կարևոր
2638 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-30 14:16
Հասարակություն

Մուրադ Մըխչը․ «Պոլսահայ համայնքի ակտիվիստը միաժամանակ ե՛ւ էլեկտրիկ է, ե՛ւ թարգմանիչ, ե՛ւ հրապարակախոս, ե՛ւ քաղաքական գործիչ․․․»

Մուրադ Մըխչը․ «Պոլսահայ համայնքի ակտիվիստը միաժամանակ ե՛ւ էլեկտրիկ է, ե՛ւ թարգմանիչ, ե՛ւ հրապարակախոս, ե՛ւ քաղաքական գործիչ․․․»

Երեկ՝ հունիսի 29-ին, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում կազմակերպվեց հանդիպում առաջին անգամ Հայաստանում գտնվող պոլսահայ մտավորական Մուրադ Մըխչըի հետ։

Մուրադ Մըխչըն անդրադարձավ Թուրքիայի հայության ներկայիս խնդիրներին և մարտահրավերներին։ Նա մասնավորապես շեշտեց այն ցավալի փաստը, որ Թուրքիայի վարած քաղաքականության հետևանքով ստիպված է խոսել թուրքերեն, քանի որ թեև որոշ չափով տիրապետում է իր մայրենիին, սակայն՝ ոչ նման բովանդակությամբ բանախոսությամբ հանդես գալու աստիճանի։

Նա ընդգծեց, որ Թուրքիայի հայ համայնքի ակտիվիստների թիվը, ցավոք սրտի, վերջին տարիներին հետզհետե նվազում է։ Նրանց մի մասը Էրդողանի վարած քաղաքականության պատճառով հարկադրված է եղել լքել Թուրքիան։ Եւ այդ պարագայում Թուրքիայում մնացած այլ գործիչների պարտականություններն ավելանում են։  

Մուրադ Մըխչըն նաև արձանագրեց, որ պոլսահայ համայնքի ակտիվ ներկայացուցիչները շատ հաճախ հարկադրված են լինում միաժամանակ տարբեր գործունեություն ծավալել, որպեսզի կարողանան լուծել համայնքի առջև ծառացած որոշ խնդիրներ։

Այսպես, օրինակ, հենց ինքը ունենալով տեխնիկական կրթություն, այնուամենայնիվ ստիպված է զբաղվել թե՛ քաղաքականությամբ, թե՛ թարգմանչական գործով, թե՛ հոդվածներ և գրքեր հրապարակելով։ Դրա պատճառներից մեկը, ըստ նրա, համայնքում նման հարցերով զբաղվել ցանկացող կամ կարող մարդկանց պակասն է։

Մուրադ Մըխչըն անդրադարձավ նաև Թուրքիայում հայկական հիմնադրամների ընտրությունների, մայրենի լեզվով կրթության, այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ ընդհանուր պայքարի թեմաներին։

Հարցուպատասխանի ընթացքում ծավալվեց հետաքրքիր քննարկում հիշյալ թեմաներով, և ներկաները իրենց հուզող հարցերին սպառիչ պատասխաններ ստացան։

Հիշեցնենք, որ Մուրադ Մըխչըն ծնվել է 1975 թ․, Ստամբուլում, Կոնիայից Կ․Պոլիս տեղափոխված հայկական ընտանիքում։ Նա 2010 թ․ եղել է Հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության խորհրդի անդամ։ 2014 թ․ ստանձնել է Ստամբուլում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (Halkların Demokratik Partisi / HDP) նահանգային վարչության մամլո խոսնակի պարտականությունները։ 2015 թ․ հունիսի 7-ին և նոյեմբերի 1-ին կազմակերպված ընտրությունների ժամանակ Մըխչըն Ստամբուլից պատգամավոր է առաջադրվել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից։  2016 և 2017 թթ․ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 2 համագումարներում ստանձնել է կուսակցական խորհրդի և կենտրոնական գործադիր խորհրդի անդամի պաշտոնները։  Նրա հոդվածները հրապարակվել են և շարունակում են տպագրվել «Թուրնուսոլ», «Ակօս», «Դեմոկրատ Հաբեր», «Արթըգերչեք» պարբերականներում։ Նա հեղինակել է «Վերակառուցիր» վերնագրով գիրքը։

Մելինե Անումյան

Akunq.net