կարևոր
1219 դիտում, 3 ամիս առաջ - 2023-12-01 11:09
Քաղաքական

Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»

Ալբերտ Բազեյանը կմնա կալանքի տակ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային անվտանգության ծառայությունը միջնորդություն է ներկայացրել դատարան Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանավորումը երկարաձգելու համար. դատարանը, բնականաբար, բավարարել է միջնորդությունը, եւ Բազեյանը մինչեւ 2024 թվականի հունվարի 23-ը կշարունակի մնալ կալանքի տակ: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ նա դատարանում խիստ ծանր է տարել իր կալանքի երկարաձգման փաստը եւ հայտարարել է, որ ինքը որեւէ խմբի հետ կապ չունի եւ որեւէ բան չի կազմակերպել:

Ավելին՝ Ալբերտ Բազեյանը ծանր հիվանդ է, սակայն դատավոր Մարտին Արզումանյանը հաշվի չի առել այդ հանգամանքը: Հիշեցնենք, որ, ըստ ԱԱԾ-ի, «Խաչակիրներ» ռազամահայրենասիրական ՀԿ անդամները, ինչպես նաեւ Ալբերտ Բազեյանը եւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին:

Հանցավոր խմբի անդամները ձեռք են բերել հեռահաղորդակցության սարքեր, հեռախոսային ու այլ կապը խլացնող սարքեր, հանցանքի կատարումը հեշտացնող միջոցներ եւ գործիքներ, ինչպես նաեւ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում