կարևոր
3580 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-24 20:30
Քաղաքական

Եթե մենք փոքր պաշտպանական բյուջեով ավելի շատ սպառազինություն էինք ձեռք բերում, հիմա մեծ ու փոքրը ո՞րն է. Սերժ Սարգսյան

Եթե մենք փոքր պաշտպանական բյուջեով ավելի շատ սպառազինություն էինք ձեռք բերում, հիմա մեծ ու փոքրը ո՞րն է. Սերժ Սարգսյան

Հայաստանի կառավարիչը պաշտպանության բյուջեն մի տարեթվի հետ է համեմատում, մնացած ավելի փոքր կառավարիչները համեմատում են տարբեր թվերի հետ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Նախ ասեմ՝ ինչու 2017-ի հետ չեն համեմատում, այլ 2015-ի հետ, որովհետեւ 2017-ին մենք ունեցել ենք իրոք բավականաչափ մեծ բյուջե:

Մեծն ու փոքրի հարաբերական են: Պաշտպանությունը, եթե այդ կոնկրետ բյուջեով կարողանում է ավելի շատ սպառազինություն ձեռք բերել, ավելի շատ գումարներ ծախսել զինամթերքի, ամրաշինական աշխատանքների վրա, բանակի ստորաբաժանումների, զինվորների, սպաների կենցաղը բարելավելու վրա, դա կարելի է համարել մեծ բյուջե: Բայց եթե մենք այդ փոքր բյուջեով ավելի շատ սպառազինություն էինք ձեռք բերում, հիմա մեծ ու փոքրը ո՞րն է:

Ես մեկ օրինակ բերեմ, 2015-ին 122 մմ-անոց հրանոթի մեկ արկը գործարանային արտադրությամբ արժեր 600 դոլար, հիմա արժե 1800 դոլար: Հիմա մեծ ու փոքրն ինչպե՞ս իրար հետ համեմատել:

Բացի այդ, այդ տարեթվերին մենք ստանում էինք շատ մեծ չափերի ռազմատեխնիկական օժանդակություն: Այսինքն մեզ անվճար զենք-զինամթերք էին տալիս, որը Հայաստանի կառավարիչն անվանեց մետաղի ջարդոն: Այդ մետաղի ջարդոնը այսօր մեծ հաջողությամբ Ուկրաինայում աշխատում է, եւ աշխատում է արդյունավետ»,-ասաց նա:

Սերժ Սարգսյանը հավելեց, որ իրենք տասնամյակներով այդ «փոքր բյուջեներով» կուտակել էին հսկայական քանակությամբ եւ սպառազինություն եւ ռազմամթերք. «Այնքան, որ 44-օրյա պատերազմի ժամանակ միլիարդներով հանձնեցին Ադրբեջանին: Այսինքն պակասեց: Հիմա ինչքա՞ն պետք է լինի բյուջեն, որ գա հավասարվի մեր բանակի այն ժամանակվա կարիքների բավարարմանը:

Երեք տարում չկարողացան առաջնագիծ կահավորել: Եթե միայն այսօրվա բյուջեն, որ գոյություն ունի ամբողւը ծախսեն առաջնագծի կահավորման վրա, հազիվ թե բավարարվի»,-ասաց նա:

Երրորդ նախագահը հարցադրում  արեց, թե ինչու 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը չի կարողացել մեկ մետր անգամ առաջ գալ Տավուշի հատվածում. «Շատ պարզ, որովհետեւ այդ հատվածը կահավորվել էր մեր ժամանակ եւ այնտեղ պաշտպանողական մարտեր մղելը շատ ավելի հարմար է, եւ շատ ավելի արդյունավետ, քան այնտեղ, որտեղ կահավորված չեն»: