Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ, ուրախ եմ Ձեզ ընդունել Երևանում՝ Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձի օրը: Այդ իրադարձությունը մեր պատմության մեջ ունի առանձնահատուկ տեղ, և մեր խնդիրն է՝ 1991 թվականին մեր ժողովրդի միահամուռ կամքով ստեղծված պետականությունը դարձնել հարատև գործոն: Կարծում եմ՝ մեր բոլորի համար միանշանակ է, որ մենք միայն պետականության առկայությամբ է, որ կարող ենք երաշխավորել մեր ժողովրդի զարգացումը:
Իհարկե, Արցախն այսօր մեր համազգային օրակարգի ամենակարևոր խնդիրն է, և ես ուրախ եմ, որ մենք ինչպես նախկինում, այսօր էլ, ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը տարածաշրջանում կայունության, խաղաղության երաշխավորի մեր դերակատարումն իրականացնելու, Արցախի և Հայաստանի բնականոն և թռիչքաձև զարգացումն ապահովելու համար: Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ անգամ և ուրախ եմ կրկին Ձեզ ողջունել»,- նշել է վարչապետ Փաշինյանը:
«Շնորհակալություն մեծարգո վարչապետ, օգտվելով առիթից` ես էլ եմ շնորհավորում բոլորիս: Վստահ և համոզված կարող եմ ասել, որ, այո, հայկական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան ոչ միայն երաշխավորված է, այլ նաև ունենալու ենք զարգացման դինամիկ այնպիսի աճի տեմպեր, որ այն դառնալու է մեր բոլոր հայերի երազանքի երկիրը:
Պարոն վարչապետ, օգտվելով առիթից` ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր հերթական հանդիպման համար: Իմ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում սա արդեն հերթական հանդիպումն է, որովհետև պաշտոնական և ոչ պաշտոնական շատ հանդիպումներ ենք ունեցել, և սա այն վկայությունն է, որ ամենայն գիտակցությամբ և պատասխանատվությամբ ենք մոտենում մեր հայրենիքի ճակատագրին, մանավանդ, որ մեր հիմնական հանդիպումների թեման, առանցքը լինում է մեր անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական բազմաթիվ ծրագրերը: Բայց մենք հասկանում ենք, որ այսօր՝ քաղաքական այս ծանր ժամանակահատվածում, մենք պարտավոր ենք անել առավելագույնը, ավելին քան հնարավոր է, որպեսզի այսօրվա, այս պահի կայուն խաղաղությունը հարատևի:
Պարոն վարչապետ, շնորհակալություն եմ հայտնում հանդիպման համար, նաև ուզում եմ վստահեցնել, որ մեր ամեն մի հանդիպում իր արդյունքն է տալիս, իր պտուղն է տալիս հետագա մեր գործունեության առումով»,- իր հերթին նշել է Արայիկ Հարությունյանը:
Հայաստանի վարչապետն ու Արցախի նյախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: