Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Alphanews.am-ը զրուցել է Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանի հետ․
Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը Alpha News-ի եթերում պարզաբանել է, թե ինչու են ընդդիմադիր երեք խմբակցությունները համաձայնել խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրել ՀՅԴ-ական պատգամավոր Դավիթ Իշխանյանին:
«Թե՛ ՀՅԴ-ն, թե՛ ընդդիմադիր մյուս երկու խմբակցությունները նշել են, որ Դավիթ Իշխանյանի նշանակումով կաշկանդված չեն Արցախի եւ Հայաստանի իշխանություններին վերաբերող գործելաոճի մեջ: Եվ եթե նպատակն այնպիսին է, որ համախմբում է պետք, եւ Դավիթ Իշխանյանի նշանակումը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության իմաստով, ապա ՀՅԴ-ն իր համաձայնությունն է տվել՝ այս ծանր ճգնաժամային իրավիճակում ստանձնել խորհրդարանի նախագահի պաշտոնը»,- ասել է Արթուր Մոսիյանը:
Պատգամավորն ընդգծել է, որ ստանձնելով այս պաշտոնը՝ ՀՅԴ-ն կոալիցիա չի կազմել Արցախի իշխանությունների հետ:
«Մենք շարունակելու ենք պնդել մեր պահանջները եւ Դավիթ Իշխանյանի նշանակումը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: Այդ պաշտոնը ստանձնելու առաջարկությունն արել է Արցախի նախագահն՝ իր «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության միջոցով: Իրականությունը սա է, եւ ճիշտ չէր լինի դժվար պահին հրաժարվել օգնել, բայց դա որեւէ կերպ չի կարող ազդել Նիկոլ Փաշինյանի ու Արցախի գործադիր իշխանության հարցում ՀՅԴ-ի դիրքորոշման վրա»,- շեշտել է Մոսիյանը:
Ընդդիմադիր պատգամավորն անբավարար է գնահատել Արցախի նախագահի՝ օրեր առաջ տված հարցազրույցը, ընդգծելով, որ մեծ սպասելիքներ չուներ էլ այդ հարցազրույցից:
«Արցախի նախագահը բավարարվեց միայն հայտարարելով, որ ինքնորշման պայքարը շարունակելու ենք, որեւեւէ այլ արձագանք չեղավ: Ճիշտն ասած՝ մեծ սպասելիքներ մենք չունեինք էլ: Նա հորդորեց ՀՀ իշխանություններին՝ չանել այնպիսի հայտարարություն, որով Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում:
Արայիկ Հարությունյանը մոռացել է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հայտարարում է Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, այլեւ կոնկրետ քայլեր է անում եւ գործընթաց է սկսել իր ընկեր Ալիեւի հետ՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որ այս 8 ամսվա բլոկադան Նիկոլի ու Ալիեի համատեղ օպերացիան է արցախցիների դեմ»,- ընդգծել է Արթուր Մոսիյանը: