Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսի՝ Ռոման Տրոցենկոյի կողմից ձեռքբերման հետ կապված վեճը շարունակվում է։ Հիշեցնենք, որ բաժնետոմսերի 12.5 տոկոսի սեփականատեր «Զանգեզուր մայնինգ» ընկերությունը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ կոմբինատի, քանի որ «Զանգեզուր մայնինգը», լինելով բաժնետեր, առաջնային իրավունք է ունեցել մյուս բաժնեմասերը ձեռք բերելու հետ կապված։ «Զանգեզուր մայնինգի» 12.5 տոկոս բաժնեմասի սեփականատերը Ռուսաստանի առողջապահության նախկին նախարար Միխայիլ Զուրաբովն էր: Մոտ մեկ ամիս առաջ` հոկտեմբերին, հայտնի դարձավ, որ վերջինս իր բաժնեմասերը վաճառել է Bell Capital Switzerland ընկերությանը, որը փաստացի դարձել է «Զանգեզուր մայնինգի» սեփականատեր, եւ դատական պրոցեսը եւս «գնվել» է այս կազմակերպության կողմից։
Bell Capital Switzerland ընկերությունն իրավաբանական կազմակերպություն է, որը միջազգային արբիտրաժային գործերով մեծ փորձառություն ունի։ Հենց այս առքուվաճառքի գործարքն էլ պատճառ դարձավ, որ ՀՀ իշխանությունը քրեական գործ հարուցեց Արթուր Վանեցյանի եղբոր` Կարեն Վանեցյանի նկատմամբ, եւ կալանքի սանկցիա կիրառվեց: Բանն այն է, որ Կարեն Վանեցյանը Միխայիլ Զուրաբովի ընկերն է, եւ ՀՀ իրավապահները կարծում են, որ ԶՊՄԿ 12,5 տոկոսի իրական սեփականատերը Կ. Վանեցյանն է, այլ ոչ թե Զուրաբովը, եւ այդ քրգործն էլ հարուցվել է, որ շվեյցարական ընկերությունը հրաժարվի արբիտրաժ դիմելուց: Հիշեցնենք, որ Տրոցենկոն ԶՊՄԿ-ի իր 60 տոկոսից մոտ 21-ը նվիրել է ՀՀ կառավարությանը, եւ եթե այս ընկերությունը հաղթի դատական գործընթացում, կստացվի, որ այդ 21 տոկոսի՝ կառավարությանը փոխանցելը եղել է ապօրինի։
Մեր հարցին, թե ինչ վիճակում է դատական գործընթացը, «Զանգեզուր մայնինգի» շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանն ասաց․ «Մենք դատավարությունները դեռեւս շարունակում ենք, մեր մասով որեւէ փոփոխություն չկա, ունենք գործեր, որոնք վերջացել են, եւ որոնցով պարտվել ենք, ունենք գործեր, որոնք վճռաբեկի փուլում են, ունենք գործեր, որոնք առաջին ատյանում են։ «Զանգեզուր մայնինգն» ունի նախապատվության իրավունք, հետեւաբար ուրիշ` որեւէ 3-րդ անձի վաճառելուց առաջ պետք է «Զանգեզուր մայնինգին» առաջարկեին, իսկ «Զանգեզուր մայնինգը» ցանկանում է գնել։ «Զանգեզուր մայնինգի» նպատակն այս պրոցեսում այն է, որ այն նույն պայմաններով, ինչ պայմաններով որ վաճառվել է մյուս ընկերություններին, պետք է վաճառվի «Զանգեզուր մայնինգին»»»։