կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-30 11:18
Քաղաքական

ՀՅԴ-ն միակն էր, որ 1991-ի ամռանը դեմ էր Արցախի պատվիրակության այցին Բաքու

ՀՅԴ-ն միակն էր, որ 1991-ի ամռանը դեմ էր Արցախի պատվիրակության այցին Բաքու

Այս օրերին, երբ Արցախը պատրաստվում է նշել անկախության հռչակման 25-ամյակը, արժե հիշել մի իրողություն, որը մոռացվում է կամ որը հիշելը ձեռնտու չէ:

1991-ի սեպտեմբերի 2-ից (այս օրն է հռչակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որի անկախությունը չի ճանաչել աշխարհի ճանաչված և ոչ մի պետություն, այդ թվում՝ Հայաստանը) շաբաթներ առաջ Ստեփանակերտի օդանավակայանից այն ժամանակվա ԼՂԻՄ Մարզգործկոմի նախագահ (Արցախի փաստացի ղեկավար) Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ 6 հոգանց պատվիրակություն է մեկնել Բաքու և բանակցություններ վարել Այազ Մութալիթովի հետ:

1991-ի գարնանը Խորհրդային Միության բանակի օժանդակությամբ և անմիջական մասնակցությամբ Ադրբեջանը իրականացրել էր «Օղակ» գործողությունը՝ գրավելով և իրենց տներից արտաքսելով հայկական 24 գյուղերի հազարավոր բնակիչների: Արցախում և Հայաստանում տիրում էր հիասթափության, տագնապի և անորոշության մթնոլորտ:

«Օղակ» գործողությունը Գորբաչովի շնորհակալությունն էր Ադրբեջանին ու նրա ղեկավար Այազ Մութալիբովին. Ադրբեջանը 1991-ի մարտի 17-ին մասնակցել և «այո» էր քվեարկել Խորհրդային Միության պահպանման հանրաքվեին:

Հայաստանի և Արցախի քաղաքական վերնախավը ուղիներ էր փնտրում Մոսկվայի ու Բաքվի հետ լեզու գտնելու, որպեսզի Արցախի հայ ազգաբնակչության նկատմամբ էթնիկ զտումների և արտաքսման քաղաքականությանը վերջ դրվի:

Ահա այս պայմաններում Մոսկվան և Բաքուն Արցախի ղեկավարությանը և ժողովրդին առաջարկում են հետ կանգնել Հայաստանի հետ միացման մտադրություններից և մասնակցել 1991-ի սեպտեմբերին սպասվող Ադրբեջանի նախագահական ընտրություններին:

Հուլիսի 19-ին Ստեփանակերտում տեղի է ունենում մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվում է Արցախի՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու առաջարկությունը: Մարզխորհուրդը, որը ղեկավարում էր Լեոնարդ Պետրոսյանը (սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին՝ Հայաստանի Ազգային ժողովում իրականացված ահաբեկչության արդյունքում) մերժում է ընտրություններին մասնակցելու կոչը, բայց ընդունում է մյուս առաջարկը՝ մեկնել Բաքու և Մոսկվա, բանակցել Ադրբեջանի ու Խորհրդային Միության ղեկավարության հետ:

Արցախում միակ ուժը, որ հրապարակավ և միանշանակ դեմ արտահայտվեց Բաքու պատվիրակություն ուղարկելուն, ՀՅԴ-ն էր: Մյուս բոլոր ուժերն ու քաղաքական գործիչները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ովքեր ՀՀՇ-ի հենարանն էին Արցախում (Լևոն Տեր-Պետրոսյանը իր նախկին համախոհների համար օգտագործել է «ՀՀՇ-ի տեղական ցանցի ներկայացուցիչներ» ձևակերպումը) դեմ չարտահայտվեցին Բաքու և Մոսկվա պատվիրակություն ուղարկելու Ադրբեջանի առաջարկին: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը և անձամբ Լևոն Տեր-Պետրոսյանը, ևս դեմ չարտահայտվեցին: Նրանք Արցախի ղեկավարությանը հորդորում էին լեզու գտնել Ադրբեջանի հետ:

1991-ի հուլիսի 15-16-ին Հայաստանի խորհրդարանում տեղի էին ունենում բուռն բանավեճեր այն հարցի շուրջ, թե պե՞տք է Արցախի պատվիրակությունը մեկնի Բաքու: Հարցը դրվեց քվեարկության: Հայաստանի խորհրդարանի 260 պատգամավորներից միայն 10-ը դեմ արտահայտվեց, իսկ 18-ը՝ ձեռնպահ: Մյուսները, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և տասնյակ այլ պատգամավորներ կողմ քվեարկեցին այն առաջարկին, որով Արցախի մարզային ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնում «քաղաքական բանակցություններ սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ և փոխզիջումային լուծումներ որոնել Խորհրդային Միության Սահմանադրության և օրենքների շրջանակներում»:

Ճիշտ է, Արցախը որևէ կերպ չէր ընդունում Ադրբեջանի գերիշխանությունը, սակայն 1990-1991 թվականներին, հատկապես 1991-ի մայիս-հուլիս ամիսներին, երբ խորհրդային տանկերի ու զինվորների օգնությամբ ադրբեջանական զինված խմբավորումներն ու ոստիկանական ջոկատները ճնշում էին արցախյան դիմադրությունը, Արցախի քաղաքական ղեկավարության մի ստվար հատված կողմ էր արտահայտվում քաղաքական բանակցություններ վարել Բաքվի հետ՝ դա համարելով չարյաց փոքրագույնը:

1991-ի հուլիսի 20-ին արցախյան 6 հոգանոց պատվիրակությունը, որը գլխավորում էր Լեոնարդ Պետրոսյանը, Ստեփանակերտից մեկնեց Բաքու, հանդիպում ունեցավ Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ: Բաքու մեկնած պատվիրակության անդամներից մեկը՝ Վալերի Գրիգորյանը, երեք շաբաթ անց` օգոստոսի 10-ին, սպանվեց Ստեփանակերտի կենտրոնում, օրը ցերեկով՝ հայի կողմից արձակված կրակահերթից: Բաքու մեկնած պատվիրակության մյուս անդամները ևս, այդ թվում՝ Լեոնարդ Պետրոսյանը, մեղադրվում էին Արցախի հարցում միակողմնանի զիջումների գնալու, անգամ՝ դավաճանության մեջ:

Իսկ Ադրբեջանը և նրա ղեկավար Մութալիբովը ցնծության մեջ էին: Նրանց թվում էր, որ հայերը պատրաստվում են հրաժարվել Արցախի և Հայաստանի միացման գաղափարից:

Եվ ահա այս ծանր վիճակում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը փոխեց պատմության ընթացքը: Դա 1991-ի օգոստոսի 19-21-ի ձախողված հեղաշրջման փորձն էր Մոսկվայում, որի հետևանքով Խորհրդային Միության փլուզման գործընթացն ավելի արագացավ:

Մի քանի օր անց՝ 1991-ի օգոստոսի 30-ին, Ադրբեջանը հռչակեց իր անկախությունը: Դա այն դեպքում, երբ նույն Ադրբեջանն ու Մութալիբովը իրենց աջակցությունն էին հայտնել մոսկովյան խռովարարներին, մարտին մասնակցել ԽՍՀՄ պահպանման հանրաքվեին:

Ադրբեջանի անկախության հռչակումից երկու օր անց իր անկախությունը հռչակեց Արցախը: 1991թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը: Ընդունվեց  հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին` հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի Խորհրդային Միության Գերագույն խորհրդի «Խորհրդային Միության կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը:

Աղբյուրը՝ aniarc.am 

Թաթուլ Հակոբյան