|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ստեղծվել է պետական հանձնաժողով, որը համակարգելու է տարվա ընթացքում տեղի ունենալիք միջոցառումները: Հայաստանի ազգային կինոկենտրոն են ներկայացվել կինոնախագծեր` Հայոց ցեղասպանության թեմայով: Անկախ փորձագետների խորհուրդը 2013 թ. համար արդեն ընտրել է 20 նախագիծ, որոնցից մեկն էլ Աղասի Այվազյանի անվան հիմնադրամի ներկայացրած «Ալեքսանդր Թամանյան»-ն է` Աղասի Այվազյանի «Պոեմ վասն շենքի և շինության» ստեղծագործության հիման վրա գրված:
Yerkir.am-ի հետ զրույցում Աղասի Այվազյանի կինը` Գրետա Այվազյանը, նշեց, որ ֆիլմի պրոդյուսերներն են Շուշանիկ Արևշատյանը, Սարիկ Հովսեփյանը, Նիկա Շեկը, սցենարի հեղինակները` Գրետա Վերդիյանը, Սարիկ Հովսեփյանը, Նիկա Շեկը, ռեժիսորները` Նիկա Շեկը, Սարիկ Հովսեփյանը, Աննա Արևշատյանը:
«Թեման շատ արդիական է, միայն Թամանյանին չի անդրադառնում, այնտեղ շատ հարցեր կան, որոնք համահունչ են այսօրվա մեր վիճակին: Թամանյանը հայրենիք գալուց հետո ստիպված ընտանիքով փախչում է Պարսկաստան, որտեղ կորցնում է դստերը, իսկ հետո, երբ վերադառնում է հայրենիք, կորցնում է երկրորդ դստերը: Ֆիլմի վերջը` օպերայի շենքի նախագիծը մերժվում է, Թամանյանը հալածանքների է ենթարկվում և մահանում: Այն մեր պատմության մասին է, մեր անկախության մասին»,- ասաց տիկին Գրետան:
Նա դիմել է տարբեր մարդկանց և կազմակերպությունների, որպեսզի ֆիլմը կյանքի կոչվի, բայց, կարծես, ոչ մեկին այն չի հետաքրքրում: Տիկին Գրետան տեղեկացրեց նաև, որ միայն Ազգային կինոկենտրոնն է խոստացել նախնական գումար տրամադրել, որը, սակայն, քիչ է` ֆիլմն ավարտելու համար:
«Թվում է, թե ոչ մեկին պետք չէ: Ինչ-որ շատ ուժեղ ֆիլմ է պետք, որ մենք աշխարհին ներկայացնենք Հայաստանը, ասենք` անկախությունն ինչ բան է մեզ համար, ինչ գնով է տրվել մեզ: Մենք փորձեցինք Նժդեհի մասին ֆիլմ նկարել, որը նայելուց հետո և՛ Նժդեհը մեղքս եկավ, և՛ մենք: Ասում են, որ դրսի կազմակերպություններին դիմեմ, բայց, ախր, ինչո՞ւ պետք է մեր ֆիլմը օտարերկրացիները ֆինանսավորեն»,- ասաց տիկին Գրետան:
Նա նաև տեղեկացրեց, որ կուզենար Այվազյանի հոբելյանի առթիվ Սունդուկյանի անվան թատրոնը բեմադրեր նրա «Լացի այգին»: Տիկին Գրետան հիշեց` երբ Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն ծանոթացել էր Այվազյանի վերոհիշյալ ստեղծագործությանը, զարմացել էր, որ այդ պիեսը ոչ միայն չենք բեմադրում մեզ մոտ, այլև չենք էլ մտածում այն դրսում ներկայացնելու մասին:
«Մենք աշխարհին պետք է հիշեցնենք մեր մասին, որ ոչ թե մենք լինենք ինչ-որ պետության հետ, այլ իրենք ցանկանան լինել մեր կողքին»,- ասաց տիկին Գրետան: