կարևոր
19045 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-12 12:00
Աշխարհ Տարածաշրջան Քաղաքական

Ռաիսի-բեն Սալման առաջին հեռախոսազանգը․ 45 րոպեանոց զրույցի առանցքը Պաղեստինն է եղել

Ռաիսի-բեն Սալման առաջին հեռախոսազանգը․ 45 րոպեանոց զրույցի առանցքը Պաղեստինն է եղել

«Տարածաշրջանի ներկա վիճակը արդյունքն է արեւմտյան երկրների շարունակական սխալ հաշվարկների։ Միակ հիմնարար լուծումը՝ Պաղեստինի ճնշված ժողովրդի իրավունքներին ուշադրություն դարձնելն է, որի համաձայն՝ Իրանն առաջարկում է, որ բոլոր պաղեստինցիները իրենց ճակատագիրը որոշեն  ժողովրդավարական կամարտահայտության, ազատ ու արդար ընտրությունների միջոցով»։ Այս մասին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հետ հեռախոսազրույցում հայտնել է Իրանի նախագահը։ Կողմերը պայմանավորվել են Պաղեստինի դեմ ռազմական հանցագործությունների դադարեցման անհրաժեշտության մասին։ Ընդգծել են իսլամական միասնության կարեւորությունն ու նշել, որ Իսրայելի վարչակարգի հանցագործությունները իրականացվում են հովանավորների կանաչ լույսի ներքո։

Ռաիսիի խոսքով, սիոնիստական ​​ռեժիմը վրեժխնդիր է լինում անպաշտպան ու ճնշված ժողովրդից՝ կրած պատմական պարտության համար, անամոթաբար անջատել է ջուրն ու էլեկտրականությունը, վառելիքի ու դեղորայքի մատակարարումը Գազայի ժողովրդին։ «Իսլամական երկրները պարտավոր են համագործակցել եւ միավորվել՝ պաղեստինցիների դեմ սիոնիստների ​​հանցագործությունները հնարավորինս արագ կասեցնելու համար։ Իրանը եւ Սաուդյան Արաբիան կարող են օգնել ապահովել պաղեստինցիների օրինական իրավունքներն ու դադարեցնել սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան ու հանցագործությունները» ,-ասել է Իբրահիմ Ռաիսին։

Սաուդյան Արաբիայի թագաժառանգն էլ բարձր է գնահատել տարածաշրջանում կայունության ամրապնդման ուղղությամբ երկու երկրների փոխադարձ ջանքերը։ Գազայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նա որակել է ցավալի ու վտանգավոր՝ հավելելով, որ այն կարող է հանգեցնել անապահովության սաստկացմանն ու տարածմանը աշխարհի այլ կետերում, այդ թվում՝ արեւմտյան երկրներում։ Բեն Սալմանն ընդգծել է, որ Թեհրան-Ռիադ համագործակցությունը կարող է նախ արդյունավետ դեր խաղալ հակամարտության հնարավորինս արագ դադարեցման գործում եւ ապա պաղեստինյան հիմնախնդրի արդար ու արմատական ​​լուծման համար։