կարևոր
3703 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-12 15:15
Հասարակություն

Բաշքալեի (Ադամակերտ-Ակունքի խմբագրություն) Սուրբ Բարդուղիմեոսի վանքը կանգնած է ոչնչացման եզրին

Բաշքալեի (Ադամակերտ-Ակունքի խմբագրություն) Սուրբ Բարդուղիմեոսի վանքը կանգնած է ոչնչացման եզրին

Ռոժհաթ ԱԲԻ

Վանի Բաշքալե (Ադամակերտ-Ակունքի խմբագրություն) գավառի Սուրբ Բարդուղիմեոս հայկական վանքը 1990-ական թթ մինչև 2013 թ օգտագործվել է որպես ոստիկանական բաժանմունք։ Գանձագողերի կողմից ավերված վանքն ներկա պահին օգտագործվում է որպես գոմ և հարդանոց։ Չվերականգնված, անուշադրության պատճառով ավերված պատմական վանքն անհետացման վտանգի տակ է։

ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ, ՈՐ ՔՐԻՍՏՈՍԻ 12 ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՑ ՄԵԿՆ ԱՅՍՏԵՂ Է ԹԱՂՎԱԾ

Վանի Բաշքալե գավառի Ալբայրաք գյուղում գտնվող Սուրբ Բարդուղիմեոսի վանքը հիմնադրվել է չորրորդ դարում։ Հավատալիք կա, որ Նոր Կտակարանում հիշատակված վանքում է թաղվել Քրիստոսի 12 աշակերտներից մեկը՝ Սուրբ Բարդուղիմեոսը։

ԿԱՐԵՒՈՐ Է ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հայտնի է, որ Բաշքալե քաղաքից 23 կմ հեռավորության վրա գտնվող վանքը մինչ Առաջին համաշխարհային պատերազմը օգտագործվել է շրջանում բնակվող հայերի կողմից։ Սակայն 1915 թ․ Հայոց ցեղասպանությունից հետո վանքի միաբանությունը բռնի աքսորվել է շրջանից, և վանքը թողնվել է բախտի քմահաճույքին։ Հայ համայնքի համար շատ կարեւոր այս վանքն այսօր ոչնչացման եզրին է։

ՄԻՆՉԵՒ 2012 թ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲԱԺԱՄՈՒՆՔ

Տարիներով բախտի քմահաճույքին թողնված և գանձագողերի կողմից ավերված Բարդուղիմեոսի վանքը 1990 թվից Հատուկ գործողության խմբերի կողմից օգտագործվել է որպես հենակետ: Տարիներ շարունակ սահմանների ներսում գտնվելու պատճառով Ալբայրաքի ոստիկանական բաժանմունքը փակ է եղել։ Մինչև 2013 թ․ որպես ոստիկանական բաժանմունք օգտագործված վանքը փակ լինելու ընթացքում ծանր վնասներ է կրել։ 2013 թ․ ոստիկանական բաժանմունքը նորակառույց շենք տեղափոխելուց հետո պատմական շինությունը բացվել է հանրության առաջ։

ԵՐԿՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԷԼ ՔԱՅԼԵՐ ՉԵՆ ՁԵՌՆԱՐԿԵԼ

Ոստիկանական բաժանմունքը տեղափոխվել է, սակայն դրա հետքերը դեռ մնում են։ Պատմական վանքի դիմաց զինվորների կողմից իրենց դիրքերի համար տեղադրված ավազի պարկեր կան։ Հեռվից ոստիկանական բաժանմունք հիշեցնող պատմական շենքին հասցված վնասն ակնառու է։ Շինության մի մասը փոխանցվել է Մշակույթի նախարարության շրջանային վարչությանը, մի մասն էլ՝ Ազգային կրթության նախարարությանը։ Սակայն պատմական վանքի վիճակը չի փոխվել։ Վանքի մասով որևէ գործողություն չի ձեռնարկվել։

ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ԽՈՍՏՈՒՄԸ ՉՊԱՀՎԵՑ

Խաղաղություն և ժողովրդավարություն կուսակցության (BDP) ազատազրկված նախկին պատգամավոր Քեմալ Աքթաշը 2013 թ․ մայիսին՝ ոստիկանական բաժանմունքի տեղափոխումից հետո, զեկույց է պատրաստել վանքի վերականգնման մասին և այն ներկայացրել ԹԱՄԺ նախագահությանը։ Ձայների մեծամասնությամբ ընդունված զեկույցն ուղարկվել է Վանի նահանգապետարան՝ միջոցներ ձեռնարկելու համար։ Այն ժամանակվա Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն ասել էր, թե սկսելու են վանքի վերականգնման աշխատանքները, սակայն ոչ մի աշխատանք չի կատարվել։ 2015 թ․ ԺԺԿ Վանի նախկին պատգամավոր Օզդալ Ուչերը հարցրել է մշակույթի և զբոսաշրջության օրվա նախարար Օմեր Չելիքին, թե ինչու վանքը չի վերականգնվում։ Սակայն Չելիքը չի արձագանքել Ուչերի միջնորդությանը։

ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԳՈՄ ԵՒ ՀԱՐԴԱՆՈՑ

Թեեւ 10 տարի անցել է, սակայն վանքի վերականգնման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել։ Մինչ Սուրբ Բարդուղիմեոս վանքն օրեցօր ոչնչանում է, Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում դրա պահպանության, ավերումը կանխելու կամ վերականգնելու համար։ Պատմական շենքի օրեցօր ոչնչացմանն Ալբայրաք գյուղի բնակիչները ևս արձագանքում են։ Գյուղացիները պատմել են, որ շրջակա գյուղերի անասունները ժամանակ առ ժամանակ մտնում են վանք, արածում ու վնասում այնտեղի կառույցները, և հայտարարեցին, որ որոշ անասնատերեր վանքն օգտագործել են որպես գոմ կամ հարդանոց։ Գյուղացիներն իրենց անհանգստությունն են արտահայտել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և պահանջել, որ վանքը հնարավորինս շուտ պահպանության տակ առնվի։

ՀՆԱԳԵՏ ՅԻՂԻԹ ՇՐՋԱՆԻ ԳՐԵԹԵ ԲՈԼՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՈՂԲԱԼԻ Է

Վանում բնակվող հետազոտող հնագետ Ռըդվան Յիղիթն ընդգծեց, որ տարածաշրջանի պատմական շինությունների մեծ մասն ավերվել է կառավարության կողմից բավարար աջակցության բացակայության պատճառով։ Նշելով, որ նմանատիպ իրավիճակում հայտնված բազմաթիվ շենքեր կան, Յիղիթն ասաց. «Պետք է իրականացվի պատմական շենքերի նախագծում, դրանց ռելիեֆային ուսումնասիրություն (տարբեր գիտական ​​գործիքների և մեթոդների կիրառմամբ պատմական շինության, երևույթի փաստագրում այնպես, ինչպես այն եղել է ժամակին)։ Այն պետք է անցնի հանձնաժողովներով և դրա համար պետք է բյուջե հատկացվի։ Ինչպես հայտնի է՝ մեր երկրում մշակութային արժեքները, ցավոք, բավարար չեն արժևորվում։ Գիտնականներն էլ դիվանագիտական ընթացակարգերի պատճառով չեն կարող իրենց հասանելիքն անել։ Եվ ամենակարեւորը՝ պետությունն այդ աշխատանքների համար բյուջե չի հատկացնում։ Այսպիսով՝ պատմամշակութային շինություններն այս կերպ օրեցօր ոչնչանում են։ Շրջանի գրեթե բոլոր շինությունների վիճակն անմխիթար է։ Պահպանման և վերականգնման ոչ մի գործընթաց չի սկսվում»։

https://artigercek.com/guncel/baskalede-bulunan-aziz-bartholomeus-manastiri-yok-olmakla-karsi-karsiya-256655h

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

Akunq.net