Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի դեմ սեպտեմբերի 19–ի լայնամասշտաբ հարձակումից ընդամենը մի քանի ժամ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հյուրընկալել էր Իսրայելի բարձրաստիճան պատվիրակությանը։
Հասանովը Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Էյալ Զամիրի հետ քննարկել էր ռազմական համագործակցությունն ու գոհունակություն հայտնել երկու երկրների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակից։
Վերջին ռազմական գրծողություններն ադրբեջանցիները իրականացրել են իսրայելական «Հարոպ» (Harop) տեսակի ԱԹՍ–ների միջոցով։
«Հաարեց» հրեական թերթը գրել էր, որ հանդիպմանը նախորդող օրերին Բաքուն ակտիվացրել էր թռիչքները դեպի իսրայելական «Օվդա» ավիաբազա։ Իսրայելից դեպի Ադրբեջանի մայրաքաղաք տասնյակ թռիչքներ են իրականացվել՝ պարունակելով մի քանի տոննա զինտեխնիկա։
Իսրայելի ռազմական զգալի աջակցությունն Ադրբեջանին որոշիչ գործոն էր նաեւ 2020 թվականի պատերազմում։
Հայկական հետազոտական հիմնադրամի գիտական ղեկավար, պատմական գիտությունների թեկնածու, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը նշում է, որ Ադրբեջանը դիվանագիտական նախապատրաստական մեծ աշխատանք էր տարել մինչեւ հարձակումը։
«Սեպտեմբերի սկզբին Իսրայելում էր եղել Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը։ Նա հանդիպել էր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիին, արտաքաին գործերի նախարար Էլի Քոհենին եւ մի շարք այլ պաշտոնյաներին։ Պետք է արձանագրել, որ մինչեւ հարձակումը ու նաեւ դրանից հետո Իսրայելը անդադար զենք է մատակարարել Ադրբեջանին։ Իսկ հարձակումից մոտ մի շաբաթ առաջ, զորավարժությունների ընթացքում Ադրբեջանը առաջին անգամ ցուցադրեց, թե ոնց է աշխատացնում իսրայելական Barak-8 ՀՕՊ համակարգը։ Այո՛, մենք ունենք բոլոր ցուցիչները՝ պնդելու, որ Իսրայելը առնվազն տեղեկացված էր հետագա զարգացումների մասին» ,-ասում է Մելքոնյանը։
Իսրայելագետը նշում է, որ, ինչպես Սփյուռքը, այնպես էլ ինքն ու գործընկերները արշավ էին սկսել իսրայելական մամուլում՝ պահանջելով Թել Ավիվից կիրառել լծակները Ադրբեջանի դեմ, որպեսզի Ալիեւը դադարեցնի Լաչինի միջանցքի բլոկադան։
Անգամ իսրայելցի մի խումբ նշանավոր գործիչներ նամակ էին գրել նախագահ Հերցոգին՝ խնդրելով կանխել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամը: Այդ պահանջները սակայն ձեռնտու չէին Իսրայելի իշխանությանը եւ բնականաբար չէր ցանկանում անհանգստացնել Բաքվի վարչախմբին։
Այն, որ Բաքուն ու Թել Ավիվը ռազմավարական գործընկերներ են, այլեւս ստվերում չէ։ Իսկ հարցին՝ ռազմական գործողությունների մասին Բաքվի որոշումներում կամ գետնի վրա գործողություններում էլ է Իսրայելը ներգրավված եղել, Մելքոնյանն ասում է՝ այդպիսի պնդում անելու ցուցիչներ չունենք, սակայն այն, որ դաշնակցի հզորությունն ու հաջողությունն Իսրայելին ձեռնտու է, միանշանակ է։
Մասնագետի գնահատմամբ՝ ռազմավարական ոլորտի համագործակիցները՝ Ադրբեջանն ու Իսրայելը դառնում են դաշնակիցներ՝ սկսած զենքի մատակարարումից, մինչեւ հետախություն, տեղեկատվական անվտանգություն եւ անգամ տիեզերքի բնագավառ։
«Ամեն ինչ ուղղված է Իրանի դեմ։ Գլխավոր նպատակը Իսրայելի համար Իրանն է։ Իսկ Հայաստանի հարցը Իսրայելը ընդհանրապես հաշվի չի առնում» ,-ընդգծում է Մելքոնյանը։
Ըստ հրեական «Հաարեց»–ի, Ադրբեջանը թույլ է տվել Իսրայելի գաղտնի ծառայությանը` «Մոսադին» հենակետեր տեղադրել իր տարածքում եւ դիտարկել, թե ինչ է կատարվում Իրանում, անգամ օդային տարածք է տրամադրել, որպեսզի անհրաժեշտության դեպքում Իսրայելը կարողանա թիրախավորել Իրանի միջուկային օբյեկտները։
Մելքոնյանն ասում է՝ նպատակ ունեն թիրախավորելու Իրանին, իսկ առաջին հարվածն ստանում է Հայաստանը, որն այլեւս ոչ թե սուբյեկտ է, այլ օբյեկտ։ Իսրայելը տարածաշրջանում այլ խնդիրներ է փորձում լուծել, որոնք հակասում են հայկական շահերին։
Մեղրի Ղուկասյան