Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ ԲՀԿ-ական պատգամավոր Դավիթ Քոչարյանն ինքն է անձամբ գրել դիմումը պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ դեռևս տեղյակ չէ` Դավիթ Քոչարյանը Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ, և խորհուրդ տվեց զանգել նրան ու հետաքրքրվել այդ դիմումի մասին:
«Եթե Դավիթ Քոչարյանը Հայաստանում է, ուրեմն զանգեք հենց նրան, և նա կհաստատի, որ ինքն անձամբ է դիմում գրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին: Ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ նա կհաստատի, որ ապրիլի 11-ին անձամբ է գրել այդ դիմումը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին, ճի՞շտ են տեղեկությունները, թե Դավիթ Քոչարյանը հետ է վերցրել իր դիմումը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ դա թյուր տեղեկություն է, և նման բան չկա:
«Ես տեղյակ եմ միայն նրանից, որ, համաձայն ԱԺ կանոնակարգի, ապրիլի 28-ին ԱԺ-ում նիստ նախագահողը պետք է ընթերցի Դավիթ Քոչարյանի դիմումը մանդատից հրաժարվելու վերաբերյալ: Եվ եթե սահմանված 15-օրյա ժամկետում նա իր դիմումը հետ չվերցնի, ապա այդ դիմումը կընդունվի, և, համաձայն ընթացակարգի, թիվ 25 ընտրատարածքում կնշանակվեն նոր ընտրություններ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նաեւ իր տարակուսանքը հայտնեց, որ Դավիթ Քոչարյանի դիմումը որոշ լրատվամիջոցներ փորձում են դնել կասկածի տակ:
Yerkir.am-ի լրագրողը փորձեց պարզաբանում ստանալ Դավիթ Քոչարյանից: Զանգին պատասխանողը, իմանալով, որ լրագրողի հետ է խոսում, ասաց, որ խոսողը Դավիթ Քոչարյանը չէ, և որ հեռախոսը Դավիթ Քոչարյանի մոտ կլինի մեկ կամ երկու օրից: