կարևոր
2353 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-08 14:58
Հասարակություն

Ադրբեջանական մամուլը դասագրքի ընդդիմախոսներին անվանում է պսեվդոգիտնականներ, Սմբատ Հովհաննիսյանին՝ օբյեկտիվ, անաչառ պատմաբան․ Արման Մալոյան

Ադրբեջանական մամուլը դասագրքի ընդդիմախոսներին անվանում է պսեվդոգիտնականներ, Սմբատ Հովհաննիսյանին՝ օբյեկտիվ, անաչառ պատմաբան․ Արման Մալոյան

«Հրապարակ»-ը գրում է․

«ԿԳՄՍ նախարարությունը նախօրեին ներկայացրեց «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի հեղինակի՝ Սմբատ Հովհաննիսյանի պարզաբանումները՝ մասնագիտական դիտողությունների, առաջարկությունների եւ դիտարկումների վերաբերյալ: Հեղինակի պարզաբանումները կազմում են 133 էջ, մի սյունակով ներկայացված են դասագրքի առնչությամբ արված դիտարկումները, 2-րդ սյունակով՝ հեղինակի պատասխան-առարկությունները, 3-րդ սյունակով՝ համաձա՞յն է հեղինակը դրանց հետ, թե՞ ոչ։ Մասնավորապես, Ս․ Հովհաննիսյանը 121 կետով արձագանքել է «Բնօրրան» ՀԿ-ի ներկայացրած մասնագիտական եզրակացությանը։ 129 կետով պատասխանել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի դիտարկումներին եւ 13 կետով արձագանքել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դիտարկումներին։ Ընդհանուր առմամբ, դասագրքի հետ կապված՝ 263 դիտարկում է նա արել, որոնց մեծ մասի հետ հեղինակը ոչ թե համաձայնել է, այլ ընդամենը իր պարզաբանումներն է ներկայացրել։

Պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանի՝ 20-ից ավելի դիտարկումներին եւս պատասխանել է Ս․ Հովհաննիսյանը։ Այս առիթով Ա․ Մալոյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում ներկայացված ամփոփաթերթը՝ վերջնական ուղղումներով հանդերձ, գո՞հ է վերջնական պատկերից, քանի որ մեծամասամբ դասագրքի հեղինակը չի համաձայնել մասնագիտական խմբերի դիտարկումներին։ «Ամփոփաթերթում զետեղված բոլոր մասնագիտական սխալներն ինքը համարում է վրիպակ, բայց եթե դրանք վրիպակներ են, ապա որո՞նք են սխալները»։

Ա․ Մալոյանն օրինակ է բերում իր դիտարկումներից մեկը, որը, ի դեպ, հեղինակն ընդունելի է համարել։ Դա վերաբերում է հույն պատմիչ եւ աշխարհագրագետ Ստրաբոնի մահվան տարեթվին, որի մոտ պետք է նշվեր՝ «Ք.ծ.հ. 24 թ.»: «Ի՞նչ է նշանակում վրիպակ, այսինքն` դու գիտեիր, որ մարդը ծնվել է Քրիստոսի ծնունդից առաջ, բայց մահացել է Քրիստոսի ծնունդից հետո, ու չե՞ս նշել դրա մասին, սրա վրիպակը ո՞րն է, պարզ չէ՞, որ չգիտեիր, եւ դա ուղղակի վրիպակ չէր»։
Մեկ այլ օրինակ․ «Էջ 117-ում զետեղված է «387 թ. Հայաստանի բաժանումը Հռոմի եւ Սասանյան Իրանի միջեւ» քարտեզը: Քարտեզի վրա նշված է՝ «Բյուզանդական կայսրություն», որի հիմնադրման տարեթիվ է համարվում 395 թ., ինչպես նաեւ՝ «Հայկական մարզպանություն», որը, որպես Սասանյան Իրանի առանձնահատուկ վարչամիավոր, գոյություն է ունեցել V-VII դդ.»։ Հեղինակն այս դիտարկումն էլ է ընդունել՝ նշելով․ «Ընդունելի է․ պետք է լինի՝ Հռոմեական կայսրություն եւ Արեւելահայկական թագավորություն»։

«Իհարկե, պետք է ընդունելի լինի, որովհետեւ քո անգրագիտությունը նշել ենք։ Մենք քննարկումների ժամանակ այդ շեմը չենք անցել եւ նրա մասնագիտական անպատրաստվածության վրա չենք կենտրոնացել, իրեն թվաց, թե դա ինչ է որ՝ անմեղ վրիպում։ Բայց մոռանում ենք, որ դասագրքի հեղինակը դասախոս է, դասավանդում է մի քանի բուհում, ու եթե այսպիսի սխալներ թույլ տար պատմության ֆակուլտետի ուսանողը կամ դպրոցի աշակերտը, գուցե հասկանալի կամ ընդունելի լիներ մասնագետների կողմից, բայց ի՞նչ է նշանակում՝ մասնագիտական թույլ տրված սխալներն անվանել վրիպակ։ Ո՞վ էր պարտավոր ուղղել այդ վրիպակները»։

Պատմաբանը մեկ այլ օրինակ է բերում, դասագրքի 131-րդ էջում զետեղված է մի մանրանկար՝ հետեւյալ մակագրությամբ. «Ղազար Փարպեցի (442-510), «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»։ «Ես նշել եմ, որ ենթադրվում է՝ մանրանկարում պատկերված անձը Ղազար Փարպեցին պետք է լիներ, այնինչ ակնհայտորեն Փարպեցին չէ, որովհետեւ լուսապսակ ունի գլխի շուրջ, իսկ Հայոց եկեղեցին Փարպեցուն սրբերի շարքին չի դասել: Մանրանկարում առկա մակագրությունը հուշում է, որ պատկերված անձը Մարկոս ավետարանիչն է: Հեղինակն այդ դիտարկմանը պատասխանել է՝ վրիպակ է։ Պետք է զետեղվեր Փարպի գյուղում տեղադրված Փարպեցու հուշարձանի նկարը, ինչպես արդեն արված է դասագրքի էլեկտրոնային տարբերակում։ Բայց դու սրանով ո՞ւմ ես խաբում, ընկեր, կամ էլ մանրանկարի ու արձանի նկարը չես տարբերում, դա վրիպակ ո՞նց եղավ, վրիպակն այն է, որ «ս» տառի փոխարեն, օրինակ, «շ» է տպագրվում, կամ ստորակետը չի դրվում։ Այո, դրանք վրիպակներ են, բայց երբ դու հստակ մակագրությամբ դրել ես նկար ու տակը գրել ես՝ Փարպեցի, հետո քեզ դիտողություն են արել, որ դա Փարպեցին չէ, ու դա որակում ես որպես վրիպակ, ուրեմն զետեղեիր քո իմացած նկարը»։

Թե՛ իր եւ թե՛ մյուս մասնագետների կողմից արված ո՞ր դիտարկումների հետ հիմնականում չի համաձայնել հեղինակը, դրանք ավելի շատ փաստական տվյալների՞ն առնչվող դիտարկումներ են, թե՞ պատմագիտական դիրքորոշմանը։

«Հիմնականում ընկալման եւ դիրքորոշման հետ կապված, որի հետ ինքն էլի խաղում է եւ մանիպուլացնում։ Նույնը՝ իմ արած դիտարկումների հետ կապված։ Մեկ այլ օրինակ բերեմ՝ «Թադեոսը բուժում է Աբգարին եւ քաղաքի բոլոր հիվանդներին, քարոզում Ավետարանը: Այնուհետեւ մեկնում է, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք, որտեղ էլ նահատակվում է» (էջ 109): Այսինքն, Թադեոսը Սանատրուկ թագավորի արքունիքո՞ւմ է նահատակվել: Իր ձեւակերպած նախադասությունից չի՞ հասկացվում, որ գնացել է թագավորի արքունիք, որտեղ էլ նահատակվել է։ Բայց ինքը գրել է. «Թյուրըմբռնումից խուսափելու համար հատվածը շտկել ենք․ «Այնուհետեւ մեկնում է, ըստ Մովսես Խորենացու, Աբգարի քեռորդու՝ Հայոց Սանատրուկ թագավորի արքունիք։ Հայաստանում էլ նահատակվում է»։ Բանն այն է, որ «այստեղ» ասելով նկատի ենք ունեցել հենց Հայաստանը»։ Նախ մի քիչ ուշադիր եղիր՝ «այստեղ» չկա գրված, այլ նշված է՝ «որտեղ էլ», եւ հիմա փորձում ես համոզել, որ «այստեղ» ասելով նկատի եք ունեցել Հայաստա՞նը։ Ինչ նկատի ես ունեցել, այդպես էլ գրի, սա 7-րդ դասարանի աշակերտ է կարդալու»։
Ա․ Մալոյանը նկատում է՝ նախարարի հետ հանդիպման ժամանակ վերջինս նշել է, որ հեղինակը 3 կետով կարձագանքի դիտարկումներին՝ որն է ամբողջությամբ ընդունելի, որը` մասամբ, եւ որը հեղինակը չի ընդունել. «Բայց ինքը 3-ը մեկ է արել, նախ հակադարձել է, երբեմն անհեթեթ մեկնաբանություններով,  մնացած ակնհայտ մասնագիտական սխալներն ընդունելի է համարել, իսկ մնացած էլի ակնհայտ սխալները համարել է վրիպակ։ Միայն ամփոփաթերթը 133 էջ է, ու հիմա ո՞նց եք պատկերացնում՝ սա ո՞նց պետք է կիրառվի, ուսուցիչն այդ 133 էջը՝ 176 էջանոց դասագրքին զուգահեռ պետք է դասավանդի՞, այսինքն, մեկ օր առաջ պետք է կարդա դասը, նախապատրաստվի, մի հատ էլ բացի այս դիտարկումները կարդա, թե որ էջում ինչ սխալներ կան, եւ գնա դասից առաջ երեխաներին ասի՝ բացեք դասագրքերը, գրված է սա, բայց դուք պետք է կարդաք ու հասկանաք սա՞, եւ դա դասից քանի՞ րոպե խլեց։ Ես չգիտեմ՝ այս ամփոփաթերթի ՕԳԳ-ն որն է, եւ սրանով ինչ պետք է անի ուսուցիչը, խնդրեմ, թող բացատրի»։

Պատմաբանը նկատում է, որ ընդամենը օրեր առաջ իր ՖԲ էջում ներկայացրել է դասագրքի վերաբերյալ իր դիտարկումների 2-րդ մասը, որից ներկայացնում է մեկ օրինակ․ «Իր վեհությամբ հատկապես աչքի է ընկել մայրաքաղաք Անիի մայր տաճարը, որը կառուցել է Մանուելի աշակերտ Տրդատ ճարտարապետը» (էջ 175): Նշենք, որ մասնագիտական որեւէ մենագրության կամ սկզբնաղբյուրի մեջ մեզ չհաջողվեց որեւէ վկայություն կամ ակնարկ գտնել այն մասին, որ Տրդատ ճարտարապետն աշակերտել է Մանուել ճարտարապետին: Հայտնի է, որ Մանուել ճարտարապետը ստեղծագործել է X դ. առաջին կեսին, իսկ ըստ Կ. Հովհաննիսյանի՝ Տրդատը ծնվել է մոտավորապես 940-ական թթ. (տե՛ս К.Л. Оганесян, Зодчий Трдат, Ереван, 1951, с. 38): Նույնիսկ եթե ընդունենք, որ մանկահասակ Տրդատը կարող է հանդիպած լինել Մանուել ճարտարապետին, այնուամենայնիվ, Մանուելին աշակերտելու պնդումը խիստ թեական է ու ապացուցման կարոտ: Ի դեպ, Մատենադարանի նախկին փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Կարեն Մաթեւոսյանն էլ արձագանքել էր, որ եթե Անիի Տրդատը եղել է Աղթամարի Մանուելի աշակերտը, դա զավեշտ է։ Բայց Սմբատ Հովհաննիսյանը դա կկարդա ու նորից կասի՝ վրիպակ է եղել, «աշակերտի» փոխարեն պետք է լիներ «գործընկեր»՝ ճարտարապետ իմաստով։ Ես էլ կարող եմ սխալներով գիրք տպագրել ու հետո բոլոր մասնագիտական սխալներին ասեմ՝ վրիպակ է, կարո՞ղ է ես չգիտեի դա։ Բա ուշադիր եղիր, ընկեր, դասագիրքը մասնագիտական խմբագիր պետք է ունենա՝ պատմաբան, նաեւ լեզվաոճական խմբագիր, ո՞վ է մասնագիտական խմբագիրդ, ո՞վ է գիրքը խմբագրել, թե՞ այդքան վստահ ես եղել, որ անսխալ դասագիրք ես գրելու, բարի լինեիր՝ գոնե տայիր քո համալսարանական ընկերներին, հայոց պատմության մասնագետներին, ամեն մեկն իր շրջանը կարդար ու օգտակար լիներ քեզ»։

Ինքն այստեղ միտո՞ւմ է տեսնում, թե՞ ուղղակի պարզ անփութություն է, եւ հեղինակը մտածել է, որ կարող է միայնակ գիրքը գլուխ բերել։ «Այդ հանդիպումների ժամանակ, երբ ես իրեն այդ հարցը տվեցի, ասաց, որ իրեն առաջարկներ եղել են, ու ինքը որոշել է համապատասխան շրջանները տալ այդ շրջանների մասնագետներին՝ նայելու, ու նոր հանձնել տպագրության, բայց քանի որ ժամանակը սուղ է եղել, չի տրամադրել»,- ասում է պատմաբանն ու կասկածներ հայտնում, թե ինչու է ամփոփաթերթը փետրվարի 6-ին հրապարակվել, եթե այն հունվարի 19-ին հեղինակի կողմից պատրաստ է եղել։

Մեկ այլ հանգամանք եւս․ 7-րդ դասարանի հայոց պատմության դասագրքի շուրջ քննարկումներին ուշադիր հետեւում է նաեւ ադրբեջանական մամուլը, որը դասագրքի ընդդիմախոսներին համարում է պսեւդոգիտնականներ, իսկ Սմբատ Հովհաննիսյանին՝ օբյեկտիվ, անաչառ պատմաբան․ «Թող այս հարցին էլ պատասխանի՝ ինչո՞ւ է այդպես ստացվել»։

Այն, որ շատ հաճախ հակադարձում են, որ նախկին դասագրքերում էլ են եղել բազմաթիվ սխալներ, Ա․ Մալոյանն ասում է, որ եթե անգամ եղել են, ապա ոչ այս քանակի․ «Հետո՝ այլ բան է, որ դու շնորհակալությամբ ընդունում ես քո մեղքը եւ հասկանում ես, որ այս տեսքով դասագիրքը շրջանառության մեջ թողնելը, մեղմ ասած, ճիշտ չէ։ Դասագիրքը պետք է գործածությունից դուրս բերել եւ լուրջ մասնագիտական ուղղումներ, խմբագրում, սրբագրում անելուց հետո բերել քրիստոնեական տեսքի եւ հետո 2-րդ անգամ տպագրել հովանավոր կազմակերպության հաշվին եւ ոչ թե պետական բյուջեի ու մեր հարկատուների վճարած գումարների հաշվին»»։