Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երբ ասում ենք, որ Արևմուտքը լուռ էր, երբ Արցախը ֆոսֆորով գրավում էին, նույնկերպ Հայաստանի գործող իշխանություններն էին լուռ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նա հստակեցրեց, որ խոսքն, իհարկե, Հայաստանի հայրենակիցների մասին չէ, որովհետև այն ժամանակ բոլորը մեկ էին մարտի դաշտում և պայքարում էին Արցախի համար, բայց ՀՀ գործող իշխանությունները, նրա համոզմամբ, եթե այն ժամանակ չարեցին որևէ բան, որ կանխեին այդ աղետը, ինչպե՞ս կարող են հիմա որևէ բան անել ի նպաստ Արցախի կամ հայի։
Արցախի «Արդարություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում սատարում է ռուս ժողովրդին եւ ասում, որ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման գործընթացը այլընտրանք չունի: Ինչո՞ւ է իրենց կուսակցությունը համարում, որ ճիշտ է հիմա հստակ կողմ բռնելը՝ հարցին, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց՝ իսկ ինչո՞ւ պիտի մտածենք, որ մեր շահերից չի բխում։
«Հակառակը, նույնիսկ այն օրերին, երբ ՌԴ նախագահը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների անկախությունը, դեռ այն ժամանակ մեզ մոտ տպավորություն էր, որ եթե անունները տեղերով փոխեինք, ապա կստացվեր Արցախ և Հայաստան, մենք կդառնայինք այն ժամանակ նախադեպ այդ երկու հանրապետությունների համար։ Բայց, ցավոք սրտի, այդպես չեղավ, որովհետև ՀՀ իշխանությունները ևս լուռ էին պատերազմի ժամանակ և մեր կոչերին չէին արձագանքում, երբ մենք ասում էինք, որ ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը՝ Հայաստանի իշխանությունները կկանգնեցնեին հումանիտար աղետը, որ տեղի էր ունենում այստեղ, ինչը և արեց Պուտինը՝ ճանաչելով այդ երկու հանրապետությունները․ ինքը, ըստ էության, կանգնեցրեց հումանիտար աղետը այդ երկու հանրապետություններում, ինչը չարեցին մեր իշխանությունները»,-ասաց Մետաքսե Հակոբյանը։
Նա նշեց, որ, բնականաբար, իրենք չէինք կարող անտարբեր մնալ, քանի որ իրենք չեն դադարում պայքարել Արցախի ինքնորոշման համար, որը մենք վաստակել ենք այս 30 տարիներին մեր զոհվածների արյան գնով։
«Մենք չենք դադարելու պայքարել և վստահ եմ, որ անպայման մի օր մենք էլ կարժանանանք Դոնեցկի և Լուգանսկի բախտին»,-ասաց պատգամավորը։
Ռուսական հատուկ ծառայությունները հայտնաբերել են փաստաթղթեր, որոնք վկայում են, որ ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ Ուկրաինայում կենսաբանական մշակումների լաբորատորիա է գործել․ հնարավո՞ր է, որ Արցախում կիրառված բիոլոգիական զենքը եւս հենց նման մի լաբորատորիայում պատրաստված լինի։
Մետաքսե Հակոբյանը սա չի բացառում։
«Որովհետև, կարծեք, Ադրբեջանի հաղթանակից ամենից ուժեղ ցնծացողը հենց Ուկրաինան էր․ առաջին շնորհավորողը Ուկրաինան էր՝ հայտարարելով, որ «Ղարաբաղը Ադրբեջան է», և իհարկե, կա նրա դերակատարությունը և հնարավոր է, որ հենց այնտեղ էլ պատրաստված էին այն զենքերը, որոնք մենք պատերազմի ժամանակ տեսանք՝ անզեն աչքով է երևում, երբ ֆոսֆորային զենք են կիրառում։ Այդ բոլոր զինատեսակները հիմնականում հնարավոր է հենց այնտեղ էլ պատրաստված լինեն, որովհետև Ուկրաինան երբևէ չի թաքցրել իր համակրանքը ադրբեջանցիների և հակակրանքը հայերի հանդեպ»,-ասաց «Արդարություն» խմբակցության պատգամավորը։
Արցախում ադրբեջանցիները կրակել են Մարտունու շրջանի Նոր Շեն գյուղի ուղղությամբ եւ Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքին հարակից դիրքերում: Նրանք նաեւ բարձրախոսներով վանկարկում են, որ հայերը հեռանան իրենց տներից։ Ուկրաինական զարգացումները կապ ունե՞ն։
Մետաքսե Հակոբյանը նկատում է, որ մինչև ուկրաինական զարգացումներն էլ դրանք կային՝ աշնանն էլ էին ակտիվ, բայց հիմա ոճն են ուղղակի փոխել՝ քաղաքականությունը նույնն է մնացել։
«Իմանալով, որ Արցախում բոլորը աղոտ մտածում են, որ՝ Աստված մի արասցե ռուս զինվորը պարտվի, որովհետև դրանից կախված է նաև Արցախի ճակատագիրը, ադրբեջանցիները հոգեբանական ճնշումներով են ուզում ցույց տալ, որ ռուս զինվորը առաջվա ուժեղը չէ՝ չի կարող պաշտպանել, նրանք նման բաների գնում են, ուղղակի Արցախում հայը շատ լավ է ճանաչում թշնամուն։ Երբ ես խոսում էի Նոր Շենի բնակիչների հետ վերջին միջադեպից հետո՝ բացարձակ չկար խուճապ, շատ արագ ինքնակազմակերպվել էին և հայտնել վարչակազմի ղեկավարին, ռուս խաղաղապահներին, և որևէ մեկը խուճապի չէր էլ մատնվել, որովհետև գիտենք ով է մեր թշնամին»,-ասաց պատգամավորը։
Իհարկե, ադրբեջանցիներն ամեն ինչից էլ, հնարավոր է, ավելի ոգևորվեն և անհասկանալի գործողությունների դիմեն, նշեց նա, որովհետև այն, ինչ արցախցին է տեսնում՝ շատ նման է վայրի, անգիտակից, բնազդներով ապրող ցեղատեսակի պահվածքի․ որևէ մարդկային բան, կարծես, չկա, այնպիսի տպավորություն է, որ իրենք ընդունում են, որ իրենք մարդկային կերպար չեն և այդ կերպարով ուզում են վախեցնել իրենց դիմացինին։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը սկզբունքային հայտարարություն արեց, որ միջազգային իրավունքի տեսակետից տարածքային ամբողջականության սկզբունքը կիրառելի է միայն այն երկրների հանդեպ, որոնք երաշխավորում են փոքրամասնության ինքնորոշման իրավունքը եւ չեն խոչընդոտում դրա իրացմանը․ արդյո՞ք Հայաստանի գործող իշխանությունները չպետք է այս հայտարարությունը պրոյեկտեն Արցախի վրա, քանի որ միանշանակ համապատասխանում է։
«Շատ վաղուց որևէ հույս չեմ կապում Հայաստանի ներկայիս իշխանությունների հետ, որովհետև նրանց ցանկացած գործողություն լավագույն դեպքում լուռ համաձայնելն է, վատագույն դեպքում՝ ի լուր աշխարհի, միջազգային հանրության հայտարարույթուն անելը ի վնաս Արցախի ու Հայաստանի։ Ես բացարձակ որևէ կերպ չեմ պատկերացնում, որ իրենք կարող են որևէ հայանպաստ կամ Արցախին նպաստող քայլ անել, որովհետև այն ժամանակ, երբ պատերազմ էր, և Արցախից մենք բազմաթիվ կոչեր ենք արել, որ հրատապ պետք է ճանաչել Արցախի անկախությունը, և երբ իրենք այցելում էին Արցախ փոքրաթիվ կազմով, ԱԺ-ից այն ժամանակ ևս խնդրում էինք նման գործընթաց անել, բայց իրենք որևէ ձայն չէին հանում»,-ասաց Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ այդ լուռ անտարբերությունը որևէ կերպ չէր տարբերվում աշխարհի անտարբերությունից։
Աննա Բալյան