կարևոր
5356 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-19 23:41
Քաղաքական Արցախ

Վիճակը բավականին ծանր է․ առանց Մայր Հայաստանի շատ դժվար է դիմակայել և չի բացառվում, որ վատթարագույն զարգացումներ կարող են լինել․ Արցախի ԱԺ պատգամավոր

Վիճակը բավականին ծանր է․ առանց Մայր Հայաստանի շատ դժվար է դիմակայել և չի բացառվում, որ վատթարագույն զարգացումներ կարող են լինել․ Արցախի ԱԺ պատգամավոր

ՀՀ իշխանությունների գործելաոճը ռուս խաղաղապահների նկատմամբ ոչ այլ ինչ է, եթե ոչ սադրանք։ Նրանք ամեն ինչ անում են, որ Արցախը զրկեն սնուցող միակ խողովակից։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։

«Իմ տպավորությամբ՝ ադրբեջանցիների հետ համաձայնեցված գործողություններ են իրականացվում, որը տանելու է էսկալացիայի։ Որևէ կերպ հնարավոր չի հասկանալ, թե ինչու չեն կրակում Տեղ գյուղի մոտակայքում դիրքավորված ադրբեջանցիների վրա, ինչու են թույլ տալիս, որ ադրբեջանական դրոշներ ծածանվեն ՀՀ տարածքում․․․ Ես շատ ուրախ կլինեմ, եթե ՀՀ իշխանությունները թույլ չտան, որ որևէ ադրբեջանցի ոտքը թեկուզ մեկ սմ առաջ դնի Հայաստանի տարածքում»,-ասում է Մոսիյանն ու հռետորական հարց տալիս՝ ինչո՞ւ չեն վերացնում նաև Հայաստան ներխուժած թշնամու զինվորին, այլ ՀՀ-ում, Արցախում կատարվողի մեջ միայն ՌԴ-ին են մեղադրում։

Արցախցի պատգամավորի կարծիքով՝ Արևմուտքն ու Թուրքիան Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել այն նպատակով, որ տարածաշրջանից հեռացնեն Ռուսաստանին։ Դա իրագործել, ըստ մեր զրուցակցի, չի հաջողվելու, բայց միևնույն ժամանակ շատ թանկ է նստելու Հայաստանի ու Արցախի վրա։

«Փաշինյանն ամեն ինչ անում է՝ միայն թե կատարի իր տերերի հրահանգը և հաճոյանա թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ռուսաստանը շատ ցավոտ ձևով է հակազդելու այս ամեն ինչին։ Դարձյալ ամենաշատը տուժելու ենք մենք՝ Հայաստանն ու Արցախը։ Շատ հնարավոր է, որ էլի տարածքային կորուստներ ունենանք, անգամ կարող է պետականությունը կորցնենք»,-նշում է Մոսիյանը։

Պատգամավորը խիստ թերահավատ է, որ ստեղծված իրավիճակում Արցախը նոր աղետից կստացվի հեռու պահել։

«Առանց մայր Հայաստանի շատ դժվար է դիմակայել։ Կրկնակի դժվար է, երբ թրքահաճո իշխանություններ են այնտեղ․․․ Հումանիտար վիճակն Արցախում արդեն բավականին սրվել է։ Քանի օր է՝ ոչ սնունդ է մտնում, ոչ վառելիք, ոչ հիվանդներին են կարողանում տեղափոխել․․․ Խանութներում անգամ կտրոնով նախատեսված ապրանքներն են սպառվել․․․Ծանր է, իրոք, վիճակը», -ահազանգում է Արցախի ԱԺ պատգամավորը։

Ադրբեջանին որևէ որոշումով, քաղաքական ճնշումով Արցախը խեղդելու ճանապարհից հետ պահել, մեր զրուցակցի համոզմամբ, արդեն անիրատեսական է։ Մատնանշելով Հաագայի դատարանի փետրվարի 22-ի որոշումը՝ Մոսիյանը նկատում է՝ չկա որևէ երաշխիք, որ թեկուզ նման բարձր ատյանի մեկ այլ որոշում կամ այլ միջազգային կառույցների որոշում Ադրբեջանը հարգելու է։ Ըստ նրա՝ իրավիճակը փոխելու միակ ճանապարհը մնացել է ուժայինը՝ զուգահեռաբար շատ լավ մշակված դիվանագիտական քայլեր անելով։