կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 14:14
Քաղաքական

Առաջարկվող սահմանադրական փոփոխությունները վատթարագույն տարբերակն են. քաղաքագետ

Առաջարկվող սահմանադրական փոփոխությունները վատթարագույն տարբերակն են. քաղաքագետ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով` նախագահն իր հայտարարությամբ ուզում է ասել, թե ինքն անաչառ է լինելու սահմանադրական փոփոխությունների առաջարկվող փաթեթի նկատմամբ: «Բայց այդպե՞ս կլինի, թե՞ ոչ: Ոչ... Վաղը կարող է ասել' հանգամանքները փոխվել են, մտածելակերպս փոխել եմ, օրինակ»,- անդրադառնալով նախագահի հայտարարությանը' թե ինքը ապագայում չի պատրաստվում նախագահ կամ վարչապետ լինել, Yerkir.am-ին ասաց նա:

 

Առաջարկվող փոփոխությունները, ըստ քաղաքագետի, վատթարագույն տարբերակն են, քանի որ, նրա դիտարկմամբ, Հայաստանը պետք լինի կա'մ ուժեղ նախագահական, կա'մ խորհրդարանական մոդելներով: Լևոն Շիրինյանն անձամբ համարում է, որ խորհրդարանական մոդելը ճիշտ չէ Հայաստանի համար, որովհետև Հայաստանում  կուսակցությունները տևականորեն չեն կայանում:

 

«Իսկ երբ չկա կուսակցություն կամ կուսակցություններ, ուժերի քաղաքական ղեկավարությունն օլիգարխանում է, այդտեղ, ուրեմն, ոչ մի լավ բան չի ստացվելու»,- իր տեսակետը պարզաբանեց քաղաքագետը:

 

Նա նշեց նաև, որ Հայաստանում հիմա քաղաքական խոր ճգնաժամ է, ինչքան էլ ղեկավարությունը դա չխոստովանի, իսկ վերջին մի քանի օրերի բուռն քաղաքական իրադարձությունները կապված են ավտորիտար ռեժիմի զարգացման ուղիներ որոնելու հետ:

 

«Հայաստանում նախագահը սահմանադրորեն ունի լիազորություններ, նախագահի ձեռքին կուտակված է իշխանության լծակային մասը' ուժային, ֆինանսական և այլ լծակներ, իսկ վարչապետը պատասխանատու է ամեն ինչի համար և լիազորություններ չունի: Սա մի պարագայում ձեռնտու է նախագահին, երբ նա իր քաղաքականության մեջ ձախողվում է, կազմակերպում է արտահոսքեր, իշխանության վարչապետական թևի քննարկումներ, հազար ու մի բան, իսկ այդ բամբասանքներն ու մանիպուլյացիաները, դժբախտաբար, կան Հայաստանում, որից հետո նախ վարչապետը մեկուսանում է, չունի լիազորություններ, մտնում է փակուղի, որից հետո նրան ազատում են պաշտոնից' այս կամ այն կերպ, եւ նախագահը մնում է չոր' առանց պատասխանատվություն կրելու»,- նշեց Լևոն Շիրինյանը' հավելելով, թե Հայաստանում ծավալվող պրոցեսները փակուղին միայն ուժեղացնում են' չառաջարկելով արմատական լուծումներ:

 

Նույնիսկ ՍԴ որոշումները, ըստ քաղաքագետի, լուծումներ չեն առաջարկում, քանի որ Հայաստանում ՍԴ-ն հազար ու մի թելերով կապված է գործադիր իշխանության հետ, և մեր  Սահմանադրական դատարանը քաոս առաջացնելու մարմին է: Վարչապետի փոփոխությունը նույնպես լուծում չէ, ինչպես նշեց Շիրինյանը, այլ ընդամենը օլիգարխիայի կողմից իշխանությունը մի թևից մյուսին փոխանցելու երևույթ: