կարևոր
4570 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-27 21:52
Աշխարհ Քաղաքական

Էրդողանի հայտարարությունը փորձ է՝ թոզ փչելու միջազգային հանրության աչքերին

Էրդողանի հայտարարությունը փորձ է՝ թոզ փչելու միջազգային հանրության աչքերին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը կարող է տպավորություն ստեղծել, թե Բաքուն եւ Անկարան հրաժարվել են Հայաստանի տարածքով միջանցքի հարցում իրենց մտադրություններից եւ կարող են փորձել հաղորդակցություն բացել Իրանի միջով. news.am-ի հետ զրույցում ասաց Իրանի խորհրդարանի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։

Հիշեցնենք, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ եթե Հայաստանը թույլ չտա միջանցք բացել իր տարածքում, ապա Իրանը «ուրախությամբ կընդունի, որ այդ միջանցքն անցնի իր տարածքով»։

«Նախ, միջանցք եզրույթն ինքնին հարցեր է առաջացնում։ Եթե միջանցք ասելով հասկանում են արտատարածքային հաղորդակցություն, ապա եթե այն հնարավոր չէ Հայաստանի տարածքով, ապա հնարավոր չէ նաեւ Իրանի տարածքով։

Եթե նկատի ունեն արդեն գոյություն ունեցող ճանապարհների եւ երթուղիների գործունեության ռեժիմի փոփոխություն, ապա դա նույնպես դժվար է պատկերացնել։ Իրանը միշտ համագործակցել է ընդունված նորմերին համապատասխան։

Ուստի կարծում եմ, որ այդ հայտարարությունը փորձ է՝ թոզ փչելու միջազգային հանրության աչքերին։

Վերջին երեք տարում Ադրբեջանի եւ Թուրքիայի մոտեցումներից կարելի է եզրակացնել, որ նրանք ցանկանում են ստանալ արտատարածքային միջանցք եւ կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Այդ դեպքում Հայաստանի համար ի՞նչ տնտեսական շահի մասին կարող է խոսք լինել։ Եթե այդպես լինի, ապա դա կլինի Պանամայի կամ Սուեզի ջրանցքի նման մի բան, եւ Հայաստանին լավագույն դեպքում տարեկան որոշակի գումար կվճարեն։

Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հաղորդակցությունների ապաշրջափակումը եւ ճանապարհների բացումը՝ նույնիսկ Հայաստանի ինքնիշխանության ներքո, կարճաժամկետ հեռանկարում չի կարող որեւէ իրական տնտեսական օգուտ բերել Հայաստանին՝ հաշվի առնելով Հայաստանի ներուժը:

Ուստի Հայաստանի տնտեսությունը պետք է պատրաստ լինի տեխնոլոգիական զարգացման, որպեսզի նրա տնտեսությունը կարողանա մրցակցել թուրքականի հետ»,-ասաց պատգամավորը։

Աղբյուրը՝  news.am