կարևոր
3514 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-10 14:59
Քաղաքական

Կոնին դրվում է այն, ինչ ես այս պահին ունեմ, Երեւանը Էրիվան դառնալու վտանգի առաջ է. Թեւանյանը մանդատից հրաժարվելու դիմումը գրեց

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանն այսօր խորհրդարան ներկայացրեց պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում: Նա հայտարարել էր, որ մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին՝ «Մայր Հայաստան» դաշինքով:

Լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե ինչու է նախընտրում անձեռնմխելիությունից զրկվել՝ նա պատասխանեց. «Սա քաղաքական մեսիջ է մեր հանրությանը: Ես դիմում եմ դրանով մեր ժողովրդին եւ ասում եմ՝ ինձ համար չեմ ապահովագրել պատգամավորական աշխատանք, կմասնակցեմ Երեւանի ընտրությանը, կստացվի՝ կստացվի, չէ՝ հետ կգնամ աշխատանքի: Այդպիսի բան չկա: Ես ինքս վճռականություն եւ կոնկրետ դիրքորոշում եմ պահանջում եւ խնդրում մեր քաղաքացուց եւ նախապես ինքս անում եմ որոշակի գործողություն, որպեսզի ցույց տամ՝ մենք ոչ թե քաղաքապետի կամ առավել եւս՝ Երեւանի ավագանու մանդատի հարց ենք լուծում, այլ դիտարկում ենք Երեւանի ավագանու ընտրությունը՝ որպես ամբողջական իշխանափոխություն իրականացնելու քայլ: Կոնին դրվում է այն, ինչ ես այս պահին ունեմ եւ ակնկալում եմ այն մանդատը, ինչը հնարավորություն կտա անել ամբողջական իշխանափոխություն»:

Թեւանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունում գիտեն իր քայլի մասին, որեւէ տարաձայնություն, խնդիր չկա խմբակցությունում. «Հայաստան» խմբակցությունը կաջակցի մեզ, այսօր Սեյրան Օհանյանը հայտարարել է այդ մասին, ՀՅԴ-ի հետ շատ նորմալ քաղաքական հարաբերություններ ունեմ, ակնկալում եմ, որ այդտեղից նույնպես աջակյցություն կլինի»:

Թե ինչո՞ւ չառաջադրվեց «Հայաստան» խմբակցության կողմից, արդյոք խնդիր կա՞ չասոցացվել Քոչարյանի ղեկավարած դաշինքի հետ՝ Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ բացարձակապես նման խնդիր չունեն. «Մենք շարժումը ստեղծել ենք՝ ելնելով այն իրավիճակից, ինչն այսօր կա: Ինչ վերաբերում է դաշինքով չառաջադրվելուն, դա առանձին շարժման խնդիր է, մենք առաջնորդվում ենք շարժումով: Ակնկալում ենք բոլոր քաղաքական ուժերից ստանալ աջակցություն»:

Թեւանյանն ընդգծեց, որ այլ իրավիճակում ինքը չէր մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին, բայց քանի որ հիմա Երեւանը Էրիվան դառնալու վտանգի առաջ է՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում, դրա համար մասնակցում է, որպեսզի տագնապի ձայնը հնչեցնի, նաեւ գտնում է, որ սա իշխանափոխության եւ ընդդիմադիրներին կոնսոլիդացնելու հնարավորություն է. «Մեր թիրախը լինելու է Նիկոլ Փաշինյանը՝ իր վարած ոչ լեգիտիմ քաղաքականությամբ: Մենք մասնակցում ենք 120 հազար արցախցիների ձայնը հնչեցնելու համար, իշխանափոխություն անելու համար: Մենք թույլ չենք տալու, որ շոուների, գինու փառատոնների վերածեն Երեւանի ավագանու ընտրությունները»: