կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-24 14:43
Հասարակություն

Վարչապետն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վաճառել իր ունեցվածքի մի մասը` սպառազինություն ձեռք բերելու համար

Վարչապետն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վաճառել իր ունեցվածքի մի մասը` սպառազինություն ձեռք բերելու համար

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն  ու նախարարները, ի թիվս այլ պաշտոնյաների,  այսօր այցելել էին Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Եղեռնի զոհերի հիշատակին: Լրագրողները վարչապետին հարցեր ուղղեցին շրջանառվող լուրերի մասին, թե նա ահռելի հարստություն է կուտակել պետության հաշվին:

«Ես կարծում եմ` ձեր հարցը անտրամաբանական է, անհիմն է, նաև կոռեկտ չէ: Որևէ փաստ, որևէ դեպք չեք կարող ասել, որ վարչապետը, օգտվելով իր լիազորություններից, իր դիրքից, հարստություն է կուտակել: Եթե որևէ քաղաքացի նման հիմնավոր հարցադրում կանի, ես պատրաստ եմ պատասխանել: Ես որևէ քայլ չեմ իրականացնելու, որի համար ամաչեմ»,- ասաց Աբրահամյանը:

Հարցին` պատրա՞ստ եք վաճառել Ձեր ունեցվածքի մի մասը, առանձնատունը`սպառազինություն ձեռք բերելու համար, վարչապետը պատասխանեց. «Եթե  անհրաժեշտություն լինի, միշտ պատրաստ ենք, բայց մեր պետությունը որևէ նման ֆինանսական խնդիր չունի` սպառազինությունով զինելու մեր բանակը»:

Աբրահամյանի խոսքով`սպառազինության ձեռք բերման գործընթացը բնականոն հունով գնում է: «Մենք որևէ խնդիր չենք ունենալու, մի քանի անգամ ասել եմ և ևս մեկ անգամ ասում եմ այն մարդկանց համար, ովքեր վատ են ընկալում` մենք որևէ ֆինանսական միջոցի խնդիր չունենք`բանակը սպառազինելու, դա թող որևէ մեկի համար չդառնա քննարկման առարկա»,- եզրափակեց նա: