Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն երկու ամիս է, ինչ Ադրբեջանի իշխանությունները փակել են Արցախը Մայր Հայաստանին կապող, այս պահին գործող միակ ճանապարհը՝ օկուպացված Բերձորի շրջանով անցնող, այսպես կոչված, Լաչինի միջանցքը։ Ստեղծված իրավիճակը բազում անհանգստություններ է պատճառում ոչ միայն Արցախին, այլև Ադրբեջանին, որի իշխանությունները երկու ամիս շարունակ ստիպված են դիմակայել միջազգային տարբեր հարթակներից հնչող քննադատությանը։ Փակ ճանապարհը մեծ խնդիր է նաև Ռուսաստանի համար, որը փաստորեն չի կարողանում կատարել իր ստանձնած միջազգային պարտավորություններն ու ապահովել Լաչինի միջանցքի անխափան գործունեությունը։
Որքան էլ պարադոքսալ հնչի, Արցախի ճանապարհի փակ լինելը ամենաքիչը պաշտոնական Երևանին է հուզում։ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ, այսպես կոչված, Լաչինի միջանցքը Ռուսաստանի պատասխանատվության գոտում է, և որ Հայաստանն այդտեղ անելիք չունի։ Ավելին, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներն Արցախը Ադրբեջանի մաս են ճանաչում և նշում, որ այնտեղ բնակվող 120.000 մարդկանց պատճառով չեն կարող վտանգել Հայաստանի 3 միլիոն բնակչությունը։
ՀՀ իշխանությունների այս բացառիկ ցինիզմը, ցավոք, արդեն սովորական է դարձել Հայաստանի և Արցախի քաղաքացիների համար։ Մեր հանրությունը չի ընդդիմանում Փաշինյանի կառավարության սույն քաղաքականությանն ու գործելաոճին՝ կարծես խաչ քաշած լինելով այս իշխանությունների վրա։ Արտասահմանում հայկական պետականության գործառույթները ստանձնել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, որի կառույցները շարունակ ակցիաներ են իրականացնում Եվրոպայի, ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի տարբեր քաղաքներում՝ պահանջելով իրենց կառավարություններից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա և բացել Արցախի ճանապարհը։
Իսկ ահա Արցախում բավական հետաքրքիր և հուսադրող գործընթացներ են սկսվել։ Չնայած այն հանգամանքին՝ որ հայկական երկրորդ պետությունը գտնվում է հումանիտար աղետի եզրին, արցախահայությունը դիմադրելու և թշնամուն ոչինչ չզիջելու որոշում է կայացրել։ 2022 թ․ դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում համաժողովրդական մեծ հանրահավաք է տեղի ունեցել, որի ընթացքում տեղի բնակիչները հստակ բարձրաձայնել են Ադրբեջանի ճնշումներին դիմակայելու իրենց որոշման մասին։ Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը հնարավորությունների սահմաններում բավական արդյունավետ է լուծում շրջափակման մեջ հայտնված բնակչության խնդիրները։
Սույն տարվա հունվարի 18-ին համացանցում լուրեր տարածվեցին այն մասին, որ Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների միջնորդությամբ հունվարի 15-ին կամ 16-ին հանդիպել են ԼՂՀ և Ադրբեջանի ներկայացուցիչները և քննարկել, այսպես կոչված, Լաչինի միջանցքի բացման հնարավորությունը1։ Ըստ տարածված լուրերի՝ որոնք հետագայում հաստատվել են նաև պաշտոնական Ստեփանակերտի կողմից, Արցախի կողմից սույն հանդիպմանը մասնակցել է նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ Ադրբեջանի կողմից՝ գլխավոր շտաբի պետի տեղակալը, ՆԳ նախարարն ու ևս մեկ ներկայացուցիչ կառավարությունից։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով այս հանդիպման արդյունքների մասին, ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ըստ իրեն՝ առաջիկայում Լաչինի միջանցքի հարցը կլուծվի2։ Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմն այդ հանդիպման ընթացքում կոնկրետ պահանջներ է դրել Արցախի իշխանությունների առջև։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ խոսքը վերաբերում է հետևյալ հինգ պահանջներին՝
1. Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկություն,
2. Ադրբեջանական պոստերի պարտադիր տեղակայում Ստեփանակերտի մոտակայքում,
3. Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին տեսահսկող և ռենտգեն նկարահանման սարքերով հագեցած ադրբեջանական անցակետերի տեղադրում,
4. Արցախի ամբողջական զինաթափում,
5. Կաշենի հանքի փակում3
Ադրբեջանական կողմի այս պահանջներից յուրաքանչյուրը մեծ սպառնալիք է Արցախի ոչ միայն ինքնուրույնության պահպանման, այլև ընդհանրապես հայկական մնալու համար։ Չնայած Արցախի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ պատրաստակամություն են հայտնել կատարելու Ադրբեջանի պահանջները՝ այնուամենայնիվ, գերակշռող է դարձել այն դիրքորոշումը, որ թեև մեծ զոհողությունների գնով, բայց պետք է շարունակել Արցախի անկախության համար մղվող պայքարը։ Ի վերջո ստեղծվել է մի իրավիճակ, որը բոլոր դժվարություններով հանդերձ, ամեն դեպքում նաև հնարավորություններ է ստեղծում հայկական երկրորդ պետության համար։
Փորձենք անդրադառնալ դրանցից մի քանիսին։
Հայտնի ճշմարտություն է, որ ադրբեջանա-արցախյան հակամարտությունն ընթանում է ոչ միայն տեղում՝ այսպես ասած, հողի վրա, այլև քաղաքական, քարոզչական և միջազգային տիրույթներում։ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ, հատկապես՝ 2020-ի պատերազմի ավարտից հետո բոլոր հնարավոր հարթակներում զարգացնում էին այն թեզը, իբր Ադրբեջանի կազմում Արցախի հայությունը նույն իրավունքներն ու հնարավորություններն է ունենալու, ինչ Ադրբեջանի մյուս քաղաքացիները։ Պաշտոնական Բաքուն փորձում էր ներկայանալ իբրև հանդուրժող, արցախահայության հետ հաշտություն փնտրող և նրանց համար լավ ապագա կերտող երկրի իշխանություն, որն արդեն օրակարգ էր բերել հայերի «ռեինտեգրացիայի» գործընթացը։ Սակայն Արցախի վերջին երկու ամիսների շրջափակումը, այնտեղ մատակարարվող էներգակիրների պարբերական արգելափակումը, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացվող հարձակումները, դրան զուգահեռ ընթացող քաղաքական ու հոգեբանական ճնշումները, ինչպես նաև ռազմական ուժով շարունակ սպառնալը լավագույն ձևով բացահայտում են Բաքվի իշխանությունների և ընդհանրապես ողջ Ադրբեջանի ընդգծված հայատյաց բնույթը։
Արցախի իշխանությունները, ինչպես նաև Հայաստանի մտահոգ քաղաքացիներն ու Սփյուռքի հայկական կառույցները հրաշալիորեն կարողանում են հասցնել այդ ուղերձը միջազգային հանրությանը։ Հիմա այլևս պատրանքներ չկան, նույնիսկ ընդգծված պրոադրբեջանական գործիչները խոստովանում են, որ Ադրբեջանի նպատակն Արցախը հայաթափելն է։ Եվ եթե արցախահայության ու Սփյուռքի ջանքերին միանար նաև Հայաստանի Հանրապետությունը, ապա այս հարցում հնարավոր էր շոշափելի հաջողություններ ունենալ։
Թշնամական երկրորդ կարևոր թեզը, որն այս օրերին ջախջախվում է Արցախում, հետևյալն է՝ իբր Լեռնային Ղարաբաղի խնդիրն արդեն լուծված է, և հակամարտություն այլևս գոյություն չունի։ Սա Ալիևի հաճախակի արվող հայտարարություններից է։ Վերջինս պատեհ և անպատեհ առիթներով մշտապես ասում է, իբր 2020-ի պատերազմի ընթացքում իրենք լուծել են «Ղարաբաղի հարցը» և նման հարց այլևս գոյություն չունի։ Նման հայտարարություններով Ալիևը փորձում է քաղաքական ուղիներով վերահսկողություն հաստատել ողջ Արցախի նկատմամբ և ի վերջո իսկապես լուծել այդ խնդիրը հօգուտ Ադրբեջանի։
Մինչդեռ միջազգային հանրությունն այս երկու ամիսների ընթացքում տեսավ, որ Արցախի հարցը ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ, այլև լարվելու և տարածաշրջանում ապակայունության նոր մթնոլորտ ստեղծելու ներուժ ունի։ Հետևաբար նաև անտեղին են այն բոլոր հայտարարությունները, թե որևէ միջնորդության կամ, առավել ևս, խաղաղապահ առաքելության խնդիր չկա։ Ճիշտ հակառակը՝ հենց հիմա է անհրաժեշտ վերսկսել քաղաքական պրոցեսը և կրկին փորձել օրակարգ բերել Արցախի կենսական շահերից բխող խնդիրները։
Երրորդ կարևոր խնդիրը, որն այս պահին դրական ընթացք է ստացել, սերտորեն փոխկապակցված է նախորդ երկու կետերի հետ։ Խոսքը վերաբերում է միջազգային ասպարեզում Արցախի սուբյեկտայնության վերականգնմանը։ Ադրբեջանի հետ հակամարտության այս ընթացքը թույլ է տալիս Արցախի իշխանություններին հաղորդակցության ուղիղ միջոցներ ստեղծել արտաքին աշխարհի հետ և ամենամեծ լսարաններ ունեցող լրատվամիջոցների եթերներից խոսել առկա խնդիրների մասին։ Միևնույն ժամանակ արևմտյան բազում երկրների քաղաքական գործիչներ և նույնիսկ խոշոր կառույցներ սկսել են պաշտպանել Արցախի շահերը, դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ և հակամարդկային քաղաքականությունն ու լուծումներ փնտրել Արցախի համար։
Այս երեք կարևոր հարցերը, որոնք ակտիվորեն շրջանառվում են Արցախի շրջափակման հետևանքով, ունեն իրենցից բխող բազում ենթահարցեր, որոնք նույնպես շատ կարևոր են հայկական երկրորդ պետության համար։ Դրանցից է, օրինակ, Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի առաքելության ժամկետների երկարաձգումը 2025-ից հետո։ Սա նույնպես այն մարտահրավերներից է, որը շատ օրհասական է Արցախի համար։ Ցավոք, 44-օրյա պատերազմից հետո ԼՂՀ-ն կորցրել է իր անվտանգությունն ինքնուրույն և լիարժեք ապահովելու կարողությունը։ Այս հարցում չափազանց մեծ է ռուս խաղաղապահների դերը, որոնց ադրբեջանական կողմն ամեն գնով ցանկանում է հեռացնել Արցախից 2025 թ.։
Արցախում խաղաղապահների առաքելությունը շարունակելու համար անհրաժեշտ են հիմնավորումներ։ Այսինքն՝ պետք է լինի այնպիսի իրավիճակ, որի առկայության դեպքում խաղաղապահների դուրսբերումն Արցախից պարզապես անհնարին կլինի։ Ըստ ամենայնի՝ կլինի պատերազմի վերսկսման և մեծ արյունահեղության իրական վտանգ։ Արցախի շրջափակումը վկայում է այն մասին, որ խաղաղապահների հեռանալուց հետո Ադրբեջանը կընտրի հենց այդ ուղին։ Եվ սա կարևոր հիմք է՝ պնդելու, որ ռուս խաղաղապահները չեն կարող դուրս բերվել Արցախից։
Այս հարցը ևս մեկ նրբություն ունի, որին պետք է զգույշ վերաբերվել։ Խոսքը վերաբերում է Արցախում կոնֆլիկտայնության աստիճանի պահպանման անհրաժեշտությանը։ Այո՛, ստեղծված իրավիճակում այդ կոնֆլիկտայնությունն անհրաժեշտ է հենց հայկական կողմին։ Միայն կոնֆլիկտայնության համապատասխան մակարդակի պահպանման դեպքում հնարավոր կլինի լուծել վերոնշյալ բոլոր խնդիրներն անգամ այն բանից հետո, երբ հանկարծ ադրբեջանցիները առանց որևէ պայմանների, բացեն Արցախի ճանապարհը։
Վերոհիշյալ բոլոր դրույթները նաև վկայում են այն մասին, որ Արցախի խնդրում հայ ժողովուրդը պայքարի ու դժվարությունների երկար ճանապարհ ունի անցնելու։ Այս հարցում մենք պետք է առավելագույն չափով անկեղծ լինենք ժողովրդի հետ և նախապատրաստենք նրան այդ դժվարություններին։ Գիտեմ, որ սրա մեջ լավատեսություն քիչ կա, բայց այլընտրանքը ազգային ողբերգությունն է։ Ուստի պետք է պատրաստվել երկարատև պայքարի։ Այդ ռեսուրսը մեր ժողովուրդն ու պետություններն ունեն։ Սա մի գործ է, որը հիրավի պետք է արվի։ Անհրաժեշտ է դիմանալ և հաղթել։
_________________________________
Հղումներ
1. https://www.24news.am/news/267602, (մուտք՝18.01.2023):
2. https://www.interfax.ru/world/881245, (մուտք՝18.01.2023):
3. https://www.pastinfo.am/hy/news/2023/01/18/4wg8nldgt/1520321, (մուտք՝18.01.2023):
Հրանտ Մելիք-Շահնազարյան