Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ստիպում են մորթն անել սպանդանոցում, առանց անհրաժեշտ պայմաններ ապահովելու՝ ըստ Yerkir.am-ի կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում անասնապահները:
Կառավարության որոշմամբ՝ հունվարի 15-ից սպանդանոցային մորթի պահանջը պարտադիր կլինի սննդի շղթայի բոլոր օպերատորների համար:
«Կառավարության որոշում կա, որ անասունների մորթը պարտադիր պետք է սպանդանոցներում իրականացնել, բայց համոզված եմ հենց ինքը որոշում գրողն էլ, ընդունողն էլ չգիտեն, թե ինչ է կատարվում սպանդանոցներում՝ կռիսանոց է»-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
«Կառավարությունը իր այս որոշմամբ ստիպում է, որ այլևս անասուն չպահենք, թողնենք արտագաղթենք, թող շուկայում են վաճառեն դրսից բերված անհայտ ծագման մսեղեն»,- հավելեց մեկ այլ գյուղացի:
Նրանց համար անասունը սպանդանոց տեղափոխելը հավելյալ ծախս է ու գլխացավանք:
Բացի այդ, սպանդանոցների թիվն է քիչ․ «Օրինակ, Վայոց ձորում 1 սպանդանոց է, բայց մարզը 20 գյուղ ունի, սա խնդի՞ր է, թե՞ չէ․ իհարկե խնդիր է»։
«Անիմաստ ծախսերի փող մենք չունենք: Ի վերջո, այդ գումարը մեզանից է գնում: Փոխարենը թող բացեն փոքր սպանդանոցներ, որտեղ նաև անասնաբույժ կլինի»,- ասաց գյուղացիներից մեկը:
Թողե΄ք, որ մանր ու միջին բիզնեսը զարգանա՝ ասացին բողոքի ակցիայի մասնակիցները:
Նրանց հետ հանդիպման եկավ Սննդի անվտանգության ծառայության ղեկավար Գեորգի Ավետիսյանը. «Անասնապահների դիտարկումների մի մասը ընդունելի է ինձ համար: Մենք այսօր ժամը 14։00-ին հանդիպելու ենք սպանդանոցների սեփականատերերի և ներդրողների հետ, թող այստեղից 5-10 հոգի գան, բարձրացնեն հարցերը։ Այստեղ հարցեր են բարձրացվում, որոնք մեզ համար զարմանալի են, քանի որ սպանդանոցների տերերի հետ մենք լրիվ այլ բան ենք պայմանավորվել։ Որ ասում են՝ 20 հազար, 8 հազար, ենթամթերքի համար գումար, այդպիսի բաներ չպիտի լինեին։ Սպանդանոցների հետ պայմանավորվել ենք, որ տեղափոխումը սպանդանոցը պետք է իրականացնի»։
Հայաստանի տարածքում այս պահին գործում է 22 սպանդանոց, ևս 20-ի շինարարությունը ավարտին կհասցվի մեկ ամսվա ընթացքում՝ տեղեկացրեց Ավետիսյանը։
Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարեցին՝ եթե կառավարությունը հարցին լուծում չտա, վաղն առավորտյան կրկին մայրաքաղաք են գալու՝ շարունակելու բողոքի իրենց ակցիան: