Փոխարժեքներ
06 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մոռացել է իր բուն պարտականությունների մասին, նախագահից վերածվել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին ցավակցական և շնորհավորական ուղերձներ հղող պաշտոնյայի:
Հայաստանի ու Արցախի համար այս ծանր ժամանակահատվածում, երբ մեր 120,000 հայրենակիցներ սովի են մատնված Արցախում, թշնամին ամենօրյա ռեժիմով ոտնձգություններ է անում մեր պետական սահմանների նկատմամբ, գրեթե ամեն շաբաթ նոր զոհեր ու վիրավորներ ենք ունենում, նախագահ Խաչատուրյանը, փոխանակ իր լիազորությունների շրջանակում բարձրաձայնի այս հրատապ խնդիրների մասին, իր բան ու գործը թողած՝ առավոտից երեկո ուղերձներ է հղում անգամ այն պետություններին, որոնց հետ դիվանագիտական հարաբերություններ էլ չունենք:
Նախագահի պաշտոնական կայքն էլ ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Վահագն Խաչատուրյանի աշխատանքն իրականում երանելի է. նրա գործունեությունն իրականոււմ սահմանափակվում է միայն երբեմն-երբեմն որևէ թանգարան կամ մշակութային կենտրոն այցելելով ու դեմքի լուրջ արտահայտությամբ քանդակներ, արձաններ ուսումնասիրելով, իսկ, ահա, նրա բուն պարտականությունը ուղերձներ հղելն է:
Նախագահն անգամ չի զլացել ու շնորհավորական ուղերձներ է հղել Ինդոնեզիայի, Սինգապուրի ու Բենինի նախագահներին:
Ստացվում է, որ Վահագն Խաչատուրյանը միայն ուղերձներ հղելու կամ մշակութային վայրեր այցելելու համար հարկատուների հաշվին վարձատրվում է ու պետբյուջեի հաշվին գործուղումների մեկնում:
Նիկոլ Փաշինանը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, օր ու գիշեր քննադատում էր նախկիններին անգործության, պետական ռեսուրսներն անիմաստ վատնելու համար։ Հետաքրքիր է՝ հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանը որքանով է արդյունավետ համարում Վահագն Խաչատուրյանի գործունեությունը, ավելի ճիշտ՝ անգործությունը:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում