կարևոր
4648 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-29 11:20
Քաղաքական

Ազատության շրջափակում Արցախը չի զգացել և չի զգում․ Դավիթ Իշխանյան

Ազատության շրջափակում Արցախը չի զգացել և չի զգում․ Դավիթ Իշխանյան

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ

—Արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախը շրջափակման մեջ է։ Այս աննախադեպ իրավիճակում ի՞նչ մթնոլորտ է Արցախում և ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրությունը:

—Անցած ժամանակահատվածում կուսակցական մարմինները և ԱՀ ԱԺ պատգամավորները առիթներ ունեցել են անմիջականորեն շփվելու ժողովրդի հետ և ստուգելու ժողովրդի ընդհանուր տրամադրությունն ու տրամադրվածությունը: Անշուշտ, բավականին բարդ է իրավիճակը. 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո պատերազմի ծանր հետևանքների պայմաններում քաղաքական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, բարոյահոգեբանական և ամենակարևորը՝ անվտանգային առումներով Ադրբեջանը ձեռնարկում է հերթական քայլը, որն ունի հատուկ նպատակ՝ բարոյահոգեբանական ճնշում գործադրել և Արցախից ժողովրդին տարհանելու գաղափար սերմանել: Ժողովրդի տրամադրվածությունը շատ համահունչ է այն գաղափարներին ու նպատականերին, որոնք մենք նախանշել ենք 1988-ին, այն մոտեցումներին, որ վերջին 30 տարիներին տիրում էր ոչ միայն Արցախում, այլև ընդհանրապես համայն հայ ժողովրդի մեջ: Շատ կարևոր է, որ Սփյուռքի մեր հայրենակիցներին ևս փոխանցվի այս պատգամը և այստեղ տիրող տրամադրությունը. Արցախը շարունակում է պայքարը:

—Որքանո՞վ է Արցախի իշխանություններին հաջողվել ապահովել կենսագործունեությունը, ինչպե՞ս են գործում պետական հիմնարկները, սպասարկման և մյուս ծառայությունները:

—Սա սովորական իրավիճակ չէ, պետք է հասկանալ, որ գտնվում ենք ոչ միայն պատերազմական, արտակարգ իրավիճակում, այլև այնպիսի իրավիճակում, որի մեջ կայինք 90-ական թվականների սկզբին: Հիշենք, որ 1990-ականներին Լեռնային Ղարաբաղը ամբողջապես կտրված էր մայր հայրենիքից, չկար ցամաքային կապ, մեր կապը մասամբ ապահովվում էր օդային ճանապարհով, ավելի ստույգ՝ ուղղաթիռներով, իսկ այսօր օդային ճանապարհը փակ է, ցամաքային կապն ամբողջովին արգելափակել են Ադրբեջանի, այսպես կոչված, «էկոակտիվիստները» և ստեղծել նոր իրավիճակ:
Իշխանությունների ձեռնարկած քայլերի շնորհիվ հնարավորություն է ընձեռվել նախ և առաջ ճշգրտել մեր ունեցած կարողությունները, մեր անվտանգային պարենային պաշարները, ռեսուրսները, ինչպես նաև մշակել բաշխման համապատասխան մեխանիզմներ։ Սահմանած կտրոնային համակարգը մեղմել է ընդհանուր կացությունը և ստեղծել համակարգված իրավիճակ: Թեև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի գրասենյակի, ինչպես նաև ռուս խաղաղապահների հետ վարած բանակցությունների շնորհիվ հնարավորություններ են ստեղծվել, այդուհանդերձ շատ կարևոր է ժողովրդի կողմից իրավիճակի ընկալման գիտակցությունը: Հավանաբար մեր թշնամիները ակնկալում էին նաև ներքին սոցիալական ընդվզումներ, բայց Արցախի ժողովուրդն այս իրավիճակում ևս ի ցույց դրեց իր իմաստությունը և այս ծանր պայմաններում խոր գիտակցումով մոտեցավ իրավիճակին, նույնիսկ իշխանությունների բացթողումներն ու որոշ վրիպումներ աննկատ մնացին: Ստեղծվել է կառավարելի կացություն, ընդհանուր մատակարարումները բավարարում են բնակչության գոնե նվազագույն կենսական պահանջները:

— Ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի որդեգրած դիրքորոշման վերաբերյալ, ի՞նչ կարող էր անել և ի՞նչ պետք է աներ Հայաստանի իշխանությունը:

—Վերջին չորս տարիներին առիթներ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը։ Հետպատերազմյան շրջանում ակնհայտ էր, թե ինչպիսի քաղաքական գիծ են ընդունել Հայաստանի իշխանությունները, ինչի հետևանքով մենք հայտնվել ենք քաղաքական մեկուսացման մեջ: Անցած 30 տարիներին ԱՀ և ՀՀ համատեղ գործունեության շնորհիվ մենք կարողացել ենք ստեղծել մեզ համար կենսունակ պայմաններ: Հետպատերազմյան շրջանում առավել անհրաժեշտ էր, որպեսզի ՀՀ իշխանությունները հոգածություն տածեին և նաև նոր քաղաքական վարքագիծ դրսևորեին Արցախի ապագայի և այն հիմնախնդիրների նկատմամբ, որոնք ծառացած են մեր առջև: Ցավոք սրտի, հակառակ գործընթացն է ընթացել և ընթանում. Հայաստանի իշխանությունները որոշ նյութական և սոցիալական խնդիրների լուծման փաստերը ներկայացնելով որպես Արցախի ժողովրդին և Արցախի ապագային միտված հիմնական աջակցություն ու օժանդակություն՝ թյուր տպավորություն են փորձում ստեղծել:

Արցախի հարցով կարևոր են Հայաստանի իշխանությունների կողմից երկու ուղղությամբ տարվող աշխատանքները՝ քաղաքական և անվտանգային: Անշուշտ, անվտանգային հարցերն առաջնային են:

Անվտանգային համակարգի մեջ մենք նախ և առաջ դիտարկում ենք Հայաստանի Հանրապետությանը՝ որպես Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի: Հայաստանը հրաժարվել է անվտանգային երաշխավորի պարտականությունից: Այս մասին պաշտոնապես չի հայտարարվում, չի բարձրաձայնվում, բայց իրականությունն այն է, որ Հայաստանը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, այն, ինչ ակնկալում ենք և այն, ինչ մեզ անհրաժեշտ է:

Իհարկե, կան համագործակցության որոշակի դրսևորումներ և համատեղ որոշ քայլեր, բայց սրանք բավարար չեն, անհրաժեշտ է ամուր և միասնական անվտանգային համակարգ՝ իր բոլոր բաղադրիչներով, որը ստեղծվել էր տասնամյակների տքնաջան աշխատանքի շնորհիվ, այո՛, այն այսօր խոցված է, անդամալույծ, սակայն կարևոր է գիտակցել, որ առանց այդ միասնական համակարգի մեր հայրենիքը խոցելի է լինելու: Այստեղ է Հայաստանի իշխանությունների հիմնական դերակատարությունը: Տեսնում ենք, թե ինչպես են իրենց որդեգրած անհասկանալի քաղաքական վարքագծով, հետևողական քայլերով և տարբեր պատճառաբանություններով ամբողջապես փլուզում երկրի անվտանգային համակարգը։

Հաջորդ խնդիրը քաղաքական պաշտպանվածության հարցն է, որի կարիքը զգում է Արցախի Հանրապետությունը և Արցախի ժողովուրդը: Հայաստանի իշխանությունները վարչապետի, ԱԳՆ, Անվտանգության խորհրդի քարտուղարի կամ խորհրդարանական դիվանագիտության մակարդակով չեն ստեղծում այն պայմանները, որոնց միջոցով Արցախը պետք է հնարավորություն ունենա ներկայանալ միջազգային բեմահարթակում: Այստեղ ևս նկատելի է Հայաստանի իշխանությունների կողմից ոչ միայն պարտադրված նահանջ, այլև միտումնավոր հետքայլ: Ըստ իս՝ դրա մեջ ակնառու է Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի և անուղղակի դերը։

—Ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանի վարչապետի այն հայտարարություններին, թե Ադրբեջանն ու Արցախը միմյանց հետ պետք է բանակցեն Արցախի հարցի վերջնական կարգավորման և առհասարակ առկա բոլոր խնդիրների շուրջ:

—1994 թ. զինադադարի ստորագրումից հետո բանակցային գործընթացը վարվում էր եռակողմ ձևաչափի՝ Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շրջանակներում:

Ցավոք սրտի, հետագայում փոխվեց այս ձևաչափը, Արցախը դուրս մղվեց բանակցային գործընթացից և այն դարձավ երկկողմ՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթաց:

Այնուհետև ականատես եղանք, թե ինչպես էր Ադրբեջանը ձգտում Ղարաբաղյան հակամարտության էությունը փոխել և այն դարձնել Հայաստան-Ադրբեջան համակարտություն: 2020 թ. պատերազմից հետո դա հաջողվեց Ադրբեջանին։ Այնուամենայնիվ, խնդիրը Հայաստանի իշխանությունների մոտեցումն է, նաև այն, թե ինչպիսի քաղաքական ուղղվածություն են որդեգրում Հայաստանի իշխանությունները:

2020 թ. հետպատերազմյան շրջանում Հայաստանի իշխանությունները, ակնհայտորեն քաղաքական նահանջ ապահովելով, փորձում են դեմ հանդիման թողնել Արցախին և Ադրբեջանին: Ադրբեջանը Արցախի իշխանությունների հետ ունեցած կենցաղային, հատկապես կոմունիկացիաներին վերաբերող որոշակի շփումները փորձում է ներկայացնել որպես ուղղակի երկխոսություն: Ուղղակի երկխոսություն կարող է լինել, եթե քաղաքական հարթության մեջ, քաղաքական հարցերի շրջանակներում կա հավասարը հավասարի հետ բանակցություն: Այս պայմաններում դժվար է միահավասար սկզբունք ձևակերպել և դրանով առաջնորդվել: Անգամ Հայաստանը և Արդբեջանը այդ սկզբունքով չեն կարողանում փոխհարաբերվել: Այնուհանդերձ ակնհայտ է, թե ինչպես է Հայաստանում իշխող համակարգը Արցախին ուղղակիորեն մղում դեպի Ադրբեջան, ինչը նման է նրան, երբ զոհին ուղղորդում ես դեպի գազանը: Այսօր հայտնվել ենք հենց այդ զոհի կարգավիճակում: Այդուամենայնիվ Ադրբեջանի հետ շփումներին և երկխոսելուն երբեք դեմ չենք եղել: Վերջին շրջանում նաև ունեցել ենք ներքին քննարկումներ, որոնց ընթացքում արձանագրել ենք, որ երկխոսելը նպատակահարմար է և այդ երկխոսության մեջ պետք է դիտարկել ոչ միայն տնտեսական, սոցիալական ոլորտներին առնչվող խնդիրները, այլև մեր քաղաքական ապագային և մեր կարգավիճակին վերաբերող հարցերը: Մենք՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, դեմ չենք Արդբեջանի հետ երկխոսելուն, բայց շատ դժվար է այդ երկխոսությունը ծավալել հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանություններն իրենց խոսույթում Արցախը դիտարկում են որպես Ադրբեջանի մաս: 1989 թ. դեկտեմբերի 1-ի Հայկ. ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի որոշումը, ինչպես նաև 1992 թ. հուլիսի 8-ի Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումները պետք է լինեն մեր ապագա կարգավիճակի հիմքը:

— Որքան էլ Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները ցանկանան համոզել, թե Արցախի հարցը լուծված է, շահագրգիռ ուժերն ու նրանց ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ հարցը փակված չէ, և գոյություն ունի Արցախի կարգավիճակի խնդիր: Արցախի շրջափակումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից պարբերաբար կազմակերպվող զանազան սադրանքներն արդյոք չե՞ն փաստում, որ Ադրբեջանի կազմում արցախահայությունը ապագա չի կարող ունենալ:

— 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմն ակնհայտորեն որդեգրել է մի քաղաքական գիծ, ըստ որի՝ այլևս չկա Ղարաբաղի հիմնահարց, այն լուծված է, և այդ հիմնահարցի շուրջ որևէ միջազգային քննարկում անիմաստ է: Հայկական կողմը պնդում է, որ այս հիմնահարցը հանգուցալուծված չէ, ուստի Ղարաբաղի հիմնահարցի լուծման համար լրացուցիչ քննարկումներ կազմակերպելու և հավելյալ միջազգային հարթակներ օգտագործելու անհրաժեշտություն կա: Ղարաբաղի հիմնահարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը գրեթե չկա, այն անդամալույծ վիճակում է, եթե չասեմ՝ լուծարված:

Այդ մասին պարբերաբար որոշ տեսակետներ են ներկայացնում հենց համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչները, երբեմն նաև առաջին դեմքերի մակարդակով լսում ենք տարբեր տեսակետներ, բայց փաստն այն է, որ Մինսկի խմբի ձևաչափն այսօր կենսունակ չէ և չի կարող ապահովել այն պահանջները, որոնք մենք ակնկալում էինք: Մենք որոշ փորձեր արել ենք՝ օգտագործելու միջազգային տարբեր հարթակները, ինչպիսիք են ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Եվրախորհրդարանը, Եվրամիությունը:

Մենք փորձում ենք աշխարհին ապացուցել, որ Արցախը չի կարող մնալ հայկական, եթե այս տարածաշրջանում չլինի հայկական պետական համակարգ:

—Այսօր շատ է խոսվում համահայկական միասնականության ձևավորման, նաև հայկական եռամիասնության պայքարի նոր փուլ սկսելու մասին: Ո՞րն է այս հարցերի շուրջ Ձեր տեսակետը, ի՞նչ տրամադրություններ կան արցախահայության մեջ:

—Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման առումով կարևոր է ունենալ համահայկական ներքին միասնություն, ներքին համախոհ մթնոլորտ, նաև ձևավորված միասնական օրակարգ: Հիմնական առանցքը հենց Արցախն է, Արցախի իշխանությունների որդեգրած քաղաքական գիծը և մեր համահայկական ներուժը՝ ի դեմս Սփյուռքի: Եռամիասնության ձևաչափը և եռամիասնության շրջանակում գործելու հնարավորությունները տասնամյակներ ի վեր մեզ տվել են համապատասխան արդյունքներ թե՛ քաղաքական ոլորտում և թե՛ տնտեսական կամ սոցիալական տարբեր խնդիրներում: Սակայն ինչպես տեսնում ենք, 2018 թ. Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից, իսկ առավել ևս 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո խախտված է այս եռամիասնությունը։

Միասնության վերականգնման հարցում մեր կազմակերպությունը՝ ՀՅԴ-ն, պետք է առանցքային դեր ունենա: Շատ կարևոր են այն ջանքերը, որոնք մենք գործադրում ենք Սփյուռք-հայրենիք միասնությունն ու Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը վերակագնելու համար:

Արցախում տիրող ներքին համախոհության մթնոլորտը կարող է լավագույն օրինակը լինել թե՛ ՀՀ-ի, թե՛ Սփյուռքի համար: Արցախում վերջին երկու տարիների ընթացքում այդ ամենի համար պարարտ հող ենք նախապատրաստել: Ստեղծված նոր իրավիճակում հետպատերազմյան շրջանի բոլոր մանր խնդիրները մի կողմ դնելով, տարբեր քաղաքական ուժերին համախմբելով և իշխանությանը աջակցելով առաջատարի դեր ստանձնելու հարցում՝ համախոհության մթնոլորտ է ապահովվել։ Կարևոր է, որպեսզի սա գիտակցի յուրաքանչյուր հայ և հայկական կառույց, և ի վերջո՝ Հայաստանի իշխանությունները: Սփյուռքում այդ առումով ևս պարարտ հող կա, Սփյուռքը թեկուզև որոշակիորեն հիասթափված և հուսալքված է 2020 թ. պատերազմի ծանր պարտությունից հետո, այնուամենայնիվ նկատելի է որոշակի աշխուժություն և ակտիվություն: Մենք Արցախից այդ ազդակներն ուղարկում ենք, նախադրյալներ ենք ստեղծում, սակայն մեզ համար գլխավոր խնդիրը Հայաստանն է և Հայաստանում ստեղծված ներքին քաղաքական մթնոլորտը:

Մենք՝ որպես ՀՅԴ Արցախի և ՀՅԴ համահայկական կառույց, կարող ենք մեծ դերակատարություն ունենալ՝ մեր ընդհանուր ծրագրերով, նպատակներով, նաև հավատարիմ մնալով մեր առաքելությանը և մեր սկզբունքներին: Դաշնակցությունը միշտ կարողացել է կարևորը երկրորդականից զանազանել և շատ դեպքերում միավորողի դեր ստանձնել: Արցախն այս առումով որոշակի քայլեր պիտի նախաձեռնի։

Արցախում ծավալված քաղաքական զարգացումները վերջին մի քանի ամիսներին ստեղծում են այդ հնարավորությունը, և այս ալիքը, որ նորից բարձրանում է Արցախում, կարող է դառնալ համահայկական միասնության հիմքը: Կարևոր է ի մտի ունենալ այն, որ անցած տասնամյակներին մենք որդեգրել ենք Արցախի և Դաշնակցության բնական դաշնակիցներ լինելու գաղափարը: Այդ գաղափարը օգտագործելով՝ մենք կարող ենք ներազդել Հայաստանի ներքին կյանքի վրա, այնտեղ ևս ստեղծել համապատասխան մթնոլորտ, իսկ Սփյուռքը հիմք ընդունելով այս դաշինքը և վերոնշյալ երկու կարևոր ուժերի գործոնը՝ կարող է համապատասխան վարքագիծ դրսևորել: Ի դեպ, այս ուղղությամբ մենք ունեցել ենք ներքին քննարկումներ կուսակցության շրջանակներում, ինչպես նաև Արցախի իշխանությունների, երկու վեհափառների, Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար կազմի հետ: Մեզ անհրաժեշտ է այս քննարկումներին հաղորդակից դարձնել նաև ՀՀ իշխանություններին և ունենալ որոշակի հանգուցալուծում, որը կարող է լինել համահայկական համաժողովի միջոցով՝ եռամիասնության գաղափարի ձևաչափով: Այդ համաժողովը կարող է լինել եռամիասնության վերականգման նոր սկիզբը, ինչպես նաև ճշգրտել մեր հիմնական խնդիրները համատեղ գործունեության համար:

-Ուզում եմ անդրադառնալ նաև այն զարմանալի փաստին, որ նման դրամատիկ պայմաններում հայտնված արցախահայությունը դրամահավաք է իրականացնում երկրաշարժից տուժած սիրիահայությանն օգնելու նպատակով։ Համոզվում ես, որ իսկապես արտառոց ժողովուրդ ենք, երբ իրար հետ համեմատում ենք հայի այս տեսակը և ազգին պառակտած մյուս տեսակը, որն այսօր ղեկավարում է Հայաստանը:

—Արցախի ժողովորդը միայն իր համար չէ, որ պետք է մտահոգված լինի, Արցախը տարիներ և տասնամյակներ զգացել է Սփյուռքի հոգածությունն իր նկատմամբ, Արցախը միշտ էլ գիտակցել է, թե ինչպիսի ծանր պայմաններում են սփյուռքահայ մեր եղբայրները կազմակերպում իրենց նվիրահավաքները, քաղաքական աջակցություն ցուցաբերում Արցախին և ըստ իս՝ որևէ իրավիճակ, որևէ մթնոլորտ չի կարող ազդել արցախցու հոգեբանության և վարքագծի վրա: Այո՛, մենք գտնվում ենք շրջափակման մեջ, բայց մեր միտքն ու հոգին շրջափակված չեն: Շատ կարևոր է գիտակցել այդ ամենը և փորձել այդ ազատությունն արտացոլել և տարածել նաև այլ միջավայրերում: Հզոր երկրաշարժից հետո մեր սիրիահայ եղբայրնեը գտնվում են ծանր վիճակում, ուստի անհրաժեշտ է ձեռք մեկնել նրանց որպես միասնականության դրսևորում:

Այո՛, այստեղ դժվար իրավիճակ է, բայց եղբորդ օգնելու պատրաստակամությունը տասնամյակներ ի վեր մենք տեսել ենք և այս պայմաններում, անշուշտ, չէինք կարող անտարբեր մնալ: Դաշնակցության կառույցը ՀՕՄ-ի միջոցով հանդես եկավ նման նախաձեռնությամբ, որը բնականաբար ողջունեցին Արցախի իշխանությունները: ԱՀ իշխանությունների և ՀՕՄ-ի համատեղ ջանքերով է իրականացվում այդ նվիրահավաքը: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ Արցախի ժողովուրդը բարձր գիտակցություն ցուցաբերելով՝ իր ունեցածից մասնաբաժին է տալիս: Վստահ ենք, որ նման թեկուզ փոքր քայլերով մենք կարող ենք լավագույն օրինակը ցույց տալ ոչ միայն մեր ժողովրդին, այլև ամբողջ աշխարհին: Շրջափակումը միայն կարելի է դիտարկել տնտեսական և սոցիալական բաղադրիչներով, բայց ազատության շրջափակում Արցախը չի զգացել և չի զգում, դրա լավագույն դրսևորումներից մեկը սիրիահայությանը ձեռք մեկնելն է և նրանց մեր ունեցածից մասնաբաժին տալը:

Հարցազրույցը վարեց Տաթևիկ Աղաջանյանը