կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-05 14:14
Մշակույթ

«Արևմտյան Հայաստան». Միքայել Ոսկանյանի նոր ստեղծագործությունը՝ համացանցում

Թառահար Միքայել Ոսկանյանը հանրության դատին է ներկայացրել նոր ստեղծագործություն, որը կոչվում է «Արևմտյան Հայաստան»: Ինքնատիպ ստեղծագործությունն արդեն իսկ հասանելի է Youtube սոցիալական ցանցում: Երաժշտության հեղինակը Խաչիկ Եղոյանն է, գործիքավորումը կատարել է Վահան Նահապետյանը:

«Երաժշտության թեման դեռ շատ վաղուց էր ինձ մոտ ի հայտ եկել, և ես իմ մտքերով կիսվեցի գործիքավորող Վահան Նահապետյանի հետ: Վերջերս շատ էի լսում Միքայել Ոսկանյանի կատարումները, և միտք հղացավ նման ստեղծագործություն պատրաստել հենց նրա համար: Միքայելն էլ սիրով նվագեց այս գործը»,-նշում է Yeghoyan Production-ի տնօրեն Խաչիկ Եղոյանը:

Նշենք, որ վերջինս 2015 թվականին այցելել էր Արևմտյան Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «100 դուռ» նախագծի շրջանակում լուսանկարելու նաև տեղի եկեղեցիները: Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ընթացքում Խաչիկ Եղոյանն ունկնդրում էր Միքայել Ոսկանյանի երաժշտությունը, իսկ ցուցահանդեսի օրը պատրաստել էր փոքրիկ վավերագրական ֆիլմ՝ կրկին Ոսկանյանի երաժշտությամբ:

«Նրա թառն Արևմտյան Հայաստանի կորցրած հողերում գտնվելու հուզական ապրումների ուղեկիցը կարծես լիներ: Եվ երբ արդեն որոշված էր, որ իմ ստեղծագործությունը պետք է թառով ներկայացվի, աչքիս առաջ հայտնվեցին մեր հողերն ու եկեղեցիները, և ծնվեց ստեղծագործության վերնագիրը: Հուսամ, որ ստեղծագործության տեսահոլովակը կնկարահանվի հենց այնտեղ»,-հավելում է Խաչիկ Եղոյանը: