Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Սամսուն քաղաքում շուրջ 50 տարի դարբնագործությամբ զբաղվող Իբրահիմ Գերմին իր պապից ժառանգություն է ստացել 150-ամյա պատմություն ունեցող երկաթե դուռ: Թուրքական Hürriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ որպես պատմամշակութային արժեք գրանցված այս դուռը պատրաստվել է հայ դարբինների կողմից, սակայն դռան վրա հեղինակի մասին որևէ գրություն չի պահպանվել:
Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ այս պատմական երկաթյա դռան վրա քանդակված է Մարիամ Աստվածածնի պատկերը: Այդ պատճառով ստեղծագործությունը գրավել է նաև տեղի կաթոլիկ եկեղեցու քահանայի ուշադրությունը: Քահանան առաջարկել է իրեն վաճառել դուռը կամ Աստվածածնի քանդակը, սակայն Գերմին ոչ մի կերպ չի համաձայնել: Դուռը ցանկացել են գնել նաև պատմական արժեքներով հետաքրքրվող մի շարք այլ անձիք, սակայն դարբինը հրաժարվել է այն վաճառել:
«Այս դուռը հայերի ժամանակներից է մնացել: Պապս է այն պահպանել: Սա պատրաստող դարբինը այնպիսի վարպետ է եղել, որ ես` որպես արհեստավոր, նախանձում եմ: Բոլոր անկյունները միլիմետրի ճշտությամբ նույնն են: Հայ վարպետը շատ լավ գործ է արել: Իսկ դռան վրա եղած փականի նմանը ողջ Թուրքիայում այլևս չկա: Այսպիսի դռները պատվիրվել են սուլթանների ու արքաների հյուրընկալված վայրերում օգտագործելու համար»,- պատմում է Գերմին:
Վարպետը նշում է, որ 250 կգ կշռող այս դռներից ընդամենը երկու օրինակ գոյություն ունի, երկուսն էլ իր մոտ են: Դրանցից յուրաքանչյուրը 2 մետր 40 սմ բարձրություն ունի: Դռների համար տարբեր գնորդներ առաջարկել են մինչև 30.000 լիրա, սակայն նա անդրդվելի է մնացել:
65-ամյա Իբրահիմ Գերմիի խոսքով՝ այս ստեղծագործությունն իր համար ամենաթանկ ընտանեկան ժառանգությունն է, և ինքը չի պատրաստվում այն վաճառել: Ավելին` դարբինը հորդորել է իր որդիներին ու թոռներին՝ նույնպես երբևէ չվաճառել այս յուրահատուկ պատմական ստեղծագործությունը: