կարևոր
874 դիտում, 6 ամիս առաջ - 2023-10-17 11:17
Քաղաքական

Աշխարհը տեսնելու հնարավորություն՝ ՔՊ-ականների համար. ինչով են զբաղված պատգամավորները. «Ժողովուրդ»

Աշխարհը տեսնելու հնարավորություն՝ ՔՊ-ականների համար. ինչով են զբաղված պատգամավորները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովին հոկտեմբերի 11-13-ը գործուղել է Բեռլին՝ Դրեզդեն։

Բեռլին գործուղվել են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Նարեկ Գրիգորյանը, Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի փորձագետ Հայկազ Նասիրբաբյանը (հոկտեմբերի 10-14-ը), ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի առաջատար մասնագետ Ժաննա Հարությունյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ գործուղված պատգամավորների շարքում ընդդիմադիր պատգամավորներ չկան։ Այսինքն՝ ՀՀ Ազգային ժողովը դարձել է իշխող ՔՊ-ականների համար զբոսանքի, աշխարհ տեսնելու հնարավորություն: Պատգամավորներ կան, որ իրենց կյանքում առաջին անգամ ինքնաթիռ են նստել, երբ պատգամավոր են դարձել:

Օրինակ՝ Բեռլին մեկնած նորատուսցի Նարեկ Գրիգորյանը, որն Ազգային ժողովի ամբիոնից մեկ նախադասություն անգամ չի կարողանում ճիշտ կազմել մայրենի լեզվով, անհասկանալի է, թե ինչով է զբաղված Գերմանիայի Դաշնությունում:

Հիշեցնենք, որ նույն Նարեկ Գրիգորյանի մասին է խոսքը, որն ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե մասնակցել է 44-օրյա պատերազմին, եղել է «Գեղարքունիք» ջոկատի հրամանատարը։ Այդ տեղեկությունը, սակայն, հերքել է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ Նարեկ Գրիգորյանի գլխավորած «Գեղարքունիք» ջոկատն առաջնագծում չի մարտնչել, առանձին որեւէ մարտական առաջադրանք չի կատարել, ջոկատի անձնակազմից զոհեր եւ վիրավորներ չեն եղել: Նկատենք, որ ՔՊ-ականները ուրախ ճամփորդում են մի իրավիճակում, երբ կորցրել ենք մեր հայրենի Արցախի Հանրապետությունը, հազարավոր արցախցիներ ունեն աջակցության կարիք, եւ անհրաժեշտություն կա միջազգային հանդիպումների միջոցով ստեղծել արտաքին հարաբերություններ, որոնք կկարողանան հետագայում մեզ օգնել:

Այս օրակարգը սպասարկելու փոխարեն՝ Նարեկ Գրիգորյանը, Արուսյակ Մանավազյանն ու իրենց հանձնաժողովի նախագահը, առանց խորհրդարանական ընդդիմադիրների, շրջագայություններ են կազմակերպել: Ավելին՝ Նարեկ Գրիգորյանն իր նորատուսցի հետեւորդներին ակտիվորեն ցույց է տալիս Գերմանիայի մաքրամաքուր քաղաքներից կադրեր:

Հիշեցնենք նաեւ, որ Նարեկ Գրիգորյանը ՔՊ-ական այն պատգամավորն է, որն ուշացել էր Հռոմի ստատուտը վավերացնելու մասին քվեարկությունից եւ երկար ժամանակ արդարանում էր դահլիճում խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի մոտ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում