Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
7or.am-ը գրում է․
Արցախի նախագահի պաշտոնն զբաղեցնող Արայիկ Հարությունյանը հայտարարեց, թե «ծայրահեղ քայլի» է դիմում և… նստացույց հայտարարեց, միացավ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող շարունակական հավաքին:
Բացի նստացույց հայտարարելը, Արայիկ Հարությունյանը մի երկարաշունչ ճառ ասաց, որտեղ բացարձակապես ոչինչ չասաց Նիկոլ Փաշինյանի և նրա՝ Արցախն ուրանալու քաղաքականության և հայտարարությունների մասին: Հիմնական «մեսիջները» այսպես կոչված՝ «միջազգային հանրությանն» էին ուղղված:
Այս ամենի առնչությամբ ծագում են մի շարք հարցեր: Առաջինը, թերևս, այն հարցն է, որ պրոֆեսոր Ստրավինսկին ուղղեց պոետ Իվան Անապաստանին. «Եվ այսպես. դուք նորմա՞լ եք»:
Չէ, բայց լուրջ, ստեղծված իրավիճակում ԼՂՀ նախագահի պաշտոնն զբաղեցնողի կողմից նստացույց հայտարարելը նորմա՞լ է: Ավելի ճիշտ՝ դա ընդհանրապես իրավիճակին համարժեք արձագանքող անձնավորությա՞ն պահվածք է, ադեկվա՞տ է:
Պատերազմի օրերին, օպերատիվ կառավարման համար նախատեսված բունկերում նստած որոշումներ ընդունելու փոխարեն, Արայիկ Հարությունյանն ավելի շատ զբաղված էր Նիկոլ Փաշինյանի՝ ստախոսության ու հայությանը մոլորության մեջ գցելու ծրագիրն սպասարկելով: Կհիշեք, առաջնագծում սուրճ էր խմում, ինչ-որ ցուցադրական բաներ էր անում, հաղթանակից էր խոսում, մինչդեռ հրաշալի գիտեր՝ ինչպիսին է իրական պատկերը ու 44 օրվա մեջ մի անգամ ճիշտ խոսք չասաց ժողովրդին:
Հիմա էլ՝ այս նստացույցի թատրոնը: Որ ի՞նչ: Որ մարդկանց անիմաստ մոլորեցնե՞ն: Թե՝ տեսեք-տեսեք՝ նստացույց էլ արեցի՞նք:
Ո՞վ, եթե ոչ Արայիկ Հարությունյանն է անմիջական պատասխանատվություն կրում այն բանի համար, որ պատերազմի սկզբից իսկ քննարկումների, որոշումներ ընդունելու գործընթացներից «բլոկ արվեցին» ճգնաժամային իրավիճակներում կառավարման, պատերազմական մեծ փորձ ունեցող քաղաքական ու ռազմական գործիչները: Դա էլ, հասկանում եք, Նիկոլ Փաշինյանի հրահանգն էր, որն Արայիկ Հարությունյանը լիովին կատարեց:
Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի դեմ, Արցախն ուրանալու, Արցախը ադրբեջանական հռչակելու մասին հայտարարություններից հետո թշնամին անցել է տոտալ պաշարման, Արայիկ Հարությունյանը շարունակում է շոու անել, թատրոն է խաղում: Թե՝ «նստացույց եմ անում»:
Գիտե՞ք ինչ, եթե միակ բանը, ինչ կարող է անել ԼՂՀ նախագահի պաշտոնն զբաղեցնող անձնավորությունը, նստացույցն է, ավելի լավ է առնվազն հրաժարական տա: Որովհետև նման իրավիճակում նրա նստացույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական անզորության ու, որպես պետական բարձրաստիճան պաշտոնյա՝ անպետքության ուղիղ խոստովանություն:
Արայիկ Հարությունյանը դիմում է «միջազգային հանրությանը»: Իսկ «միջազգային հանրությունն» ասում է. Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է ադրբեջանական, իսկ եթե հումանիտար ճգնաժամից եք խոսում, ապա խնդրեմ, գնացեք, Ադրբեջանը Աղդամով պատրաստ է հումանիտար բեռների համար ճանապարհ տալ: Սա «միջազգային հանրությունն» է ասում: Ու ասում է, որովհետև Արայիկ Հարությունյանի պաշտած Նիկոլ Փաշինյանը (ում նախընտրական շտաբում, ի դեպ, նա 2021-ին վազվզում ու «ծառայություններ էր մատուցում») Արցախը ճանաչել է ադրբեջանական:
Ու հիմա, առանց դրա մասին խոսելու, առանց դիրքորոշում հայտնելու, Արայիկ Հարությունյանի կողմից «միջազգային հանրությանը» դիմելը հենց թատրոն է ու շոու: Մնում է, որ մի հատ էլ, օրինակ, Արարատ Միրզոյանը հացադուլ հայտարարի՝ ի համերաշխություն Արայիկ Հարությունյանի նստացույցի:
Եվ հետո, ի՞նչ է նշանակում նստացույց է անում՝ որպես «ծայրահեղ քայլ»:
Պետության ղեկավարի նստացույցը «ծայրահեղ քայլ» չի, այլ հուսահատ: «Ծայրահեղ քայլ» անողը չի գնում հայկական գյուղերը հայաթափում, որ թշնամին գա՝ դիրքավորվի: Ծայրահեղ քայլ անողը դնում է ու վերացնում է շրջափակումը ու բոլորին կանգնեցնում փաստի առաջ: Արայիկ Հարությունյանը միակ օգտակար բանը, որ կարող է անել, այն է, որ հեռանա, ցանկալի է՝ Նիկոլ Փաշինյանին գրկախառնված:
Հ.Գ. Որքան փորձեցի պատկերացնել Արցախի ղեկավարներին՝ 1992 թվականի օգոստոսին կամ սեպտեմբերին նստացույց անելիս, ոչ մի կերպ չստացվեց: Այն ժամանակ մարդիկ, որ իրական առաջնորդներ էին, այլ ոչ թե սրանց նման շոումեններ, նստացույց չէին անում, պատերազմ ու պայքար էին գլխավորում, բանակ էին ստեղծում ու հաղթանակի հիմքերն էին դնում: