կարևոր
3436 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-06 20:59
Քաղաքական

Ազգային ուժերն ունենալու են ֆիզիկական գոյության խնդիր՝ Փաշինյանի ստորագրած պայմանագրից. Քրիստինե Վարդանյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝  ո՛չ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ո՛չ  էլ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը որևէ բեկում Արցախում ստեղծված ծանրագույն վիճակում չեն մտցնելու, որովհետև այդ բեկումը պետք է մտցնի Հայաստանի Կառավարությունը, որը, սակայն, դարձել է դրական փոփոխության հիմնական կնճիռը, ավելին՝ Հայաստանի Կառավարությունը մատնված է տոտալ անգործության և  հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է,  վիժեցնում է ցանկացած հայանպաստ գործողություն։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով՝ հայկական կողմը, ի դեմս Փաշինյանի, գնում է ամեն ինչի գնով  սեփական իշխանությունը պահպանելու ճանապարհով, որի համար պատրաստ է կնքել Հայաստանի կապիտուլյացիան։

Դիտարկմանը, թե ըստ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության պայմանագրի տեքստը, ցավոք, պատրաստ չէ, հետևապես՝ ինչպե՞ս է ընդդիմությունն օգտագործում այս ժամանակն այդ պայմանագրի կնքումը կանխելու համար.

«Ինչո՞ւ չի կնքվում կապիտուլյացիան, որովհետև գործ ունենք ոչ թե խաղաղության պայմանագրի, այլ զենքը հայկական կողմի գլխին՝ ադրբեջանական պայմանները կատարելու պահանջի հետ։ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն մաքսիմալիստական  պահանջներ, որոնք ապակայունացնում են նաև տարածաշրջանը, ինչով պայմանավորված էլ՝ ականատես եղանք Իրանի և Ֆրանսիայի կողմից արվող հայտարարություններին։ Այս տարածաշրջանում, բացի հայկական շահը, բախվում են նաև այլ շահեր, որոնց անտեսումն անհնար է, դրա համար էլ պայմանագիր չի կնքվում, թե չէ, Նիկոլ Փաշինյանի տեսակետից՝ ինքը հայկական շահի համար չէ, որ բանակցում է, նա դա անում է  իր և ևս մի քանի հոգու համար անձնական երաշխիքները ստանալու նպատակով»,- ասաց Վարդանյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ Փաշինյանն ու Ալիևը հայտարարությունների մակարդակով գործում են սինքրոն, գործողությունների մակարդակում՝ ևս, ուստի ազգային ուժերը պետք է կանխեն սպասվող կապիտուլյացիան աննախադեպ մոբիլիզացիայի միջոցով։

«Այն, որ ընդդիմությունը մինչև հիմա չի կարողացել ապահովել  աննախադեպ ծավալի մոբիլիզացիա, դա և իշխանության, և ընդդիմության խնդիրն է։ Պետք է դա ուղղել, որովհետև  ազգային ուժերը Փաշինյանի ստորագրած պայմանագրից հետո ունենալու են ֆիզիկական գոյության խնդիր»,- ասաց  Քրիստինե Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։