Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահի ընտրության օրակարգով Արցախի Ազգային ժողովի նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 9-ին: Տեղեկությունը Alpha News-ի հետ զրույցում հայտնեց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը:
Պատգամավորը տեղեկացրեց նաեւ, որ խորհրդարանական ուժերը նախագահի թեկնածու պետք է առաջադրեն սեպտեմբերի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում:
Գեղամ Ստեփանյանն ասաց, որ սեպտեմբերի 8-ին կհայտարարեն թեկնածուի կամ էլ թեկնածուների անունները, եւ հաջորդ օրը տեղի կունենա նախագահի ընտրության օրակարգով ԱԺ նիստը:
Թե ում թեկնածությունն է առաջադրելու իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, Alpha News-ին այսօր չհաջողվեց պարզել: Խմբակցության ղեկավարն անպատասխան թողեց մեր զանգերը: Կապ հաստատել չհաջողվեց նաեւ ՀՅԴ խմբակցության անդամների հետ:
Խորհրդարանի՝ մեծությամբ երկրորդ ուժը «Միասնական հայրենիք» խմբակցությունն է: Համանուն կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ խմբակցությունը մասնակցելու է նախագահի ընտրության օրակարգով ԱԺ նիստին, բայց չի քվեարկելու թեկնածուի օգտին:
«Նրանք, ովքեր կքվեարկեն, պատասխանատվություն են կրելու, որովհետեւ խաղում են սեփական ժողովրդի ճակատագրի հետ»,- ասել է Սամվել Բաբայանը եւ տեղեկացրել, որ սեպտեմբերի 8-ին հանրահավաք են նախաձեռնել Ստեփանակերտում:
«Ժողովուրդը ինքը պետք է այդ հրապարակում իր լիդերին ընտրի ու ասի, որ հենց այդ մարդն է լինելու նախագահը»,- ասել Է Սամվել Բաբայանը:
Խորհրդարանական մյուս երկու ուժերը՝ «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» եւ «Արդարություն» խմբակցությունները, վերջնական որոշում չունեն նախագահի թեկնածու առաջադրելու հարցում:
«Մեր խմբակցությունն այս պահին քաղաքական կոնսուլտացիաների փուլում է, ինտենսիվ քննարկումներ են գնում, դեռ վերջնական որոշում չկա թեկնածուի հարցում»,- ասաց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը:
«Կուսակցության գործադիր վարչության նիստ պետք է տեղի ունենա ու այնտեղ որոշվի այդ հարցը, դեռ ժամանակ ունենք»,- իր հերթին նշեց «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
Պաշտոնաթող նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ պատգամավորներին կոչ է արել նախագահի ընտրության հարցում առաջնորդվել խղճով և չտրվել տարաբնույթ նեղ խմբային ազդեցությունների:
Արայիկ Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո դադարեցրել էր կուսակցական գործունեությունը: Հիշեցնենք՝ նա «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարն էր: Հարությունյանը նշել է, որ չի ցանկանում ներգրավվել «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության դիրքորոշման ձևավորման գործում:
«Կարծում եմ՝ Արայիկ Հարությունյանի կոչի հասցեատերը հենց «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ն է, չեմ կարծում, թե մյուս խմբակցություններին նկատի ունի, դրա առիթը չի եղել»,- անդրադառնալով պաշտոնաթող նախագահի կոչին՝ ասաց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղարը:
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ շեշտեց.
«Նախկին նախագահն էր նեղ խմբակային շահերով միշտ շարժվում: Մեր խմբակցությունը որեւէ անձի չի սպասարկել, որեւէ նեղ խմբակային շահով չի առաջնորդվել: Մեր կատարած բոլոր գործողությունները եղել են՝ հանուն պետության, հանուն Արցախի»:
Նշենք՝ Արցախի նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդը: Սա նշանակում է, որ թեկնածուի օգտին պետք է քվեարկի 22 պատգամավոր: Արցախի խորհրդարանը 33 պատգամավոր ունի:
Եթե նախագահի ընտրության առաջին փուլում որևե թեկնածուի չի հաջողվում անհրաժեշտ ձայները հավաքել, ապա տեղի կունենա նախագահի ընտրության 2-րդ փուլը, որտեղ նախագահ ընտրվելու համար 17 ձայն է անհրաժեշտ:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ին հրաժարական է տալու: Մինչեւ հրաժարական ներկայացնելը, Հարությունյանը Գուրգեն Ներսիսյանին ազատել էր պետնախարարի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ տալով նրան լայն լիազորություններ: Թե ինչ լիազորությունների մասին է խոսքն՝ առայժմ հայտնի չէ:
Մինչեւ նախագահ ընտրելը՝ նրա լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահը:
Նշենք, որ 2023 թ. գարնանը, Արցախի Ազգային ժողովը Սահմանադրությունում փոփոխություն կատարեց եւ խորհրդարանին իրավունք տվեց ռազմական դրության ժամանակ նախագահ ընտրել: Հիշեցնենք, որ մինչեւ սահմանադրական այդ փոփոխությունը, նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում, խորհրդարանը լուծարվում էր, անցկացվում էին նախագահի և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ: Սահմանադրական փոփոխությամբ հնարավորություն ստեղծվեց խուսափել խորհրդարանի լուծարումից ու օրենսդիր մարմնին լիազորություն տրվեց նախագահ ընտրել:
Խորհրդարանի կողմից ընտրված նախագահը կպաշտոնավարի մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտը, այսինքն՝ մինչև 2025 թվականի մայիսը։