Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է ներկայացրել Ալեքսանդր Ազատի Սարգսյանին առնչվող քրեական գործի և դրա շրջանակներում պետական բյուջե փոխանցված գումարների վերաբերյալ:
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ Ալեքսանդր Սարգսյանն ԱԱԾ քննչական դեպարտամենտում քրեական գործի նախաքննության ընթացքում «հարկային ստուգումների արդյունքում առաջացած հարկային պարտավորությունների կատարման նպատակով մինչ օրս ՀՀ պետական բյուջե է փոխանցել 3.165.448.706 ՀՀ դրամ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19.600.000 ԱՄՆ դոլար գումար»:
«Թիվ 58213018 քրեական գործի նախաքննության ընթացքում Ալեքսանդր Ազատի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»), և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխանցել է ԱԱԾ-ն:
Ըստ նույն աղբյուրի՝ դեռևս կալանքի տակ է պահվում Ալեքսանդր Սարգսյանի բանկային հաշվեհամարին առկա 3 միլիոն 855 հազար 760 դոլարին համարժեք 1 միլիարդ 873 միլիոն 899 հազար 360 դրամ գումարը, և առաջիկայում նախատեսվում է կալանքի տակ պահվող գումարը ևս ուղղել հարկային պարտավորությունների կատարմանը: «Փոխանցումները կատարվել են բանկային եղանակով», - նշել է ԱԱԾ-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր Ալեքսանդր Սարգսյանի կողմից պետությանը 18,5 միլիոն դոլար նվիրաբերելու մասին: