Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ով էլ գա` նույնն է լինելու»
Ադրբեջանը, ՌԴ-ն, ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով արդեն հայտարարել են, որ Արցախի շուրջ բանակցությունների ողջ ընթացքը փոխվել է Նիկոլ Փաշինյանի մեկ հայտարարության հետևանքով, որով նա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Արցախը:
Նիկոլ Փաշինյանից տարբեր որևէ մեկի դեպքում մենք պարզապես չէինք ունենալու այդ հայտարարությունը:
Անգամ միայն մեկ բառը նախադասության մեջ կարող էր իրավիճակ փոխել: Փաշինյանի հաստատական ձևակերպումը թույլ տվեց Ադրբեջանին հայտարարությունից 5 օր անց` ապրիլի 23-ին ապօրինի անցակետ տեղադրել Լաչինի միջանցքում: Բոլոր բողոքներին որպես պատասխան Ադրբեջանը վկայակոչում էր Փաշինյանի երկիմաստության տեղ չթողնող հայտարարությունը և այդտեղ կապվում էին բոլորի ձեռքերը, ում շահերին ևս վնաս էին նոր պայմանավորվածությունները:
Նախադասության մեջ ոչ թե հաստատական «ճանաչում եմ»-ը այլ «կարող եմ ճանաչել» ձևակերպումը միայն ի վիճակի էր կանխելու այսպիսի զարգացումները և տեղ թողնելու կարգավիճակի հարցի քննարկման համար:
Այս թեմային հանգամանորեն անդրադառնում է Վարդան Օսկանյանը, հետաքրքրվողները կարող են հետևել:
Իհարկե, Փաշինյանն այս ամենը պատահաբար չի արել: Ես պարզապես սա գրում եմ ցույց տալու համար, որ մեկ բառը հաճախ նման մակարդակի բանակցություններում իրավիճակ է փոխում, իսկ բանակցողի փոփոխությունն ինքնին` ստեղծում է նոր իրավիճակ:
Արցախում կարճ ժամանակ է, որ փոխվել է քաղաքական էլիտա, ով ունի կարմիր գծեր: Այդ գծերը պահպանվում և արտացոլվում են ինչպես բանակցություններում այնպես էլ պայմանավորվածություններում ու արդյունքները (դեռևս փոքր, բայց կարևոր) երևում են անմիջապես:
3 տարի շարունակ միայն Ադրբեջանն է մեր համար խնդիրներ ստեղծել: Հիմա արդեն Ադրբեջանի համար է խնդիր դարձել ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելն արդարացնելը:
Եթե ընդամենը երկու ամիս առաջ քննարկեինք Արցախում բանակցողների փոփոխության հարցը, այժմ պատասխանատու դիրք զբաղեցնողներից որպես տարբերակ գուցե անգամ չդիտարկվեին: Բայց եղավ, ստացվեց, մարդիկ չխուսափեցին պատասխանատվությունից ու հիմա ծանր բեռը ուսերին առաջ են քայլում:
Հայաստանում էլ այդ հնարավորությունները կան: Միշտ են եղել, դրանցից մի քանիսն առաջարկվել է հանրայնորեն, այդ պահին չի ստացվել ունենալ տվյալ տեսակետի շուրջ անհրաժեշտ մոբիլիզացիա, որպեսզի տարբերակն իրականություն դառնա: Բայց այդ տարբերակները և այլ` դեռևս լայնորեն չքննարկվածները կան: Ու անկախ մեր վիճակի ճգնաժամային լինելու աստիճանից` այդ տարբերակները կարող են բեկում մտցնել իրավիճակում:
Քրիստինե Վարդանյան
ՀՅԴ անդամ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր