«Մի քանի օր առաջ Մոսկվայի հայկական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հավաքատեղի դարձած Ararat Park Hyatt հյուրանոցում վիճաբանություն է տեղի ունեցել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Կառլոս Պետրոսյանի եւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Սարգսյանի միջեւ: Այդ «ռազբորկային» ականատես են եղել մոսկվայաբնակ մի խումբ հայեր: Հիշեցնենք, որ 2004 թվականի վերջին ԱԱ ծառայութնա պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվելուց անմիջապես հետո Կ.Պետրոսյանն ապրում է Մոսկվայում: Նա ռուսական Транснефть նավթային ընկերությունում խորհրդականի հաստիք է զբաղեցնում: Իսկ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Ս.Սարգսյանը, ով մինչ պատգամավոր դառնալը՝ 2003-2007 թթ., Վայոց Ձորի մարզպետն է եղել, մոսկովյան Ararat Park Hyatt հյուրանոցի կառուցապատող եւ բաժնետեր, վաղամեռիկ Մուրադ Սարգսյանի եղբայրն է: (Հյուրանոցը կառուցվել է Մ. Սարգսյանին պատկանող «Լուսինե» շինարարական կոնցեռնի կողմից): Վեճն այնքան բուռն է եղել, որ նրանց ձայները տարածվել են հյուրանոցով մեկ: Վիճաբանության առարկան վերաբերել է ինչ-որ բիզնեսից (ամենայն հավանականությամբ՝ հենց այդ հյուրանոցից) Կառլոս Պետրոսյանին պատկանող բաժնեմասի դիմաց վճարվելիք գումարներին կամ դրա տրամադրման ձեւին: Պատգամավորն ասել է, որ այդ գումարները սովորաբար փոխանցվում են հաշվեհամարին, ինչին Կ.Պետրոսյանը հակադարձել է. «Փայս քյաշով պըտի տաք, ոչ թե փոխանցումներով...Արա, քո՞ւ չափ մարդ եմ տեսել իմ կյանքում....»: