթ (օրինակ՝ պայմանագիր), որը պաշտոնապես կներկայացնի պետության դիրքորոշումը, ցանկացած բանակցային կարծիք, ոչինչ չասող հայտարարություն, ձևակերպում ու քննարկում որևէ կապ չի կարող ունենալ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման հետ։

Հ.Գ. Քաղաքական գործչի ինքնապաշտպանության, ինքնաարդարացման, ինքնախաբեության և այլ ինքնաբաների համար պետական ու ազգային շահը ոչնչացնելը քրեորեն հետապնդելի և անբարոյական արարք է»։