կարևոր
3400 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-11 12:22
Հասարակություն

Համշենահայ բեմադրիչ Օզջան Ալպերի ստեղծագործությունը լավագույն ֆիլմ է ճանաչվել Թուրքիայում

Համշենահայ բեմադրիչ Օզջան Ալպերի ստեղծագործությունը լավագույն ֆիլմ է ճանաչվել Թուրքիայում

Ամեն տարի Թուրքիայի Անթալիա քաղաքում կազմակերպվող «Ոսկե նարինջ» կինոփառատոնում այս անգամ լավագույն ֆիլմ է ճանաչվել համշենահայ կինոբեմադրիչ Օզջան Ալպերի «Մութ գիշեր» ֆիլմը։ Այդ մասին, ըստ www.akunq.net/am-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ «Լավագույն սցենար» անվանակարգում մրցանակ շահած Օզջան Ալպերը թուրքական պարբերականի թղթակցի հետ զրույցում Թուրքիայի քաղաքացիներին մաղթել է այնպիսի երկիր, որտեղ բոլորը հավասար իրավունքներ կունենան, և ոչ ոք ստիպված չի լինի պայքարել իր մայրենի լեզվի պահպանման համար։

Հիշեցնենք, որ համշենահայ ռեժիսոր Օզջան Ալպերը քաջածանոթ է նաև հայաստանյան և սփյուռքահայ շրջանակներին։ 2009 թ․ նրա «Աշուն» ֆիլմը շահել է Երևանում անցկացվող «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցանակը։ Օզջան Ալպերը առաջին համշենահայ կինոբեմադրիչն է, որի ֆիլմերում հնչել է հայոց լեզվի Համշենի բարբառը, ինչպես նաև՝ արևմտահայերեն խոսք։ Նա իր ստեղծագործությունների միջոցով պայքարում է Թուրքիայում անհետացման վտանգի տակ գտնվող հայոց լեզվի Համշենի բարբառի պահպանման համար։

Բեմադրիչի առաջին ինքնուրույն ստեղծագործությունը «Մոմի»-ն է, որը Համշենի բարբառով ստեղծված առաջին կարճամետրաժ ֆիլմն է, իսկ «Մելանխոլիան և ռապսոդիան Տոկիո քաղաքում» վավերագրական ֆիլմը նկարահանվել էր Ճապոնիայում: Ռեժիսորի մեկ այլ փաստագրական ֆիլմ է «Մի գիտնականի հետ ճանապարհորդություն` ժամանակի մեջ»-ը:
«Աշուն»-ը նրա առաջին լիամետրաժ ֆիլմն է, որը մրցանակների է արժանացել բազմաթիվ փառատոներում: Սույն ֆիլմը ձախակողմյան քաղաքական հայացքների պատճառով իր երիտասարդության 10 տարիները բանտում անցկացրած մի համշենահայ երիտասարդի` Յուսուֆի մասին է, ով երկաթե ճաղերից դուրս գալով` վերադառնում է իր հայրենի Խոփա գավառ և փորձում վերագտնել իր արմատները: «Աշուն» ֆիլմում ներկայացվում է 1990-ական թվականների Թուրքիան, տարիներ, երբ ձախակողմյան լինելն ըստ էության մեծ հանցանք էր համարվում այս պետությունում:

Համշենահայ ռեժիսորը մինչև իսկ համարձակվել է իր ֆիլմերից մեկում անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային։ «Քամու հիշողությունները» վերնագրով այդ ֆիլմն անդրադառնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իր կյանքը փրկելու համար քաղաքական պատճառներով Ստամբուլից փախած նկարիչ Արամ Դեմիրճյանի պատմությանը: Կինոնկարը, որի դեպքերը տեղի են ունենում 1943թ., Օսմանյան կայսրությունում 1915թ. կատարված Հայոց ցեղասպանության հետևանքների մասին բանաստեղծական խորհրդածություն է:

Ֆիլմի գլխավոր հերոսը թուրքահայ նկարիչ է, որը Երկրորդ համաշխարհային տարիներին ղեկավարող իշխանության կողմից կասկածվում է կոմունիզմի հանդեպ համակրանք ունենալու մեջ: Հանգամանքներից ելնելով` նա ապաստան է գտնում Խորհրդային Միության ու Վրաստանի սահմանին: Վայրի ու վիթխարի բնապատկերի մեջ գլխավոր հերոսը վերապրում է իր տառապանքն ու վախը: Հնարավոր երկրորդ ցեղասպանության ահը հետապնդում է նրան, մանավանդ որ վերջինս իր ընտանիքից միակ վերապրածն է լինում: Ֆիլմի թեման, որը մինչև վերջերս տաբու էր, թույլ է տալիս ռեժիսորին ներկայացնել անցյալի այլ դրամաները, ինչպիսիք են, օրինակ, Անկարայի քաղաքական համակարգի ու 1940-ական թվականների նացիզմի միջև հսկայական նմանությունը:

Մելինե Անումյան

www.akunq.net/am