կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-29 12:07
Իրավական

Հայաստանը վատթարագույն վիճակում չէ. նախարարը` ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի վճիռների մասին

Հայաստանը վատթարագույն վիճակում չէ. նախարարը`  ընդդեմ Հայաստանի ՄԻԵԴ-ի վճիռների մասին

Այսօր լրագրողները ՀՀ արդարադատության նախարարից հետաքրքրվեցին` արդյո՞ք մտահոգիչ չէ այն, որ, պաշտոնական տվյալներով, մեկ ամսվա ընթացքում Հայաստանի տարբեր ՔԿՀ-ներում  ինքնասպանության 4 դեպք է գրանցվել:

«Նախ` հավաստիացնում եմ ձեզ, որ պաշտոնական տեղեկատվությունը ոչ պաշտոնականից ոչնչով չի տարբերվում: Իհարկե, մտահոգիչ է ՔԿՀ-ներում այդ փաստերի արձանագրումը, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքի հետ կապված պետք է քննություն անցկացվի: Ոչ կոռեկտ և ոչ պրոֆեսիոնալ կլինի բոլոր դեպքերը համահարթեցման սկզբունքով դիտարկել և բոլոր դեպքերի հետ կապված միևնույն մեկնաբանությունը տալ»,- ասաց նախարարը:

Անդրադառնալով այն հարցին, թե մտահոգիչ չէ՞, որ վերջերս ՄԻԵԴ-ի կողմից մեկ օրում ընդդեմ Հայաստանի երեք վճիռ է կայացվել, նա ասաց. «Բնականաբար, բոլոր պետություններն էլ ձգտում են, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից իրենց երկրի դեմ որոշումներ կամ վճիռներ չլինեն: Սակայն, այս առումով, Հայաստանը վատթարագույն վիճակում չէ: Բնականաբար, կատարվում են սխալներ, և այդ սխալներից հետո պետք է քայլեր իրականացվեն: Բնականաբար, և’ վերլուծություն է իրականացվում, և’ օրենսդրական բարեփոխումներ, քանի որ Եվրոպական դատարանի ցանկացած որոշում սկզբունքորեն հիմք է, որպեսզի վերլուծվի, թե պետության բացը օրենսդրակա՞ն մակարդակում է եղել, թե՞ օրենքի կիրառման արդյունքում և այլն: Դրա համար յուրաքանչյուր կոնկրետ գործով պետք է քայլերի հաջորդականություն ունենանք»: