կարևոր
2323 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-31 13:06
Քաղաքական

Ճիշտ չէ, որ հնարավոր է՝ առաջիկայում կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն․ Դավիթ Բաբայան

Ճիշտ չէ, որ հնարավոր է՝ առաջիկայում կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսություն․ Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը տեղեկություններ չունի, թե առաջիկա օրերին ԱՄՆ-ի միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը:

Այդուհանդերձ, նա Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե չի կարծում, որ հնարավոր է՝ առաջիկայում Ստեփանակերտ- Բաքու երկխոսություն կայանա։

Ըստ Բաբայանի՝ խնդիրը միջնորդությունը չէ, այլ այն, թե ինչի մասին պետք է բանակցեն ադրբեջանական կողմի հետ։

Արցախի նախկին արտգործնախարարը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրենք ընդհանրապես դեմ չեն հանդիպումներին, եթե պահպանվի համապատասխան ձևաչափը, սակայն այն Ադրբեջանը չի պահպանում:

«Բանակցությունների վերաբերյալ Բաքվի և Սեփանակերտի պատկերացումներն իրարամերժ են։ Ադրբեջանի պայմաններն էլ հայտնի են, այն է, որ Արցախը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, ապամոնտաժի իր բոլոր պետական ինստիտուտները, այդ թվում՝ բանակը, և չգիտեմ ինչ դառնա Ադրբեջանի կազմում: Սա մեզ համար ընդունելի չէ: Եթե բանակցում ենք իսկապես հակամարտության կարգավորման վերաբերյալ, դա այլ խնդիր է, բայց մենք ունենք իրարամերժ մոտեցումներ: Խնդիրը սա է: Հումանիտար հարցերի՝ գերիների, անհետ կորածների, էլեկտրաէներգայի, գազի և այլ հարցերի շուրջ կարող ենք հենց տեղում էլ խոսել։ Այս ամենը, սակայն, փակված հարց է՝ հաշվի առնելով հատկապես այս երկու օրերին կատարված իրադարձությունները»,- մատնանշեց Արցախի նախագահի խորհրդականը։

Ի դեպ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի կարծիքով էլ կրքերը թուլացնող լուծում կարող է լինել, օրինակ, ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների բանակցությունները։ Դավիթ Բաբայանն, անդրադառնալով հայկական կողմի հատուկ հանձնարարություններով դեսպանի մտքին, նշեց, որ պետք չէ նման հարցերին տեսականորեն մոտենալ։

«Ի՞նչ կրքեր թուլացնենք, տեսնում եք՝ ինչ վիճակ է, գնանք խոսենք, թե ինչպե՞ս են պետությունն ուզում ապամոնտաժել։ Ալիևը հիմա ծաղրում է հայոց պետականությունը, ասում է՝ սա պետություն չէ։ Դե, թող գնա Էդմոնը բանակցի ադրբեջանցիների՝ Երևան վերադառնալու շուրջ, ինչո՞ւ չի բանակցում։ Նույն հարցն է։ Վաղը գալու են և ասեն՝ Էդմոն արի Բաքու, պետք է խոսես և ասես, որ 100 հազար ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան, թող գնա բանակցի», - հավելեց նա։

Հիշեցնենք, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ առաջիկա օրերին ԱՄՆ-ի միջնորդությամբ եվրոպական քաղաքներից մեկում պետք է կայանա Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը: