կարևոր
3427 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-09 09:41
Քաղաքական

ՔՊ-ում սպասում են Փաշինյանի վերադարձին. Նրանք վախեցած են․ «Ժողովուրդ»

ՔՊ-ում սպասում են Փաշինյանի վերադարձին. Նրանք վախեցած են․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության լինելիության հարցն է քննարկում Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում, Մոսկվայում եւ, գուցե, նաեւ Բրյուսելում, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը շարունակում է մնալ պասիվ դիտորդ: ԱԺ իշխանական 71 պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, խորը անտեղյակության մեջ է:

1-2 հոգի են որոշակի տեղեկության տիրապետում, թե Նիկոլ Փաշինյանն ինչեր է քննարկում Հայաստանի Հանրապետության մասին: Արցախի Հանրապետության հարցը վաղուց փակված է ՔՊ-ականների համար: ՔՊ-ում հույս ունեն, որ Փաշինյանը Մոսկվայից վերադառնալուց հետո կհանդիպի իրենց եւ կլուսավորի՝ ինչ է կատարվում:

Բանն այն է, որ ՔՊ-ում վաշինգտոնյան բանակցություններից հետո դեռ չեն էլ հասցրել հանդիպել Փաշինյանի հետ, չեն քննարկել արդյունքները, տեղյակ չեն՝ մի քանի օր շարունակ ինչ են բանակցել ԱՄՆ-ում Միրզոյանը եւ Բայրամովը, միայն ԱԺ հարցուպատասխանի ժամանակ են որոշ կցկտուր բաներ լսել Փաշինյանի կողմից:

Արեւմտյան մամուլը գրում է, որ մայիսի 14-ին նոր բանակցություն է սպասվում արդեն Փաշինյանի ու Ալիեւի մասնակցությամբ, այս անգամ էլ՝ Բրյուսելում: Հիմա ՔՊ-ում շունչները պահած սպասում են Փաշինյանին, որը մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար մեկնել է Մոսկվա:

Փաշինյանի վերադարձից հետո՝ մինչ նրա՝ Բրյուսել մեկնելը, ՔՊ-ականները կհավաքվեն, որպեսզի Փաշինյանից տեղեկանան վաշինգտոնյան բանակցությունների մասին եւ հասկանան՝ ինչ օրակարգով է նա մեկնում Բրյուսել՝ Ալիեւի հետ հանդիպման:

Մի բան հստակ է. ՔՊ-ականները վախեցած են եւ միայն թաքուն հույս են փայփայում, որ Փաշինյանը հերթական անգամ նոր փաստաթուղթ չի ստորագրի ինքնագլուխ, որի տակից հետո ամբողջ խմբակցությունով չեն կարողանա դուրս գալ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում